Ծաղկող՝ նկարող, հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ։ Հայ միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում, ի տարբերություն գրչի, գրողի, գծողի, մանրանկարիչներն իրենց անվանել են ծաղկող կամ նկարող։ Ծաղկել բառը միջնադարում նշանակել է նաեւ զարդարել։ Ծաղկողը հոմանիշ է մանրանկարիչ բառին, որը նշանակում է ձեռագիր գրքեր, ավելի նեղ իմաստով՝ կրոնական ձեռագրեր (հիմնականում՝ ավետարաններ, աստվածաշնչեր) պատկերազարդող, նկարում էր ոչ միայն սյուժետային պատկերներ, այլեւ զարդագրեր, խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր ու լուսանցանկարներ։