Գոթական ճարտարապետություն՝ գոթական ոճ կամ գոթիկա, Արեւմտյան, Կենտրոնական Եվրոպայի 12-րդ դարի կեսից մինչեւ 15-16-րդ դարերի արվեստի իշխող ոճ։ Կազմավորվել է Հյուսիսային եւ Կենտրոնական Ֆրանսիայում 12-րդ դարի կեսին, ծաղկման է հասել 13-րդ դարում։ Տարածվել եւ զարգացել է կաթոլիկ դավանանքի երկրներում։ Հիմնականում զարգացել է որպես քաղաքատիպ ճարտարապետություն։ Առաջատար տիպը եղել է տաճարը՝ ճարտարապետության, քանդակի, գեղանկարչության (առավելապես՝ վիտրաժներ) համադրման բարձրագույն ձեւը։
Գոթիկայի տաճարները (հիմնականում 3-5-նավանի բազիլիկներ) ունեն բազմաթիվ տարբերակներ։ Ռիթմիկ հարստությամբ, ճարտարապետական հորինվածքի եւ քանդակային հարդարանքի կատարելությամբ առանձնանում են «հասուն գոթիկայի» մեծածավալ, վեհաշուք կառույցներ՝ Ռեյմսի (1211-1311), Ամյենի (1220-1288) տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ Սեն-Շապել մատուռը (Փարիզ, 1243-1248)։ 13-րդ դարի կեսից ֆրանսիական գոթիկայի տիպի տաճարներ են կառուցվել Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Անգլիայում եւ այլուր։
Գոթիկան հայկական ճարտարապետության մեջ
Գոթիկայի կազմավորման ընթացքում նրանում միաձուլվել են տարբեր ոճեր (հռոմեական, լոմբարդական, ֆրանսիական), «սակայն գոթական կառուցվածքի առաջացման ուժերի ամբողջության մեջ Հայաստանի արվեստն ունեցել է իր վճռական դերը»։ Այս մտքին է հանգեցնում հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրությունը (Յոզեֆ Ստրժիգովսկի, Օգյուստ Շուազի, Թորոս Թորամանյան, Անրի Ֆոսիյոն, Պ. Տոեսկա եւ ուրիշներ)։
Գոթական ոճին բնորոշ բազմաթիվ տարրեր, սկզբունքներ (երկկենտրոն սլաքային կամարներ, ջլաղեղներ, սյունկակախուրձ, փոխհատվող կամարների համակարգ եւ այլն) տակավին մինչեւ նրա կազմավորումը առկա էին Հայաստանում՝ իրագործված մեծ կատարելությամբ (Անիի Մայր տաճար, 10-ր դար, Հովվի եկեղեցի, 11-րդ դար, Անիի Առաքելոց եկեղեցու գավիթ, 12-րդ դար, Հոռոմոսի վանք, 10-11-րդ դարեր, Հաղպատի ժամատուն, 1257, Սանահինի գրադարան, 1063, Խորակերտ, 1252 եւ այլն)։