Գլոբուս (լատ.՝ globus-գունդ)՝ Երկրի կամ այլ մոլորակի, ինչպես նաեւ երկնային ոլորտի (երկնային գլոբուս) եռաչափ մոդել, ուրվագծերի երկրաչափական նմանությամբ եւ մակերեսների հարաբերության պահպանմամբ երկրագնդի ամբողջ մակերեւույթը պատկերող մոդել։ Գլոբուսը, ի տարբերություն աշխարհագրական քարտեզների, հարմար է մայրցամաքների եւ օվկիանոսների տեղակայման մասին ընդհանուր պատկերացում ստանալու համար։ Միեւնույն ժամանակ գլոբուսը (սովորական չափերով) բավական փոքր մասշտաբներ ունի եւ չի կարող մանրամասն ցույց տալ որեւէ տեղանք, բացի այդ, գլոբուսի վրա տարածությունների չափման համար հարկավոր է ճկուն քանոն (որոշ գլոբուսներ ի սկզբանե ունեն քանոն)։
Առաջին գլոբուսը Ք. ծ. ա. շուրջ 150 թ. ստեղծել է Կրատետ Մալուսցին, որն ապրել է Կիլիկիայի Պերգամոն քաղաքում. դրա մասին հիշատակում են Ստրաբոնը եւ Գեմինուսը։ Վերջինս հիշատակում է, որ Կրատետը գլոբուսին ավելացրել է կոորդինատային («շրջանների») համակարգ։ Երկրի գնդաձեւ լինելն ապացուցվել է հին հույն գիտնականների կողմից Ք. ծ. ա. 3-րդ դարում։
Մինչ մեր օրերը պահպանված ամենահին գլոբուսը գերմանացի աշխարհագրագետ եւ ծովագնաց Մարտին Բեհայմի պատրաստած «Երկրային խնձորն» է, որ ստեղծվել է 1493-1494 թթ. Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ Բեհայմի գլոբուսը զարդարված է դրոշների, գահին նստած միապետների նկարներով, ունի բազմաթիվ հետաքրքիր գրություններ եւ արտացոլում է իր ժամանակի աշխարհագրական պատկերացումները, որոնց հիմքում ընկած էին Պտղոմեոսի քարտեզները՝ հաշվի առնելով Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների եւ պորտուգալացիների արշավախմբերի շնորհիվ կատարված փոփոխությունները։