«Անհրաժեշտ է շնորհել նրան գեներալի արժանի կոչումը, ու թող Աստծո օգնությամբ տնօրինի ռազմական նախարարությունը։ Նա տաքարյուն է, կոշտ ու հայհոյող, հայերենից բացի փայլուն տիրապետում է նաեւ հրամանատարական լեզվին»:
Ալեքսանդր Խատիսյան
Իսկ հրամանատարական լեզվին նա հիանալի էր տիրապետում, նա` այդ բացառիկ, արտասովոր ունակություններով օժտված, ծագումով ազնվական ռազմական գործիչը, որին երկու նախադասությամբ դիպուկ նկարագրում է Խատիսյանը, Քրիստափոր Գերասիմի (Կարապետի) Արարատյանն է։ Հայրը ազնվական էր, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ , որի հետքերով էլ գնաց որդին` ընտրելով ռազմական գործը։
Քրիստափորը ծնվել է 1876 թ. հունիսի 18-ին` Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում, սովորել է Թիֆլիսի կադետային կորպուսում, ավարտել ենթասպայի կոչումով։ Այնուհետեւ` հոր պնդմամբ, Քրիստափորն ընդունվում է Պետերբուրգի Միխայլովյան հրետանու դպրոց. ավարտում է 1896 թ. օգոստոսի 12-ին` ճանաչվելով լավագույն երեք ուսանողներից մեկը, ստանում պոդպորուչիկի կոչում ու հետագա ծառայության վայր ընտրելու իրավունք։ Արարատյանն ընտրում է Կովկասյան նռնակաձգային հրետանու բրիգադը` տեղեկայված Թիֆլիսից ոչ հեռու` Կոջորում, 1899 թ. հուլիսի 27-ին` պորուչիկի կոչումով։ Ճակատագրի բերումով մասնակցել է մի շարք պատերազմների ու վճռական մարտերի, այդ թվում` ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային, հայ-թուրքական, հայ-վրացական եւ, ինչպես հատուկ է հայ ռազմական գործիչներին, ովքեր թշնամու մի քանի անգամ գերազանցող ուժերի ու համալրված տեխնիկայի դեմ դուրս են եկել սակավաթիվ մարտիկներով, հմտորեն գործի է դրել նաեւ խելքն ու հնարամտությունը եւ դրանով իսկ ապահովել անհնարին թվացող հաղթական ելք։
Հիշարժան է Սարդարապատի մի դրվագ, երբ Արարատյանը հրետանու հրամանատար էր. նրա ղեկավարած ստորաբաժանումը գերի է վերցնում թուրք ու գերմանացի զինվորների մի ամբողջ վաշտ։ Սիգապանծ նժույգի վրա մոտենալով գերեվարված վաշտին ու, լսելով վաշտի հրամանատարի զեկույցը կազմի մասին, հրամայել է շրջվել, կրակ բացել թուրքերի ուղղությամբ։ Վաշտը անվարան կատարել է հրամանը` միանալով հայկական ստորաբաժանումներին։ Մաքուր գերմաներենով հստակ ու համոզիչ հնչած հրամանը կասկածի տեղիք չի տվել յուրայինների վրա կրակ բացելու խարդավանքին։ Այդ առնչությամբ ոչ պակաս ուշագրավ է թուրքական 9-րդ հետեւակային բրիգադի հրամանատարի նամակը վերադասին. «Ձերդ գերազանցությո՛ւն, պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնելու հետեւյալի մասին. Բաշ-Ապարանում երկու օր առաջ սկսած հարձակումն ի սկզբանե հաջող չէր, քանի որ գյավուրներն այնտեղ հավաքել էին զգալի ուժեր… Ավելին, հայերն ունեին փայլուն լեռնային հրետանու ուժեր, ես չգիտեմ` ով է հրամանատարը, բայց նրանք կրակում էին անվրեպ։ Նա, Ալլահի կողմից անիծվածը, վերացրեց մեր հրետանին ու մի շարք ծանր տեխնիկա, ինչպես նաեւ լուրջ վնաս հասցրեց մեր հետեւազորին»: Հայերն առգրավեցին հակառակորդի 12 հրանոթ, որով էլ գերմանացիները կրակ էին բացել թուրքերի վրա։
Սարդարապատի հերոսամարտում պարտություն կրած թուրքերի մտքով չէր էլ անցնում, որ իրենց դեմ ո՛չ մեծաքանակ, ո՛չ էլ մինչեւ ատամները զինված զորք է կռվել, այլ մարտի ընթացքում անընդհատ մանեւրելով, արագ փոփոխվող դիրքերից կրակ թափելով` քանակական գերազանցության պատրանք էր ստեղծվել, որից սարսափել էին թուրքերը. այնուամենայնիվ, նրանք մի բանում չէին սխալվում` հրամանատարը հրաշալի էր տիրապետում ռազմական գործին, ով արդեն իսկ կոփվել էր 1905 թ. ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային պատերազմներում եւ վաստակել բազմաթիվ` անվանական թրերով ու ժապավեններով մեդալներ։ Արժե հիշատակել հատկապես այն դրվագը, երբ 1915 թ. սեպտեմբերի 24-ին Արարատյանին շնորհվում է Սբ Գեորգի չորրորդ կարգի մեդալ։ Կես տարի առաջ, ապրիլի 27-ին Նեւմլեն գյուղի մոտակայքում հակառակորդը հարձակում է իրականացրել նույն բրիգադի մյուս երկու գնդերի դեմ։ Արարատյանը սեփական նախաձեռնությամբ առաջ է քաշվել՝ հայտնվելով հարձակման տակ, ստիպելով հակառակորդին դադարեցնել հարձակումը` թույլ տալով գնդերին ապահով նահանջել։ Արարատյանի գունդը նահանջել է միայն այն ժամանակ, երբ գնդերն ապահովության մեջ էին։
Քրիստափորի վրա մեկը մյուսի ետեւից, ասես երկնքից էին թափվում մեդալներն ու շնորհները, ու երբ 1916 թ. հոկտեմբերի 13-ին նրան տեղափոխում են Ռումինական ռազմաճակատ, հաջորդ տարվա սեպտեմբերի 20-ին նրան շնորհվում է Ռումինիայի Թագ պարգեւ՝ Թրերով հրամանատար կոչումով։ Բազմաթիվ մարտերում իրեն փայլուն դրսեւորած հրամանատարի ուշքումիտքը, սակայն, հայրենիքն էր, նրա պաշտպանությունը եւ ոչ ամենեւին հերոսությունը. հավատարիմ ընտանեկան զինանշանի վրա դաջված` «Հայրենիք ու պատիվ» պատգամին, բոլշեւիկյան հեղափոխությունից հետո գիտակցելով, որ թուրքական զորքը կօգտվի իրավիճակից ու մուտք կգործի Հայաստան, Արարատյանը տեղափոխվում է Կովկաս` դիմելով իր համհարզ Ալեքսանդր Ղորղանովին. «Ծառայեցինք սպիտակ թագավորին, ժամանակն է նաեւ մեր՝ հայկական թագավորն ունենալ։ Առա՛ջ, իմ ընկեր, Արարատը սպասում է Արարատովին»։
1918 թ. հունվարի 5-ին Թովմաս Նազարբեկյանը Արարատյանին նշանակում է հրաձգային հրետանային բրիգադի երկրորդ դիվիզիայի հրամանատար։ Մարտի 4-ին այն անվանափոխվում է հրաձգային հրետանային երկրորդ բրիգադի։ Ապրիլի 5-ին բրիգադը դառնում է Երեւանի կորպուսի մաս, որի հրամանատարն էր Մովսես Սիլիկյանը։ Արարատյանը նշանակվում է Երեւանի կորպուսի հրետանու հրամանատար։ Մայիսի 11-ին Բաթումի համաժողովում թուրքական կողմը առաջ է քաշում իր կազմի մեջ ներգրավելու Թիֆլիսը, Ալեքսանդրապոլն ու Էջմիածինը, որով նպատակ կար Կարսը Ջուլֆայով կապելու Բաքվի հետ։ Համաժողովի ընթացքում վրացական կողմը հայտարարում է, որ մտնում է գերմանական պրոտեկտորատի տակ, ինչի արդյունքում հայկական կողմը մնում է որպես միակ պահանջատեր։ Համաժողովին զուգահեռ` թուրքական զորքն անցնում է Ախուրյան գետն ու առճակատվում հայկական ռազմական ուժերի հետ։
Սարդարապատի (մայիսի 21-29-ը), Ղարաքիլիսայի (մայիսի 24-28-ը) ու Բաշ-Ապարանի (մայիսի 21-24-ը) մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվում է կասեցնել թուրքական առաջխաղացումը։ Սարդարապատի հաղթանակով ապահովվում է Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը։ Արարատյանն այդ մասին հուզմունքով ասում է. «Ես երբեւէ չեմ եղել ավելի երջանիկ, որքան 1918-ի մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը»: Սրանով, սակայն, նրա կռիվը չի ավարտվում. դեկտեմբերին իր ստորաբաժանումներով մասնակցում է հայ-վրացական պատերազմին, իսկ այնուհետեւ Թիֆլիսում մասնակցում հայ-վրաց-բրիտանական բանակցություններին։ 1919 թ., երբ Հայաստանի ադրբեջանաբնակ ծայրամասերում սկսում են ապստամբություններ, Հովհաննես Քաջազնունին, ում չէր համակրում Արարատյանը, հրաժարական է տալիս։ Նրան փոխարինած Ալեքսանդր Խատիսյանը Արարատյանին շնորհում է գեներալ-մայորի կոչում ու նշանակում ՀՀ ռազմական նախարար։ Մինչեւ Կարսի գրավումը թուրքական զորքերի կողմից` Քրիստափորը զբաղեցրել է տարբեր զորամիավորումների հրետանու հրամանատարի պաշտոնը։ Արարատյանին գործուղում են Կարս` որպես ռազմական կոմենդանտ, իսկ Սիլիկյանին՝ Բայազետ։
1920 թ. հոկտեմբերի 30-ին Արարատյանը գերի է ընկնում թուրքերին։ Բանտում նրան մի քանի անգամ այցելում է գեներալ Քյազըմ Կարաբեքիրը` նրան առաջարկելով թուրքական ռազմական համալսարանում դասավանդել ռուսական հրետանու արվեստը, սակայն Արարատյանը կտրականապես մերժում է։ Թուրքական բանտից ազատվում է Ալեքսանդր Մյասնիկյանի միջնորդությամբ… Բազում անգամ մահվան աչքերին նայած ու մահվանը հաղթած ազգային հերոսը չէր էլ պատկերացնի, որ մահվան է դատապարտվելու իր փրկած հայրենիքում` մարտական ընկերների հետ զոհ գնալով ինչ-որ մուղդուսիների խարդավանքներին… 1937 թ. դեկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 5-ին չեկիստները բեռնատար մեքենայով Ավանի ձոր են տեղափոխում մի խումբ նախկին զինվորականների` գեներալներ Մովսես Սիլիկյանին, Քրիստափոր Արարատյանին, Դմիտրի Միրիմանյանին, գնդապետներ Աղասի Վարոսյանին, Ստեփան Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Հարություն Հակոբյանին: Չեկիստները` սովորության համաձայն, փորձում են կապել նրանց աչքերը: Բոլորն էլ հրաժարվում են.
«Մահվան աչքերին շատ ենք նայել: Կրակեք…»:
Հերոսները չեն մեռնում, հերոսները անմահանում են, իսկ մուղդուսիներն արժանանում հավիտենական անեծքի… Պետք է ասել, որ Մուղդուսին ինքն էլ չի խուսափել ճակատագրից, որ բաժին էր հանել բազում երեւելի գործիչների. հայտնի է, որ միայն 1937 թ. օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը նրա օրոք Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն թվի սեպտեմբերին, Ստալինի հրամանով, Մուղդուսին ձերբակալվել է, հայտարարվել ժողովրդի թշնամի եւ գնդակահարվել։ Ի տարբերություն իր զոհերի, ովքեր արդարացվել են հետմահու, ներքին գործերի չարաբաստիկ նախարարը հավիտյանս կրում է «ժողովրդի թշնամի» խարանը…