«Այն ազատությունը, որով Բաշինջաղյանն օգտվում էր տարբեր լեզուների օրինակներից, ցանկություն էր առաջացնում հնարավորինս շուտ ծանոթանալ դրանց։ Վերջապես, գրավում էր մեր պրոֆեսորի այն մեղմ տակտը, որով նա պատասխանում էր մեր հարցերին՝ աննկատ կերպով փոխելով դրանց քաոսային ոճը»։
Թ. Ա. Շումովսկի
Լեւոն Բաշինջաղյանի երբեմնի ուսանող, խորհրդային հայտնի լեզվաբան Թեոդոր Շումովսկին վկայում է, որ լեզվաբանության հանդեպ ունկնդիրների հետաքրքրությունը շարժում էր նաեւ դասախոսի «խոսքի գեղեցկությունը»՝ խոսքն ամբողջացնող այնպիսի նուրբ ու տարողունակ ձեւակերպումներով, որ հազվադեպ է հանդիպում։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1934) Լեւոն Բաշինջաղյանը ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գեւորգ Բաշինջաղյանի որդին է, տնտեսագետ Զաքար Բաշինջաղյանի ավագ եղբայրը։ Պատահական չէ, որ այդպիսի ընտանիքից սերված գիտնականը օժտված լիներ ազատության ու գիտելիքների այնպիսի պաշարով ու հմտությամբ, որ առաջացներ շրջապատի հիացմունքը։ Լեւոնը ծնվել է 1893 թ.՝ Թիֆլիսում (Ռուսական կայսրություն), 1903-12 թթ. սովորել Թիֆլիսի թիվ 3 գիմնազիայում, երեք տարի (1913-16 թթ.) սովորել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, 1917 թ. զորակոչվել Կովկասյան ճակատ։ 1918 թ. սկզբին Լեոն Բաշ ծածկանունով որպես պոետ մասնակցել է թիֆլիսցի բանաստեղծների «Ֆանտաստիկ կաբաչոկ» խմբակի երեկույթներին։ Ստացվել է այնպես, որ Բաշինջաղյանը համատեղել է ռազմական գործն ու մշակույթը՝ նվիրվածությամբ կատարելով իր գործը երկու ասպարեզում էլ։ 1918-1919 թթ. հայկական զորքերի շտաբի սպա էր, 1920 թ.՝ Հայաստանի ռազմական դատարանի քարտուղարի օգնական, 1921 թ.՝ Էրիվանի Կրթության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի քարտուղար, 1921-1923 թթ. համագործակցել է կոմիսարիատի «Пламя» ամսագրի հետ։ 1921 թ. մայիսից մինչեւ 1922 թ. նոյեմբեր Բաշինջաղյանը ռուսաց լեզու է դասավանդել Թավրիզի գեղարվեստական ստուդիայում, ուր տեղափոխվել էր, իր խոսքերով ասած, «ձերբազատվելու Հայաստանում դաշնակների ստեղծած կեղեքիչ վիճակից»։ 1922 թ. Թիֆլիսում աշխատել է Կրթության ժողովրդական կոմիսարիատում, զբաղվել գրական գործունեությամբ։ 1923-1927 թթ. սովորել է Լենինգրադի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում (հայագիտություն եւ ընդհանուր լեզվաբանություն)։
Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում, եղել գիտական քարտուղար, ինստիտուտի տնօրեն, այնուհետեւ Լենինգրադի Ա. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ։ Բանասիրական գիտությունների թեկնածու էր, պրոֆեսոր, դոցենտ, գլխավորել է արտադրական տերմիններով զբաղվող խումբը, այնուհետեւ պաշտպանել դոկտորական թեզ՝ «Խոսքի հնէաբանական փորձը բալկար-կարաչայական բառապաշարի նյութերի հիման վրա» թեմայով։ 1937-ից, ըստ ծրագրի, զբաղվել է բառերի կրճատումների, հապավումների, բառակազմության մեթոդների ուղղությամբ։ Լեւոն Բաշինջաղյանը Նիկողայոս Մառի տեսության եռանդուն երկրպագուներից ու տարածողներից էր, ավելի, քան նրա համախոհներ Վ. Բ. Ապտեկարը կամ Ս. Ն. Բիկովսկին, որոնցից շահեկանորեն տարբերվում էր խորագիտությամբ ու մշակույթով։ Լեւոն Բաշինջաղյանը բազմաթիվ հոդվածների ու աշխատությունների հեղինակ է, հետաքրքրվել է լեզվի եւ մտածողության փոխհարաբերության հարցերով, գրել բանաստեղծություններ։ Նրա ազատ ոգին ու մտածողությունը չհաշտվեցին ո՛չ դաշնակցականների, ո՛չ էլ բոլշեւիկների կաղապարված, մարդկային միտքն ու հուզականությունը ճնշող քաղաքականության հետ։ Ի վերջո, նա դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ։ 1938 թ. նրան ձերբակալեցին, իսկ նրա համար միեւնույն էր՝ լսարանո՞ւմ է, թե՞ բանտում. «Մեծ տուն» բանտի խցում բանտարկյալների համար դասախոսություն էր կարդում լեզվի եւ մարդկային մշակույթի ծագման մասին։ Լեւոն Բաշինջաղյանին գնդակահարեցին 1938 թ. հոկտեմբերի 11-ին։