Մեր օրերում աֆորիզմների բազմաբնույթ ժողովածուներ են հրատարակվում, գրքեր, որոնք դասավորված են ըստ թեմաների՝ ասելիքի փիլիսոփայական ընդգրկման սահմանները զատելու նպատակով եւ, որը գլխավորն է, դյուրացնելու ընթերցողի որոնումները «իմաստնության այդ գանձարանում»:
Ի՞նչն է շատերին դրդում դիմելու աֆորիզմներին: Նախ՝ ավելի տպավորիչ դարձնելու ասելիքի իմաստը, մի որեւէ քանքարավորի իմացական թուրմով հաստատելու ի՛ր իսկ ճշմարտությունը, կապել տարբեր ժամանակաշրջանները, հավերժության պատրանք ստեղծել… Քաջ հայտնի է, որ շատ երեւելիներ ո՛չ թե ասույթներ են գրել, այլ հետագայում նրանց տեքստերից հրատարակիչներն առանձնացրել են տողեր, ինչպես, ասենք, Շեքսպիրի, Դոստոեւսկու, Թումանյանի եւ բազում մեծերի պարագայում:
Իսկ եթե ոչ հռչակավորն է գրո՞ւմ՝ հակիրճ, դիպուկ, հավակնությամբ, որ ինքն էլ կարող է ժանրի շրջանակում համախոհներ ունենալ, իսկ վերջիններս ժամանակի բարոյական հրատապ խնդիրների ձեւակերպումներ են ակնկալում: Եվ, կարծում եմ, արձագանքս բանաստեղծական մի քանի ժողովածուների հեղինակ Ագնեսի «Աֆորիզմներ» գրքին, որը լույս է տեսել այս տարի, վերոնշյալ մտածումներից է բխում:
Արդի մարդու համար հոգեբանական եւ բարոյական երկփեղկվածությունն իրոք դարձել է անխուսափելի. կացութաձեւեր են փոխվել, նորագույն տեխնոլոգիաներ են մտել կյանք, ֆինանսական փոխհարաբերություններն են բարդացել, իսկ նա դեռեւս չի կարողանում ձուլվել նորին, հատկապես՝ ավագ սերունդը: Ահա եւ Ագնեսի նկատումը. «Հին գինին նոր կժերի մեջ չի տեղավորվում. անհամատեղելիության հարց կա: Նույն երեւույթը կյանքում է. եկող սերնդի համար անհասկանալի այբուբեն է ծերերի մտածելակերպը»: Նրանք ինչպե՞ս անցյալի ձգողությունը հաղթահարեն, եւ դա հնարավո՞ր է արդյոք: Ագնեսը այսպես է տեսնում. «Անցյալն ապրում է ապագայի մեջ եւ միշտ է տաճարի զանգի պես հիշեցնում իր մասին անգամ խաղաղ պահերին, երբ քամի չկա»: Եվ քանի որ «ավերակների փոշին նստում է բոլոր գույների վրա», հիշողությունը, նաեւ պատմական, ինքն է մաքրում խունացած գույները, մինչեւ պսպղացնի այս կամ այն առիթով:
Մենք, թերեւս, քիչ բան ասած կլինեինք Ագնեսի ասույթների կամ մտքերի մասին, եթե հայերիս համար ճակատագրական այս օրերին առաջին հերթին չգուրգուրեինք մեր հայրենիքը՝ սրբություն սրբոցը: Քաղաքական անհեռատեսության հետեւանքով երկիր կորցրած մեր պապերը, իրոք, դարձան «երկկողմանի որբ», նրանց վերքերն ամոքվում էին առաջին հանրապետության հաստատմամբ, շարունակվում հաջորդ հարյուր տարվա ընթացքում: Ագնեսն այս կենսափորձից եւ տրամաբանությունից ելնելով էլ գրում է. «Յուրաքանչյուր հայրենիք աստվածային է… Այնտեղ սրբանում, մաքրվում է ամեն ինչ. խճաքարն անգամ լեռ է թվում»: Այստեղ կա եւ՛ ցավ, եւ՛ պատգամ, ինչը բանաստեղծուհու մտածողությունից եւ ներաշխարհից է բխում, եւ անպայման ունի իր հասցեատերերը…
Գալով աֆորիզմների գրքերի առատությանը, ուզում եմ մի նկատառում անել. այս ժանրը դուրս է գալիս իր նախնական շրջանակից՝ ինքնուրույնության իրավունք վերապահելով իրեն:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ