«Ես հաճախ եմ առիթ ունենում լսելու միեւնույն հարցը՝ ո՞րն է գլխավորն ավիացիոն կոնստրուկտորի աշխատանքում, ո՞րն է ինքնաթիռներ կառուցողների ստեղծագործության հիմքը:
Ես պատասխանում եմ.
-Կարողանա՛լ երազել:
…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի, եւ խոչընդոտները բազմապատկվում են, դա նշանակում է, որ հաջողությունը մոտ է:
…Բայցեւայնպես, տասը-տասնհինգ տարուց հետո ավիացիայի թանգարանին կհանձնվեն ժամանակակից ամենակատարյալ ինքնաթիռները: Վաղվա ինքնաթիռները, հավանորեն, կունենան միանգամայն այլ արտաքին ձեւեր, կփոխվեն թեւերը, ֆյուզելաժը, շարժիչը: Կգա մի օր, երբ ինքնաթիռը կլինի առանց թեւերի…»:
Արտեմ ՄԻԿՈՅԱՆ
Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Նրա գլխավորությամբ գործող ավիաբյուրոյի մշակած ինքնաթիռներով սահմանվել է 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռեւս մնում է չգերազանցված: Իսկ ՄԻԳ-25 գերձայնայինը 1975-ին ցնցել է աշխարհն իր ցուցանիշներով՝ 3000 կմ/ժամ արագություն, 37 կմ բարձրություն: Իր՝ հանճարեղ կոնստրուկտորի ամենասիրելի «երկաթե թռչող զավակը»՝ եռանկյունաձեւ թեւերով ՄԻԳ-21-ը, կիրառվել է աշխարհի 28 երկրներում, այսօր էլ կիրառվում է դրանցից 18-ում: Ահա թե ինչ են տվել աշխարհին, մանավանդ Ռուսաստանը խորհրդանշող նախկին միությանը տիեզերանվաճ հայ հանճարի միտքն ու արարչագործ ոգին…
Այս մեծ հայի արմատները նույնպես ձգվում են դեպի չքնաղագեղ Լոռի. սանահնեցի հյուսն Հովհաննեսի հարկի տակ է ծնվել ընտանիքի հինգերորդ զավակը՝ Անուշավան անունով: Հոր մահից հետո մայրը տեղի դպրոցավարտ որդուն տանում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց: Մի քանի տարի անց տեղափոխվում են Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ հետագայում հայտնի քաղաքական գործիչ, Կրեմլի ամենաերկարակյաց խոշոր պաշտոնյայի՝ Անաստաս Միկոյանի մոտ: Ավարտելով քաղաքային ուսումնարանը՝ ապագա կոնստրուկտորն աշխատանքի է անցնում «Կրասնի Օկսայ» գործարանում՝ խառատի աշակերտ: 1924-ին մեկնում է Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ ապրում է Ստեփան Շահումյանի այրու՝ Եկատերինա Սարկիսովայի բնակարանում: «Դինամո» գործարանում որպես խառատ աշխատանքի անցնելուց հետո տեղափոխվում է հանրակացարան: Ծանր կենցաղի պատճառով հիվանդանում է տուբերկուլյոզով, որի հետեւանքներն զգալու էր հետագա ողջ կյանքի ընթացքում: Իսկ ամեն ինչ դեռ առջեւում էր. գործարանում սիրված խառատին ընկերները «կնքում» են Արտյոմ կամ Արտեմ անունով: Քսանվեց տարեկանում Արտեմին ուղարկում են ուսումնառության Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում: Ինժեներական բաժնի ավարտական կուրսի ուսանողին նախադիպլոմային աշխատանքներն անցկացնելու համար գործուղում են Խարկովի ավիացիոն գործարան: Դիպլոմային նախագիծն արժանանում է ամենաբարձր գնահատականի: Եվ այստեղ էլ նրա նախագծով ստեղծվում է «Օկտյաբրյոնոկ» սավառնակը, որը փորձարկվում է նույն տարում: Ապա երիտասարդ կոնստրուկտորն աշխատանքի է նշանակվում ինքնաթիռաշինության գործարանում, որտեղ գործում էին ժամանակի ամենահեղինակավոր կոնստրուկտորներից մեկի՝ Պոլիկարպովի կենտրոնական բյուրոյի մասնագետները: Բայց դա չէր խանգարելու հայազգի խորիմաց ավիաինժեներին ստեղծելու կոնստրուկտորական փորձարարական նոր բյուրո եւ ղեկավարելու այն: Նրա տեղակալն էր Միխայիլ Գուրեւիչը: Հետագայում հենց նրանց անունով էին կոչվելու նոր կործանիչները՝ ՄԻԳ-երը:
1939 թվական. աշխարհը նոր արհավիրքի շեմին է: Խորհրդային մի շարք ավիագործիչներ գործուղվում են Գերմանիա՝ ծանոթանալու հզոր այս երկրի ավիացիոն տեխնիկային: Մեկնողների թվում է Արտեմ Միկոյանը:
Երկրորդ աշխարհամարտի սկզբում սպառազինությամբ ոչ մի երկիր չէր կարող մրցել Գերմանիայի հետ: Խորհրդային Միության առաջնորդ Ստալինը կոնստրուկտորական բոլոր բյուրոներից պահանջում է նախագծել նոր տիպի կործանիչներ, որոնք անգերազանցելի կլինեին տեխնիկական ամենակարեւոր տվյալներով՝ արագությամբ, բարձրությամբ, մանեւրայնությամբ, սպառազինությամբ: Եվ Միկոյանի ղեկավարությամբ ստեղծվում են ՄԻԳ-1, ՄԻԳ-3 կործանիչները, որոնք վճռորոշ դեր էին խաղալու երկրորդ համաշխարհայինի ժամանակ, մանավանդ Մոսկվան եւ Լենինգրադը պաշտպանելիս: Բավական է նշել միայն, որ 1941-ին 15 օրվա ընթացքում գերմանացիները 800-ից ավելի ինքնաթիռ են կորցնում: Հետագայում ՄԻԳ-ի պատվին հուշարձան է կանգնեցվում Մոսկվայում: Այնուհետեւ հաջորդաբար ստեղծվում են ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիրը՝ ՄԻԳ-19-ը, եռանկյունաթեւ ՄԻԳ-21-ը, փոփոխելի սլաքաթեւ ՄԻԳ-23 գերձայնայինները: Յոթանասունականներից հետո միմյանց են հետեւում ՄԻԳ-երի հերթական նմուշները: Բազմաթիվ ձեւափոխություններով այս մակնիշի ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռներն այսօր լայն կիրառություն ունեն աշխարհում. շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հազար ինքնաթիռ:
Ներկայումս Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն եւ հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: Արտեմ Միկոյանի թեւավոր հրթիռների եւ հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարեւոր նշանակություն ունեն նաեւ տիեզերագնացության զարգացման համար:
Ամփոփենք ԽՍՀՄ ԳԱ անդամ, ճարտարագիտատեխնիկական ծառայությունների գեներալ-գնդապետ, սոցաշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի վեցակի դափնեկիր կոնստրուկտորի կանխատեսական խոսքով. «Շուտով մենք կթռչենք այնքան բարձր եւ արագ, որքան նույնիսկ ֆանտաստիկ ֆիլմերի հերոսները չեն կարող…»:
Իսկ ինքն այդ քայլն արդեն իսկ արել էր…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ