Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևի հետ: Դեռևս նախորդ օրը Ալեքսանյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում մկանային վնասվածք էր ստացել: Գոտեմարտի մեկնարկում վնասվածքը զգացնել տվեց: Ալեքսանյանն ի վերջո զիջեց 5:1 հաշվով և դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի եռակի և Եվրոպայի առաջնության հնգակի հաղթող է:
Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։