Լույս է տեսել Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» մենագրությունը՝ 150 էջ ծավալով, 16 էջ գունավոր լուսանկարներով: Այն հեղինակի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունը իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք:
Գրքում ներկայացվում է Արցախի էներգետիկայի պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ՝ կապված Արցախի էներգետիկայի տարբեր ճյուղերի զարգացման հետ: Գրքում տեղ է գտել նաեւ Արցախի գազամատակարարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն: Տրվում են նաեւ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարները:
Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը: Տպագրվել է այդ ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ: Գրախոսներ` տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան եւ տ. գ. թ. Հայկ Մարկոսյան:
Գրքից տեղեկանում ենք նաեւ, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործման մեջ էին 27 հիդրոէլեկտրակայան, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա:
Ներկայումս գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում են մնացել վեց ՀԷԿ՝ Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն՝ 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Լաչինի տարածքով:
«Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ գիտականորեն հիմնավորված ծրագիր` հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ»,- առաջարկում է հեղինակը: Օրինակ՝ 72-րդ էջում Ս. Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն:
Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ բնագավառի մասնագետների համար:
Ս. Պապիկյանը հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություն, որոնք առնչվում են ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգերին, գազատուրբինային կայանքներին, ՋԷԿ-երին եւ ԱԷԿ-ներին, ՀԷԿ-երին, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաեւ էներգետիկայի պատմության հարցերին: Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թ. ԱՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:
Հարկ է նշել, որ Արցախում մինչեւ 1920 թ. շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն Շուշի քաղաքի մոտ էր: Ցանկալի կլիներ, որ գիրքը սեղմագրի ձեւով հրատարակվեր նաեւ այլ լեզուներով: Ստեփան Պապիկյանի անձնական արխիվում կուտակվել են բազմաթիվ արխիվային նյութեր: Նա մեծ ծառայություններ ունի հատկապես Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: Հետեւաբար՝ կարելի է գրել վավերագրական ֆիլմի սցենար եւ այն ներկայացնել պատշաճ մակարդակով: «Արցախի էներգետիկան» վերտառությամբ վավերագրական ֆիլմի ստեղծումը տարբեր լեզուներով հնարավորություն կտա Արցախը ներկայացնել միջազգային մակարդակով: Գուցե կգտնվեն գործարար մարդիկ, ովքեր կֆինանսավորեն գաղափարը կյանքի կոչելուն: