Մինչ անցած կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը, շուրջ 40 տարի առաջ՝ 1983 թ. դեկտեմբերի 19-ին, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից գողացել էին Ժյուլ Ռիմեի գավաթի բնօրինակ արձանիկը, որն այդպես էլ չգտնվեց: 2015 թ. հայտնաբերվեց դրա միայն մի մասը՝ լազուրիտից (լաջվարդից) պատրաստված հիմքը: Բրազիլիան պատվիրեց գավաթի կրկնօրինակը, որի համար օգտագործվեց 1,8 կգ ոսկի…
Կատարում դեկտեմբերի 18-ին նշվում էր այդ երկրի ազգային տոնը, եւ նույն օրն էլ ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության եզրափակիչում աշխարհի չեմպիոնի կոչումը, ինչպես տեղյակ եք, երրորդ անգամ նվաճեց Արգենտինայի հավաքականը, որին էլ հանձնվեց չեմպիոնական գավաթը:
Մրցանակը, որն իր գլխավերեւում պահել էր Արգենտինայի հավաքականի ավագ Մեսսին, ունի 36,8 սանտիմետր բարձրություն, պատրաստված է 18 կարատանոց ոսկուց եւ կշռում է 6,175 կիլոգրամ։ Գավաթի ներքեւի մասում փորագրված է «FIFA World Cup», իսկ բուն գավաթի վրա փորագրված են այն երկրների անունները, որոնց թիմերը հաղթել են աշխարհի առաջնություններում: Այժմ փորագրված են 12 հաղթող երկրների անուններ, բայց շուտով կավելանա նաեւ Արգենտինայի անունը։ Բնականաբար, ինչ-որ ժամանակ հետո գավաթի վրա այլեւս տեղ չի մնալու հաջորդ չեմպիոն-երկրի անունն ավելացնելու համար: Թե ինչ կլինի դրանից հետո, հայտնի կդառնա 2038 թ. աշխարհի առաջնությունից հետո. հաշվարկված է, որ գավաթի վրա կտեղավորվեն մինչեւ այդ ժամանակվա չեմպիոնների անունները՝ ներառյալ նաեւ այդ տարվանը։
1930-ից ի վեր, երբ անցկացվեց աշխարհի առաջին առաջնությունը, մինչեւ 1970 թ. հաղթողին շնորհվում էր նախ «Հաղթանակ» անվանված, ապա՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի պատվին վերանվանված գավաթը։ 1970 թ. Բրազիլիայի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, եւ մրցանակը՝ Ժյուլ Ռիմեի գավաթը, ըստ ՖԻՖԱ-ի այն ժամանակների կանոնների, ընդմիշտ փոխանցվեց նրան, ինչի պատճառով անհրաժեշտություն առաջացավ փոխարինել գավաթը։ 1974-ից մինչ օրս հաղթող երկրին շնորհվում է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը:
Պատրաստեց Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ