«Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը: Եվ երբ հետ եք դառնում դեպի 60-ական թվականները՝ ճանաչելու, թե ով էր էդ հիմնադիր վարպետը-ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով: Չգիտեք՝ նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա…»:
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հայ նոր պատմավիպագրության հիմնադիրը, որ ծնվել էր Պոլսում, ուսանել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում: Ասել է թե՝ կոչված էր հոգեւորական դառնալու: Սակայն չի լինում այդպես. հրաժարվում է հոգեւոր կոչում ստանալուց եւ վերադառնալով ծննդավայր՝ զբաղվում ազգային-լուսավորչական գործունեությամբ: Ապա այցելում է Արեւելյան Հայաստան, դրան հաջորդում է ուսումնառությունը Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ավարտում է նաեւ Պիզայի համալսարանը:
1853 թ. Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալում է բժշկական կրթությամբ երիտասարդին, քանի որ արտաքինով չափազանց նման էր իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Մաձձինիին:
Սկսած 1860-ական թվականներից՝ Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) հետաքրքրվում է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնում Կիլիկիա մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց ստեղծելու ծրագրերով: Սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով՝ վերադառնում է եւ աշխատանքի անցնում որպես բժիշկ: Այստեղ եւս հանգիստ չի գտնում՝ ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետեւանքով հիվանդանոցի տնօրեն Տատյանը նրան հեռացնում է աշխատանքից: Իսկ կինն արդեն մահացել էր՝ իր հոգածությանը թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն: Ենթարկվելով նոր հալածանքների՝ մեկնում է թուրքական աքսորավայր համարվող Կիպրոս կղզի եւ մի կարճ ժամանակ բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատում: Այնուհետեւ ճակատագիրը տառապյալ հորը եւ դստերը հասցնում է Թիֆլիս…Դասավանդում է Ներսիսյան դպրոցում, այդ ընթացքում հայրենակիցներին որպես Հիպոկրատի երդվյալ օգտակար լինելու առաքելությամբ լինում է Վանում, Ալաշկերտում, Բասենում, այլուր:
Այսպիսին է մեծավաստակ գրողի կյանքի ոդիսականը: Թվում է, թե ստեղծագործելու համար ժամանակ իսկ չի ունեցել: Այդուհանդերձ, ի վերուստ տրված տաղանդը հորդելու էր մեծարժեք վեպերի տեսքով՝ «Թորոս Լեւոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի»: Առաջինում Կիլիկիայի պատմական իրադարձություններն են, հայ ֆեոդալների կենտրոնախույս ու պառակտիչ նկրտումների սուր ձաղկումը, ժողովրդի միասնության գաղափարը: Երկրորդում՝ պայքարը արաբական խալիֆայության դեմ՝ «ժողովրդի մարդու»՝ Խութեցի Հովնանի գլխավորությամբ: Երրորդում արտահայտված են հեղինակի մոտեցումները՝ կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետականության անկման հետ: Իրադարձությունները 7-րդ դարի են: Ներկայացնելով Բյուզանդիայի եւ Պարսից պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի աղետալի վիճակը՝ հեղինակը կոչ է անում ժողովրդին պայքարի դուրս գալ ընդդեմ բռնակալների: Սրբազան կոչ, որը երբեւէ չի կորցրել իր արդիականությունը:
Գրողի ծննդյան օրվա առիթով ասված մեր խոսքն ամփոփենք՝ կրկին դիմելով Մեծն լոռեցուն. «Եվ թող օրհնած լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք եւ շունչ տալուց հետո էլ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու մարդկանց ու ժողովուրդներին:
…Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք նրան հիշելով՝ նրանով բարձրանալու…
Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը…»: