Անցնող տարին կարելի է, թերեւս, աննախադեպ ու արժանահիշատակ համարել բանաստեղծ, հրապարակագիր, արվեստագետ Գրիգոր Ծատուրյանի համար: Թեւակոխելով կյանքի առաջին 75 տարին, նա միայն այս տարի ընթերցողի դատին հանձնեց երկու` «Քառյակների քառուղի» եւ «Կարոտի երկիր» ժողովածուները: Գրքեր, որոնք ոչ միայն արտաքին ձեւավորմամբ են գրավիչ ու առանձնահատուկ, այլեւ, ինչն առավել քան կարեւոր է, իմաստային պարզ ու բովանդակալից խորությամբ, ասելիքի հարուստ ու գունեղ նրբերանգներով: Այդ են վկայում մամուլում տեղ գտած մի շարք գրախոսական-վերլուծականներ, որոնց հեղինակները` ոլորտի հայտնի ու ճանաչված մասնագետներ, անկեղծ գնահատանքի խոսքերով են անդրադարձել բանաստեղծի գրական աշխարհի յուրահատուկ բացահայտումներին ու հոգեհույզ «վրձնահարվածներին»:
Ի դեպ, իրենց զավակի ստեղծագործական հաջողություններով առանձնակի հպարտությամբ են լցված բանաստեղծի ծննդավայր Ջավախք աշխարհի Ալաստան գյուղում: Անհամբեր սպասում են նրա նոր գրքերին ու հրապարակումներին, իսկ տեղի դպրոցի գրադարանում նրան նվիրված անկյուն է բացվել, որտեղ Գրիգոր Ծատուրյանին վերաբերող հրատարակությունների, գրավոր վկայությունների բավարար նյութ կա:
Չուշացավ նաեւ Հայաստանի գրողների միության վերաբերմունք-գնահատականը. միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ստորագրությամբ հեղինակին օրերս հանձնված պատվոգիրն արժեւորում է Գրիգոր Ծատուրյանի «գրական արգասավոր գործունեությունը» եւ «ընթերցող հասարակայնության շրջանակներում մշակութային արժեքների հանրահռչակման» գործում հեղինակի ունեցած նշանակալի ներդրումը: Վերջին բնորոշման առումով արժե, անշուշտ, նշել, որ Գրիգոր Ծատուրյանը մեր երկրում գեղանկարների հարուստ հավաքածու ունեցողներից մեկն է եւ շարունակ համալրում է այդ հավաքածուն` իր շրջապատին ջանադրաբար հաղորդակից դարձնելով մշակութային կարեւոր արժեքներին: Ընդ որում, գեղանկարների կողքին նաեւ հայկական ամանեղենի (պղնձե) հազվագյուտ հավաքածուն է, հնագիտական արժեք ներկայացնող բացառիկ իրեր եւ այլն:
Սա, ինչպես ասում են` գրական, հոգեւոր-մշակութային անդաստանում: Ինչ վերաբերում է բանաստեղծի մյուս սիրուն, ապա դա եւս առանձնակի ուշադրության ու խրախուսանքի է արժանի: Խոսքը Գրիգոր Ծատուրյանի` բնության, հող ու ջրի, ծառ ու ծաղկի նկատմամբ պաշտամունքի աստիճանի հասնող սիրո, նվիրումի ու հավատարմության մասին է: Արա լեռան լանջին փռված նրա այգին այս աշխարհի թոհուբոհից հեռու գտնվող գողտրիկ, դրախտային մի անկյուն է հիշեցնում: Այգու ծառերի թիվն այս տարի եւս մի քանի տասնյակով ավելացավ, իսկ եթե փորձենք հանրագումարի բերել հրաշալի այգեպան բանաստեղծի տնկած ծառերի թիվը, ապա այն հասնում է 600-ի: Հայրենի բնության նկատմամբ սրտացավության լավ օրինակ է նաեւ այն, որ նա այգում հնարավորություն է ստեղծել առանձին մեծ ամանում հավաքելու, ամբարելու ձնհալի, անձրեւի ջրերը, որպեսզի ծառերն ու բանջարանոցը ջրելու համար ստիպված չլինի օգտագործել խմելու ջուրը:
Տեղին է այստեղ, նկատի առնելով Ամանորի մոտալուտ գալուստը, ականջալուր լինել բնասեր բանաստեղծի հետեւյալ կոչ-պատգամին. «Մի կտրեք եղեւնի`/ Թթվածինը հույսի,/ Կանաչ թելը կյանքի/ Մի կտրեք…»:
ԵՂԵՎՆԻ ՄԻ ԿՏՐԵՔ
Սուր կացնի
Շեշտակի հարվածով
Անտառում նոր կտրած
Մահամերձ եղեւնին
Զարմացած է նայում
Իր շուրջը պտտվող,
Ժպտացող, հիացող դեմքերին:
Մահացող եղեւնին
Փորձում է հասկանալ`
Իր մահվա՞ն առթիվ են
Ժպտում ու ցնծում,
Լիաթոք ծիծաղում
Իր շուրջը պտտվող
Խելագար այս մարդիկ…