Մի աշխարհում, որ հեղեղված է անհարկի տեղեկատվությամբ, հստակությունը ուժ է: Տեսականորեն ամեն ոք կարող է մասնակցել մարդկության ապագայի մասին բանավեճին, բայց շատ դժվար է հստակ հայացք պահպանելը: Հաճախ մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ նման բանավեճ է ընթանում, եւ որոնք են հանգուցային հարցադրումները: Մեզանից միլիարդավոր մարդիկ դժվար թե կարողանան իրենց թույլ տալ հետազոտության շքեղությունը, քանզի մենք ավելի հրատապ գործեր ունենք անելու՝ պետք է աշխատանքի գնանք, խնամենք մեր երեխաներին կամ հոգ տանենք մեր տարեց ծնողների մասին: Ցավոք, պատմությունը զեղչեր չի անում: Անգամ եթե մարդկության ապագան որոշվում է ձեր բացակայությամբ, քանի որ դուք չափազանց զբաղված եք կերակրելով ու հագցնելով ձեր երեխաներին, միեւնույն է, ո՛չ դուք, ո՛չ նրանք չեն ազատվելու դրա հետեւանքներից: Դա շատ անարդար բան է. բայց ո՞վ ասաց, թե պատմությունը արդարացի է….
Սա կարող է չափազանց հավակնոտ թվալ, բայց Homo Sapiensը չի կարողանում սպասել: Փիլիսոփայության, կրոնի եւ գիտության ժամանակը սպառվում է: Մարդիկ հազարավոր տարիներ վիճել են կյանքի իմաստի մասին: Մենք չենք կարող անվերջորեն շարունակել այդ բանավեճը: Վերահաս էկոլոգիական աղետը, զանգվածային ոչնչացման զենքի հարաճուն սպառնալիքը, նոր հորիզոններ բացող տեխնոլոգիաները դա թույլ չեն տա: Ամենակարեւորը, թերեւս, այն է, որ արհեստական ինտելեկտը եւ կենսատեխնոլոգիան մարդկությանը հնարավորություն են ընձեռում վերափոխելու եւ վերակառուցելու կյանքը: Շատ շուտով որեւէ մեկին հարկ կլինի վճռելու, թե ինչպես օգտագործել այդ հզորությունը՝ ըստ կյանքի իմաստի որեւէ ներակա կամ բացահայտ ըմբռնման:
Փիլիսոփաները շատ համբերատար մարդիկ են, բայց ինժեներներն ավելի պակաս համբերատար են, իսկ բոլորից ավելի անհամբերատարն են ներդրողները: Եթե դուք չգիտեք, թե ինչպես գործադրեք կյանքը վերափոխելու առկա հզորությունը, ապա շուկայական ուժերը հազար տարի չեն սպասելու, որ դուք պատասխանը գտնեք: Շուկայի անտեսանելի ձեռքը ձեզ պարտադրելու է իր կույր պատասխանը: Եթե դուք այնքան միամիտ չեք, որ ապավինեք կենսական եկամուտների մասին եռամսյա հաշվետվությունների ավետիսին, ապա պետք է հստակ պատկերացում ունենաք, թե ի՛նչ է կյանքը որպես ամբողջություն….
Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ ընտրողները դժվարությամբ են ըմբռնում նոր տեխնոլոգիաները, առավել եւս ունակ չեն կարգավորելու դրանց պայթունավտանգ ներուժը: 1990ականներից սկսած՝ համացանցը, թերեւս, ավելի արագորեն է փոխել աշխարհը, քան որեւէ այլ բան, սակայն համացանցային հեղափոխությունն ավելի մեծ չափով ինժեներներն են ուղղորդել, քան քաղաքական կուսակցությունները: Դուք երբեւէ քվեարկե՞լ եք համացանցի օգտին….
Այսօր արդեն համակարգիչներն այնքան են բարդացրել ֆինանսական համակարգը, որ շատ քիչ մարդիկ են կարողանում դա հասկանալ: Արհեստական ինտելեկտի կատարելագործմանը զուգահեռ՝ մենք շուտով հասնելու ենք մի կետի, երբ այլեւս ոչ ոք ֆինանսներից գլուխ չի հանելու… Առավել կարեւոր է այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կենսատեխնոլոգիաների զույգ հեղափոխությունները կարող են վերակառուցել ոչ միայն տնտեսությունը եւ հասարակությունը, այլեւ մեր բուն մարմինն ու միտքը:
Մարդիկ միշտ ավելի լավ կարողացել են գործիքներ ստեղծել, քան դրանք խելամիտ կերպով գործադրել: Ավելի հեշտ է սանձել գետը՝ դրա վրա ամբարտակ կառուցելով, քան կանխատեսել այն բոլոր բարդ հետեւանքները, որ դա ունենալու է ավելի լայն էկոլոգիական համակարգի համար: Նույն կերպ, ավելի դյուրին է լինելու վերուղղել մեր մտքի հոսքը, քան կանխագուշակել, թե դա ինչ ազդեցություն է թողնելու մեր սեփական հոգեբանության եւ սոցիալական համակարգերի վրա….
Գլոբալացումն աշխարհը միավորելու է հորիզոնականորեն՝ ջնջելով ազգային սահմանները, բայց միաժամանակ մարդկությունը տրոհելու է ուղղագծորեն: ԱՄՆի եւ Ռուսաստանի պես տարբեր երկրների իշխող վերնախավերը կարող են միաձուլվել եւ համատեղ հանդես գալ շարքային Sapiensների զանգվածի դեմ…. Եթե մենք ցանկանում ենք կանխարգելել ամբողջ հարստության եւ իշխանության կենտրոնացումը փոքրաթիվ վերնախավի ձեռքում, ապա այստեղ հանգուցային խնդիրը տվյալների սեփականատիրության իրավունքի կարգավորումն է….
Մենք հազարավոր տարիների փորձ ունենք հողատիրական սեփականության իրավական կարգավորման: Մենք գիտենք թե ինչպես ցանկապատել դաշտը, դարպասի առջեւ պահակ կարգել եւ հսկել, թե ով կարող է ներս մտնել: Վերջին երկու հարյուրամյակի ընթացքում մենք արտակարգ հմտացել ենք արդյունաբերական սեփականատիրության կարգավորման հարցում, այնպես որ ես այսօր կարող եմ դառնալ General Motorsի կամ Toyotaի մի մասի տերը՝ գնելով նրանց բաժնետոմսերից: Բայց մենք մեծ փորձ չունենք տեղեկատվական սեփականատիրության կարգավորման հարցում, որն էութենապես շատ ավելի բարդ խնդիր է, քանզի, ի տարբերություն հողի եւ մեքենաների, տվյալներն ամենուր են եւ, միաժամանակ, ոչ մի տեղ, շարժվում են լույսի արագությամբ, կարող եք պատճեններ ստեղծել, որքան ցանկանաք:
Արդ, ավելի լավ է մենք դիմենք մեր իրավաբաններին, քաղաքական գործիչներին, փիլիսոփաներին եւ նույնիսկ բանաստեղծներին՝ իրենց ուշադրությունը դարձնելու այս թնջուկի վրա. ինչպե՞ս ենք կարգավորելու տվյալների սեփականատիրությունը: Հնարավոր է, որ սա մեր դարաշրջանի կարեւորագույն քաղաքական հարցը լինի: Եթե մենք չկարողանանք շուտափույթ պատասխան գտնել այս հարցին, ապա մեր սոցիալքաղաքական համակարգը կարող է փլուզվել: Մարդիկ արդեն զգում են վերահաս աղետը: Սա է, թերեւս, պատճառը, որ մարդիկ ամբողջ աշխարհում կորցնում են հավատը ազատականության հանդեպ, որն ընդամենը մեկ տասնամյակ առաջ թվում էր անդիմադրելի….
Մարդկանց մեծ մասը հազիվ է իրեն ճանաչում, իսկ երբ մարդիկ փորձում են «իրենց լսել», ապա դյուրին դառնում են արտաքին ձեռնածության զոհ: Մեր գլխում հնչող ձայնը երբեք արժանի չէ վստահության, քանի որ մշտապես արտացոլումն է պետական քարոզչության, ուղեղների գաղափարական լվացման, դեռ չասած կենսաքիմիական վարակների մասին:
Կենսատեխնոլոգիայի եւ մեքենայական ուսուցման կատարելագործման շնորհիվ ավելի հեշտ է դառնալու ձեռնածության ենթարկել մարդկանց ամենից խորքային հույզերն ու ցանկությունները, ուստի եւ ավելի, քան երբեւէ, վտանգավոր է դառնում պարզապես սեփական սրտին հետեւելը: Երբ «CocaCola»ն, «Amazon»ը, «Baidu»ն կամ կառավարությունը գիտեն ինչպես քաշել ձեր սրտի լարերը եւ սեղմել ձեր ուղեղի կոճակները, ապա դուք կարո՞ղ եք արդյոք նախկինի պես տեսնել տարբերությունը ձեր Եսի եւ շուկայաբան փորձագետների միջեւ:
Նման բարդ խնդրում հաջողության հասնելու համար դուք պետք է ջանադրաբար աշխատեք սեփական օրգանիզմի գործառական համակարգն ավելի լավ ճանաչելու համար: Իմանալ, թե ի՞նչ եք դուք, եւ ի՞նչ եք ուզում կյանքից: Իհարկե, սա հնագույն գրառված խորհուրդն է՝ «ծանիր զքեզ»: Հազարամյակներ շարունակ փիլիսոփաներն ու մարգարեները կոչ են արել մարդկանց ճանաչելու իրենք իրենց: Բայց այս խորհուրդը երբեք ավելի հրատապ չի եղել, որքան քսանմեկերորդ դարում, քանզի ի տարբերություն Լաո Ցզիի կամ Սոկրատեսի ժամանակների, դուք հիմա լուրջ մրցակիցներ ունեք: Թե՛ «CocaCola»ն, թե՛ «Amazon»ը, թե՛ «Baidu»ն, թե՛ կառավարությունը շտապում են կոտրել (to hack) ձեզ: Ո՛չ թե ձեր սմարթֆոնը, ո՛չ թե ձեր համակարգիչը եւ ո՛չ էլ ձեր բանկային հաշիվը. նրանք մրցակցում են կոտրելու ձեզ եւ ձեր օրգանիզմի գործառական համակարգը: Դուք, հավանաբար, լսել եք, որ մենք ապրում ենք համակարգիչներ կոտրելու դարաշրջանում, բայց դա հազիվ ճշմարտության կեսը լինի: Մենք, փաստորեն, ապրում ենք մարդկանց կոտրելու դարաշրջանում:
Քայլաշարերը (algorithms) հենց այս պահին հետեւում են ձեզ: Նրանք հետեւում են, թե դուք ուր եք գնում, ինչ եք գնում, ում եք հանդիպում: Շուտով նրանք սկսելու են վերահսկել ձեր ամեն մի քայլը, ամեն մի շունչը, սրտի ամեն մի բաբախումը: Նրանք հենվում են տվյալների մեծ շտեմարանի եւ մեքենայական ուսուցման վրա՝ ձեզ ավելի լավ ճանաչելու համար, քան դուք ինքներդ եք ձեզ ճանաչում, նրանք կարող են կառավարել ձեզ եւ ձեռնածության ենթարկել, եւ դուք դրա դեմ շատ բան անել չեք կարողանա: Դուք ապրելու եք Մատրիցայում կամ «Թրումանի շոու»ի մեջ: Վերջիվերջո, դա մի շատ պարզ գործնական հարց է. եթե քայլաշարերն իսկապես ավելի լավ են հասկանում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, քան դուք եք դա հասկանում, ապա իշխանությունն անցնելու է նրանց:
Իհարկե, դուք կարող եք կատարելապես երջանիկ լինել՝ քայլաշարերին զիջելով ամբողջ իշխանությունը եւ վստահելով նրանց որոշումներ կայացնելու ձեզ համար եւ մնացյալ ողջ աշխարհի համար: Եթե այդպես է, ուրեմն հանգստացեք եւ վայելեք զբոսանքը: Դրա համար դուք որեւէ բան անելու կարիքը չունեք: Ամեն ինչի մասին հոգ կտանեն քայլաշարերը: Բայց եթե դուք, այնուամենայնիվ, ցանկանում եք պահպանել որոշակի վերահսկում ձեր անձնական կեցության եւ ապագա կյանքի վրա, ապա պետք է ավելի արագ շարժվեք, քան քայլաշարերը, ավելի արագ, քան «Amazon»ը եւ կառավարությունը, եւ պետք է կարողանաք ճանաչել ձեզ ավելի վաղ, քան նրանք դա կանեն: Որպեսզի արագ վազեք, շատ ուղեբեռ մի վերցրեք: Հետեւում թողեք բոլոր ձեր պատրանքները. դրանք շատ ծանր են….
Ինքնաճանաչումը երբեք էլ դյուրին բան չի եղել, սակայն ժամանակի ընթացքում կարող է ավելի դժվարանալ…. Տեխնոլոգիայի բարելավմանը համընթաց երկու բան է տեղի ունեցել: Նախ՝ այնքանով որ կայծքարի դանակներն աստիճանաբար վերածվել են միջուկային հրթիռների, հանրային կարգի ապակայունացումը դարձել է առավել սպառնալից: Երկրորդ՝ այնքանով որ քարանձավային որմնանկարներն աստիճանաբար վերածվել են հեռուստատեսային հեռարձակումների, ավելի դյուրին է դարձել մարդկանց մոլորեցնելը: Մոտալուտ ապագայում քայլաշարերը կարող են ավարտին հասցնել այս ընթացքը՝ մարդկանց համար դարձնելով գրեթե անհնարին իրենց իսկ մասին իրողության ընկալումը: Եվ հենց քայլաշարերն են մեր փոխարեն վճռելու, թե ո՛վ ենք մենք, եւ ի՛նչ պետք է իմանանք ինքներս մեր մասին:
Եվս մի քանի տարի կամ տասնամյակ մենք դեռ ունենք ընտրութան հնարավորություն: Բայց եթե մենք ուզում ենք օգտվել այդ հնարավորությունից, ապա ավելի լավ է դա հիմա անենք:
Հատված Յու.Ն. Հարարիի «21 դաս 21րդ դարի համար» գրքից:
Թարգմանությունը անգլերենից՝ Վ. Միրզոյանի