-1794 թ. հոկտեմբերի 14-ին հիմնադրվեց «Ազդարար» թերթը՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմամշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական։ Հայկական առաջին եւ Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է: «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչեւ 1796 թ. մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ), յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով:
-1926 թ. հոկտեմբերի 14-ին Լոնդոնում լույս տեսավ Ալան Միլնի «Վինի Թուխ» գրքույկը:
-1964 թ. հոկտեմբերի 14-ին Լեոնիդ Բրեժնեւը դարձավ Սովետական Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը:
-1981 թ. հոկտեմբերի 14-ին Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվում է Եգիպտոսի նախագահ:
-1905 թ. հոկտեմբերի 14-ին ստեղծվեց Միջազգային ավիացիոն ֆեդերացիան:
-1960 թ. հոկտեմբերի 14-ին մահացել է Աբրամ Իոֆեն՝ խորհրդային մեծ գիտնական (ծնվ.՝ 1880 թ.):
-1967 թ. հոկտեմբերի 14-ին մահացել է Ստեփան Զորյանը՝ հայ գրող, արձակագիր (ծնվ.՝ 1889 թ.): 1909 թ. «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին՝ «Քաղցածները» պատմվածքը, 1918-ին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որն արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին:
-1990 թ. հոկտեմբերի 14-ին մահացել է Լեոնարդ Բերնսթայնը՝ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտություն ուսուցանող, դիրիժոր։ Նրա ստեղծագործություններից են «Կանդիդ» (1956) օպերետը, «Վեսթսայդյան պատմություն» (1957) մյուզիքլը, «Պատարագը» (1971) եւ այլն։ Առաջին ամերիկացի դիրիժորն է, ով միջազգային ճանաչում է ստացել։ Ըստ «Նյու Յորք թայմս» պարբերականի արվեստաբան, քննադատ Դոնալ Հենահանի՝ Բերնսթայնը «ամերիկյան պատմության մեջ ամենատաղանդավոր եւ հաջողակ երաժիշտներից մեկն է»:
-2006 թ. հոկտեմբերի 14-ին Կալինինգրադ քաղաքում օծվեց Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին: Սուրբ Ստեփանոս եկեղեցու ճարտարապետն է Ռուբեն Ազատյանը։ Շինարարությունը ֆինանսավորել են տեղի հայկական համայնքը, Ռուսաստանի հայերի միության շրջանային բաժինը եւ տարբեր բարեգործական կազմակերպություններ: Տաճարի բարձրությունը 21 մետր է, մակերեսը՝ 280 քառ. մ, ինչը թույլ է տալիս միաժամանակ ընդունել 200 հոգու։ Դասական հայկական ոճ ունեցող եկեղեցու պատերին, որոնք երեսպատված են դեռեւս քաղաքում չօգտագործված Հայաստանից բերված վարդագույն տուֆով, հարթաքանդակներ են, որոնք ստեղծել են հայաստանցի վարպետները: