Այս անգամ մայրաքաղաքում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ծանրորդ, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը նոր բարձունք նվաճեց. սահմանեց հայոց Դյուցազնագրքի եւ Գինեսի հերթական ռեկորդը: Նա կարողացավ 170 կգ-անոց ծանրաձողը ուսերին կքանստած՝ քայլել 2.5 մետր, կատարել ամբողջական շրջադարձ, ետքայլել 1.5 մետր, այդքանից հետո էլ կատարել կքանիստ վարժություն՝ 10 անգամ: Այդ ամենով նա գերազանցեց չինացի մարզիկի՝ նախկին տարիներին կատարած եւ ամրագրած ռեկորդը:
ՀՀ եւ միջազգային կարգի սպորտի վարպետ Զորիկ Պողոսյանն օրը պատահական չէր ընտրել. այդ օրը նրա ծննդյան օրն էր, այդ օրը նաեւ ԱԻՆ աշխատողների օրն էր, որի առիթով էլ նախարարությունում կազմակերպվել էին հանդիսություն եւ տոնական շքերթ:
Ավեացնենք, Զորիկն արդեն սաներ էլ ունի, նա զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ Վանաձորի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, մատաղ սերնդին փոխանցում է տարիների ընթացքում կուտակած մարզական փորձը, գիտելիքները, կարողությունները, հմտությունները։ Նա խորհուրդ է տալիս բոլորին՝ զբաղվել ֆիզկուլտուրայով, սպորտով, լինել առողջ եւ ուժեղ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի