Ղազարոս Աղայանի գրական ժառանգության մեջ (եթե երկերի քառահատորը դիտարկենք որպես համահավաք շտեմարան) գործածված է շուրջ երկու հարյուր առած եւ ասացվածք: Ամենահարուստը «Արություն եւ Մանվել» վեպն է՝ քառասունը, լիովին արդարացնելով «Ազգային վեպ» ենթավերնագիրը:
Ինչպես Պերճ Պռոշյանը, այդպես էլ Աղայանը ժողովրդական իմաստությունը զրուցակիցների խոսք է ներմուծում հատուկ հիշեցմամբ. «Ասած է՝ «Ականջը նրա համար չի շատ մեծանում, որ շատ բան է լսում», «ասած է. «Երեխին բանի դիր, եդնեն գնա»», «ասած է՝ «Անունը տուր, խալիչեն գցիր»», «ինչպես կասեն՝ ո՛չ շամփուրն էրվի, ո՛չ խորովածը», «ասած է՝ «Լավ է գյուղում առաջինը լինել, քան քաղաքում հետինը»», «ասած է՝ «Սար սարի չի ռաստ գալ, մարդ մարդի ռաստ կգա», «ասած է՝ «աչքի սիրածը տգեղ չի լինիլ», «ասած է՝ «Տատն ամեն օր գաթա չի թխիլ»», «ասած է, ստի ոտները կարճ կլինին», «Փուշը որ փուշ է, կասե, ճնճղուկին հովանավորում է», «ասած է, ագռավին իր ճուտը դուր կգա, օձինն՝ իր»»:
Չափածո խոսքում նույնպես Աղայանը հմտորեն ներառում է զանազան առածասացվածքներ. «Սերը, ասած է, աթարին կըպավ, // Ինչ արին չարին, էլ պուկ չի եկավ», «Մեկ կա հազար արժե, հազար կա՝ ոչ մին, // Ամբողջ բանակովդ չարժես իմ մեկին», «Հաստ ու բարակն է մի գին, // Վայ գա բարակ մանողին», «Ո՞վ է տեսել փայտից մաշա // Կամ բոշայից դառած փաշա»:
Հեքիաթները եւս լավ հնարավորություն են ընձեռում առածասացվածքը եթե ոչ շիփշիտակ ասելու, ապա դրա խրատական խորհուրդը հայտնելու (իսկ, ինչպես հայտնի է, վարքակարգավորիչ նորմի միջնորդավորված ազդեցությունն ավելի խորն է լինում): Օրինակ՝ մենք մարդուն համեստություն հորդորող մի շարք առածներ ունենք. «Պտղատու ծառին ճղները քաշ են լինում», «Բարատու ծառը գլուխը կախ կը գցի», «Ծառը քանի բար շատ ունենա, գլուխը կախ կը քցի», «Շատ էլ ծառ ես, բայց ինչ անեմ, որ բար չունես» եւ այլն: Ահավասիկ հեքիաթասաց Գյուլնազ տատն այդ ոգով է պատմում վայր ընկած մի չինարի ծառի մասին. իբր սա մեծանալիս այնքան է գոռոզացել, որ ուզել է շարունակ բարձրանալ, գլուխը երկինք հասցնել եւ իր ճյուղերով այն ծակծկել, Աստված էլ պատժել է նման գոռոզության համար եւ վար տապալել: Եվ տատի հուշումով երեխաները իմանում են, թե ինչից դա եղավ. «Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ»: Նույն կերպ «Այծատուր» հեքիաթում նենգ վաճառականն է ընկնում ուրիշի համար փորել տված հորը եւ իր արդարացի պատիժն ստանում:
Հայտնի ասացվածք կա՝ «Միրուք չունեմ, խոսքս չի անց կենում»: Ղազարոս Աղայանը վերջինս ներհյուսում է երկու պատանիների զրույցի մեջ՝ շատ ավելի տպավորիչ դարձնելով ասացվածքի խորհուրդը. «…. Հիմա մենք շատ խելոք բան էլ որ ասենք, խելոք մարդիկն անգամ չեն հավանիլ. կասեն… Է˜հ, ինչի՞դ է պետք, թող ինչ ուզում են՝ ասեն, դու քո ձին քշիր, հալբաթ մեկ օր էլ մեր մորուքը կբսնի, մեր խոսքն էլ անց կկենա»:
Ընդօրինակելի է Ղազարոս Աղայանի հմտությունը փոխադրությունների եւ թարգմանությունների ընթացքում (օրինակելի այն առումով, որ մեզանից ոմանք երբեմն, բանավոր եւ գրավոր խոսքում, անմտորեն փորձում են «թարգմանել» օտար լեզվով առածասացվածքը): Ահավասիկ, օրինակ, Ալեքսանդր Պուշկինի ձկնորսի եւ ձկան մասին նշանավոր հեքիաթից: Երբ թագուհի դարձած պառավն ամուսնուն վռնդում է պալատից, վերջինս ինքն իրեն է նախատում, թե «Впредь тебе, невежа, наука: // Не садись не в свои сани»: Աղայանի տարբերակն է՝ «Թող այդ քեզ համար լինի լավ խրատ, // Որ էլ չըցանե՛ս մանդր կտավհատ»:
Ինչպես հայտնի է, առածասացվածքները հարկավոր է գործածել ըստ հաղորդակցական իրավիճակի պահանջների, այլապես, զուտ վերացականորեն ընկալվելիս, դրանք կարող են նաեւ միմյանց հակասել: Ղազարոս Աղայանը դա գիտի եւ հարկ է համարում անհրաժեշտ վերապահում անել. «Մենք մի առած ունինք, որ ասում է. «Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա»: Ժառանգական ախտերն անբուժելի են ըստ մեծի մասին: Բայց եւ այնպես՝ ցեխը ցեխով չեն լվանալ, այլ ջրով»:
Տեղին մի վերապահության եւս մի օրինակ. «Ասած է. «Հագուստին նայած ընդունում են, իսկ խելքին նայելով ճանապարհ դնում»: Բայց մի՞շտ է այսպես լինում արդյոք: Ընդհակառակն, ընդունելն ու չընդունելը նախ եւ առաջ հագուստից է կախված»:
Կախված է նաեւ… դիպլոմի առկայությունից: Քանիքանի «դիպլոմավոր բթամիտ» է քննադատել Ղազարոս Աղայանին: Մեծ գրողի պատասխանն է. «Նրանք Աղայանցի գլխարկը, ըստ առածին՝ ալրոտ տեսան, եւ կարծեցին, թե ջրաղացպան է: Տեսան, որ դիպլոմ չունի, կարծեցին, թե ուսում եւ գիտությունն էլ չունի»: Մտքի շարունակությանն էլ ծանոթանանք, քանզի սա հավիտենական բախում է տիտղոսակիր դատարկության եւ անդիպլոմ արարողի միջեւ. «Բայց ո՞վ կարող է ավելի ուսում ունենալ. արդյոք նա՞, որ մի անգամ առել պրծել է, թե՞ նա, որ շարունակ առնում է եւ տալիս, քչից՝ քիչ, շատից՝ շատ, որ շարունակ ուսանում է եւ ուսուցանում, որի մտքի աճումն ու զարգացումը կանգ առնել չունի, չի նեխում, չի փտում, այլ օրեցօր ավելի է բեղմնավորվում, նորնոր ծաղիկներ է տալից եւ նորնոր պտուղներ»:
Ինքը՝ հայոց առածանու հարգն իմացողը, բնականաբար, հույժ նրբազգաց է անպատշաճ ամեն մի գործածության, թեկուզ ակամա աղավաղման հանդեպ: Ուստի զարմանալի չէ «Հազար եւ մի առակավոր բանք ազգային եւ օտարք» գրքի աղայանական սուր քննադատությունը: Աշխատության հեղինակ Գաբրիել եպիսկոպոս Այվազյանը տարօրինակ մի մղումով առածասացվածքները փորձել է խցկել իր մոգոնած անհաջող քառատողերի մեջ: Եվ ի՞նչ. «Դոցա շատերի մեջ մենք տեսնում ենք մեր պապական առածները, միայն աղճատած, անշքացած, տաղտկացած, ճապաղեցրած, համն ու հոտը կորցրած, եւ այդ բոլորը նորա համար, որ դոքա անպատճառ չորս տողանի մի ոտանավոր դառնան»: Իհարկե, ամեն ոք յուրովի կարող է մեկնաբանել՝ ըստ իր ըմբռնածի, բայց միանգամայն արդարացի է Ղ. Աղայանի պահանջը՝ գիտակցել եւ չբթացնել «մեր ազգային պատվական առածների բնական սրությունը»:
Արդ, դիտարկենք (եւ սովորենք) հայոց առածանու աղայանական գործածության եւս մի քանի օրինակ:
Ղազարոս Աղայանին անհանգստացնում է հավատի կորուստը, կրոնի հանդեպ հայոց անտարբերության խորացումը (մասամբ մեղադրում է եկեղեցականներին՝ հոգեւոր եւ կազմակերպական վատ աշխատանքի համար). «Մեր ազգի առածն ասում է. «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, ոչխարը սարովն անցավ»: Այս առածն ավելի լավ է բնորոշում, թե մարդն այսօր ինչպես է նայում իր կրոնի վրա»: Մինչդեռ շիտակ հավատացյալը պատրաստակամ է ընդունելու Աստծո ամեն մի վերաբերմունք. «Ասած է, «Աստված որ տա, մեկ ակոսից էլ կտա»»:
Հայոց հանրային կյանքի անկանոն կազմակերպման բնութագրումը Ղազարոս Աղայանը սրամտորեն տալիս է առերեւույթ ոչ այնքան համոզիչ մի համեմատությամբ: «Առած կա, թե՝ «Ուղտին ասացին, վիզդ ինչի՞ է ծուռ, ասաց. ի՞նչս է ուղիղ, որ վիզս ուղիղ լինի»: Ուղտի կազմակերպության բոլոր մասերի մեջ կատարյալ ներդաշնակություն կա, որովհետեւ ոչ մեկն էլ ուղիղ չէ: Այս, իհարկե, մի տգեղ եւ վայրենի ներդաշնակություն է, բայց՝ ներդաշնակություն է: Եթե մի գյուղ եք մտնում եւ տեսնում եք ձախ ու ծուռ եւ անկանոն փողոցներ, իմացած եղեք, որ դա ուղտի վիզն է միայն, եւ եթե հարցնեք, թե ձեր փողոցներն ինչո՞ւ են այսպես ձախ ու ծուռ, նրանք ձեզ կպատասխանեն, թե՝ «Օրհնված, մեր ի՞նչն է ուղիղ, որ փողոցներս ուղիղ լինի. խեղճ մարդիկ ենք, մի կերպ յոլա ենք գնում»»:
Անկազմակերպ վիճակի նման ինքնարդարացմանը Աղայանը հակադրել է հանրության առաջադիմության ճանապարհը. «Համայնքի բարոյական եւ նյութական առաջադիմությունը նրա ուղիղ մտածելուցն է կախված: Առածն ասում է. «Եթե մեղու ունենամ, մեղրս Մեղրիից կգա»»:
«Բաժանություն» վեպի հերոսներից մեկը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հարազատ բնակավայր, բայց մասնագիտությամբ աշխատանք չի գտնում: «Սրա պատճառն այն էր,– բացատրում է Ղ. Աղայանը,– որ ինչպես ասված է. «Տանուտերերին «օրհնյա տեր չկա»» եւ թե՝ «Մարգարեն իր գավառում պատիվ չի ունենալ»…. Այսպիսի մի նախանձ կար մեր ոչ միայն գյուղերում եւ գյուղաքաղաքներում, այլ նույնիսկ նշանավոր գավառական քաղաքներում, ուր իրանց տեղական ուժերից չէին ուզում օգուտ քաղել, չէին պատվում, չէին գնահատում նրանց»:
Առածասացվածքների պերճախոս մի շարան է «Սեւին սապոն, խեւին խրատ» ասացվածքով վերնագրված հոդվածը: Պատումը հետեւյալն է. իբր մի հայ երիտասարդ թափառում է Եվրոպայում, բայց մի կարգին կրթություն չստանալով, որոշում է վերադառնալ Հայաստան, լրագիր հրատարակել (թեպետ հայերեն կարգին չգիտե) եւ այդպես հարստանալ: Մինչ գալը հարկ է համարում խորհուրդ հարցնել… մի հռչակավոր դերձակից, սա էլ հորդորում է «հիմարական թերթ» հրատարակել, դրանով դուր գալ հիմարներին, քանի որ «Հիմարը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարացին հանել», ուստի եւ հիմարների գրածին խելոքները չեն կարող պատասխանել: Երիտասարդը ոգեւորված ճառ է ասում (որով Աղայանը ընթերցողին հասկացնում է, թե ինքը ո՛ր իրական գործչին նկատի ունի). «Ի՞նչ հարկավոր է, որ ես հայոց լեզու սովորեմ, թող նոքա իմ լեզուս սովորեն: Բայց գրականություն ես չգիտեմ: Արդյոք հայերեն ի՞նչ կա տպած՝ ես չգիտեմ, ուրեմն եւ ոչ մի հիմար չգիտե, ուստի կարող եմ ասել, որ իմ լրագրից առաջ ոչինչ չի եղել, եւ ինչ էլ որ եղել է, չի կարդացվել: Ծանոթ չեմ ազգային կյանքի հետ եւ ի՞նչ հարկավոր է: Որքան հեռու ցույց տամ ինձ այդ կյանքից, այնքան մեծ պատվի կարժանանամ հիմարներից, որպես աղա, իսկ «Աղան որ ձեթ տա, փեշդ դեմ արա», ասում է հիմարների առածը»»: Ի վերջո՝ ձախավեր լրագրապետը Հայաստանից ճողոպրում է, գնում, բողոքում է իր խորհրդատուին: Ահավասիկ սրա պատասխանը՝ ըստ Աղայանի. «Ձեր ձեռնարկության հետեւանքից երեւում է, որ հայերը հիմար չեն եղել ձեր ասածի պես, այլ դուք եք հիմար եղել, որ նոցա չեք ճանաչել: Ես հիմի եմ հավատում այն առածին, որ ասում է. «Մի հրեա յոթը հույնի կխաբի, մի հայ՝ յոթը հրեայի, իսկ հային յոթը դեւ միասին չեն կարող խաբել»»: (Ի դեպ, թող սխալ տպավորություն չստեղծի, թե նման կարծիք ինքներս ենք սնապարծորեն ստեղծել. բնավ, ըստ ֆրանսիական «Լարուս» հեղինակավոր հրատարակչության առածասացվածքների ժողովածուի, սա հունարեն ժամանակակից ասացվածք է:)
Ուշագրավ է իր հիմնական վեպի երկու կերպարների՝ հոր՝ Ավետիքի եւ որդու՝ Արությունի բախման ծագումնաբանության բացատրությունը. «Ավետիքը շատ լավ գիտեր այն առածը, թե «Վեմն ապառաժի է հանդիպել», բայց չէր ուզում խոստովանել, որ եթե ինքը վեմ չլիներ, իր որդին էլ ապառաժ չէր լինի»:
Արությունը քաղաքից գյուղ է վերադառնում, սկսում է գործ անել, բայց ամեն ինչում ձախողվում էր, ինքն իրեն վնասում: Հոր դժգոհության աճը Աղայանը ձեւակերպել է առածների գործածությամբ. «Սկզբում հայրը չէր բարկանում այս անհաջող հանգամանքների վրա, ասում էր՝ «դեռ խամ աչառ է, եզը կդառնա», բայց տեսնելով, որ հետզհետեւ վնասներ ավելի է բերում, առածը փոխեց՝ ասելով՝ «Մինչեւ աչառը եզ կդառնա, տերը խոզ կդառնա»»:
Դարձյալ երկու ասացվածքի համադրմամբ արձանագրված է գյուղերում համայնական սեփականատիրության ավանդույթների խախտումը. «Մենք մի առած ունենք, որ ասում է. «խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»: Այս առածը խեղճերն են ասել, իսկ իշխողներն ուրիշ առած են ունեցել, որ է՝ «Քաջերի սահմանը իրանց զենքն է»»:
Իր սիրուն ձգտող երիտասարդի մասին Ղազարոս Աղայանը հիշեցնում է. «Մարկոսի վրա շատ ճշտությամբ էր կատարվում այն առածը, որ ասում է. «Ինչ սրտով որ բանիդ կպչես, Աստված էլ այն սրտովը կհաջողի քեզ»»:
Ասվածի հաստատումը նաեւ մեր մեծանուն գրողի սիրով եւ նվիրումով կատարած աշխատանքն է՝ անուրանալի վաստակը հայոց առածանու կենդանի գործածության, ազգային հիշողության պահպանման, լեզվական եւ մշակութային ինքնության հզորացման ասպարեզում:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր