Շեքսպիրի Համլետի «լինե՞լ, թե՞ չլինել» հարցադրումն այսօր կարելի է վերաձեւակերպել «մանեւրել/խուսանավե՞լ, թե՞ խոյահարել»: Թեպետ սրանցից որեւէ մեկի ընտրության արդյունքը որոշակի իրավիճակներում կարող է հանգեցնել հենց լինելու կամ չլինելու։
Բառարանային բացատրությամբ խուսանավելը մասնավորապես կարող է նշանակել անախորժությունից ու դժվարություններից խույս տալով՝ վարպետորեն դուրս գալը դժվար կացությունից, ճարպիկ կերպով դժվարություններից խուսափելը: Իսկ խոյահարելը պետք է հասկանալ խոյի նման՝ ճակատ ճակատի հարվածելը: Ինչպես կասեր նույն Համլետը՝ «ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»… Պարզ է, որ եթե դու չունես համապատասխան ունակություններ, ապա խոյահարման փորձերը կարող են հանգեցնել դիմացինիդ կողմից չնախատեսված պատասխանի, համապատասխան ելքով: Ուրեմն, պետք է հասկանալ՝ արդյո՞ք քո ուժը, խելքը, միտքը բավարար են խոյահարելու համար, թե՞ ավելի ճիշտ է խուսանավելը։ Իհարկե, առաջ շարժվելը միշտ էլ խրախուսելի է եւ ավելի է գնահատվում, բայց պետք է գնահատել՝ խոյահարելը քեզ համար՝ որպես անհատ, պետություն, ժողովուրդ, արդյո՞ք չի կարող վերջանալ ճակատագրական կորստով։
Ճակատագրի հետ խաղալը՝ անընդհատ խոյահարման գնալու փորձ անելը, զատկի ձու կռվեցնել չէ, երբ կարելի է հետեւանքն անտեսելով, պարզապես հաճույքի համար հարվածել՝ խոյահարել մրցակցի ձուն, նույնիսկ հաստատ իմանալով, որ քոնը ջարդվելու է։ Սա նույնիսկ դեպի անմահություն տանող մահ իմացյալը չէ։ «Մահ կամ ազատություն»-ը, «Մահ կամ հաղթանակ»-ը գեղեցիկ են հնչում, եւ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր գնացին գիտակցված մահվան՝ զոհաբերելով կյանքը հայրենիքի, ընկերոջ, ընտանիքի ու պատվի փրկության, ազատության համար։ Բայց եւ՝ նույնքան գեղեցիկ են հնչում «Կյանք եւ ազատություն»-ը, «Կյանք եւ հաղթանակ»-ը, որոնք նույնքան կարեւոր են երկրի, ազգի ապագայի համար։ Ուրեմն՝ պետք է կարողանալ առավելագույնս խուսանավել այնպես, որ որեւէ մեկը՝ անհատ, երկիր, ժողովուրդ, ընտանիք չկանգնի «մահ կամ ազատություն» երկընտրանքի առաջ, որ մարդկային, առավել եւս երիտասարդների ապագան լինի կյանքի եւ հաղթանակների տեսքով։
Անշուշտ, պատմության մեջ, ընդ որում՝ ոչ միայն պատերազմներում, եղել են եւ դեռ լինելու են դեպքեր ու իրավիճակներ, երբ խոյահարման գնալը դրա այս կամ այն դրսեւորումով միակ ելքն է։ Բայց խոյահարումը չպետք է սովորություն դառնա եւ, հատկապես խաղաղ իրավիճակներում, չպետք է վերածվի ճակատագրական բախտախաղի, եթե դրանից խուսափելու հնարավորություն կա։ Իսկ դրա համար պետք է լինել ճկուն, շրջահայաց, հավասարակշռված՝ սթափ գնահատելով ինչպես սեփական, այնպես էլ մյուսների մտավոր, հոգեկան ու ֆիզիկական հնարավորությունները եւ գործողությունների հնարավոր ելքերը։
Ժամանակակից աշխարհը ոչ թե ճամարտակությունների, չհիմնավորված հաշվարկների, պոռոտախոսության, սնափառության ու մեծախոսության, այլ՝ չափազանց պրագմատիկ եւ իրատեսական աշխարհ է, երբ խոյահարելու «հորթիկային հրճվանքի» անհագ մոլուցքը կարող է վերածվել ընդհուպ գոյաբանական սպառնալիքի։ Անվտանգությանը միտված խելամիտ եւ շրջահայաց խուսանավումները արդարացված են, բայց եթե դրանք ընդամենը կեղծ խաղեր են, ապա կարող են համարժեք լինել խելագարության աստիճանի խոյահարության…
Սակայն, միեւնույն ժամանակ, խուսանավելը չպետք է հասնի մոլագարության աստիճանի՝ ամեն ինչում այսպես ասած՝ «կրուտիտ լինելու», ամենախելացին ու «ջոկողը» երեւալու բացահայտ կամ թաքնված ենթատեքստով։ Սա նույնքան վտանգավոր է, որքան խոյահարելը սովորություն դարձնելը եւ կործանարար, երբ խոյահարելու հակումը թաքցվում է խուսանավելու պատմուճանի մեջ եւ դառնում ուղենիշ։ Չպետք է մոռանալ, որ միշտ կարող են լինել ավելի խելացիներ, ավելի ճարպիկներ ու բանիմացներ, քո քայլերն արդեն իսկ կանխատեսած եւ հետագադ ափի մեջ տեսնողներ, ովքեր, հնարավոր է, հենց իրենք են խուսանավումների եւ/կամ խոյահարումների իրական ակունքը….
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ