«Ծանոթագրությունները, որ կցում ենք Օրբելյանների պատմությանը, շատ երկարատեւ ու դժվարին հետազոտությունների արդյունք են: Մենք չենք սահմանափակվել միայն հայ մատենագիրների փաստերով, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի, աչքի ենք անցկացրել արաբների ու պարսիկների լավագույն գործերը, եւ այդ բոլորը համեմատել ենք այն ամենի հետ, ինչ կա բյուզանդական ու ասորական գրվածքներում, նկատի ենք առել արդիական առնչությունները, որպեսզի լուսաբանենք մեկը մյուսով»:
Անտուան Ժան Սեն-Մարտեն
Վերոհիշյալը Աելիտա Դոլուխանյանի թարգմանությամբ ներկայացված Սեն-Մարտենի «Զեկույց»-ից է։ Ժամանակի արեւելագետների ու, մասնավորապես, հայագետների շրջանում, ֆրանսիացի առաջին հայագետին իր ծավալուն հոդվածում («Հայագետ Սեն-Մարտեն, նորա կենսագրությունը եւ գրավոր երկասիրությունները») նշանավոր հայագետ Քերովբե Պատկանյանը առանձնահատուկ դերակատարություն է վերապահում՝ կարգելով նրան «առաջնակարգ գիտնականների դասին»։ Եվ, իսկապես, ուսումնասիրելով ֆրանսիական հայագիտության հիմնադրի կյանքի կարճատեւ կենսագրությունը, զարմանալ կարելի է նրա ջանասիրության, պատասխանատվության եւ աշխատանքային ծավալուն նախաձեռնությունների վրա, որոնցից շատերն անավարտ մնացին, սակայն որոնք էլ դարձան նրա հետնորդների ուսումնասիրությունների առարկան։
Անտուան Սեն-Մարտենը քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու աշխարհագրությանը, մշակույթին ու հատկապես հայոց լեզվի պատմաաշխարհագրությանը, որի մասին հարկ է համարում նշել. «Ընդարձակ երկիր է Մեծ Հայք անունը կրողը, որը թուրքերը, պարսիկները եւ ռուսները բաժանել են իրենց գերիշխանության ներքո. այն տարածվում է երեք հարյուր մղոնի վրա` արեւմուտքից արեւելք, Եփրատից մինչեւ Կասպից ծովը թափվող Քուռի գետաբերանը եւ հյուսիսից հարավ, Վրաստանից ու Կովկասյան լեռներից մինչեւ Դիարբեքիրի հարավային սահմանները` տարածված երկու հարյուր հիսուն մղոն: Այդ տարածքում չկա մեկ ուրիշ լեզու, քան հայերենը, բացի այն մասերից, որտեղ բնակվում են մահմեդականներ, նրանք խոսում են թուրքերեն, սակայն այն մահմեդականները, ովքեր ապրում են մեծ քաղաքներից հեռու ընկած գյուղերում, խոսում են հայերեն խոսակցական լեզվով, որի մեջ կան որոշ ձեւափոխված թուրքերեն բառեր: Այդ նույնը կարելի է ասել Փոքր Հայքի, Կիլիկիայի ու Շիրվանի մասին»:
Ուշադրության է արժանի եւ Սեն-Մարտենի դիտարկումը այլեւայլ երկրներում հայերի աշխարհագրական տարածվածության ու այդ երկրներում նրանց դերի մասին. «Հայերը, որ տարածված ապրում են Ասիայի ու Արեւելյան Եվրոպայի տարբեր մասերում, շարունակում են խոսել իրենց լեզվով: Նրանք ստուգապես կազմում են Անատոլիայի բնակչության ամենաստվար մասը, ապրում են Սիրիայի հյուսիսում, Միջագետքում, Ատրպատականում, որն անցյալում ամբողջովին Հայաստանի Վասպուրական նահանգի մասն էր, ապրում են նաեւ Պարսկաստանի իրաքյան մասում, Գիլանում եւ Մազանդարանում, Իսպահանի շրջակայքում, Վրաստանում, որն ընդգրկում է Հայաստանի մնացորդները, Աստրախանում, Դոնի ափերին, Ղրիմում, Լեհաստանում եւ, վերջապես, Թուրքիայի եվրոպական մասերում: Եվ այս երկրներում նրանք ոչ միայն առեւտրականներ են եւ մեծ վաճառականներ, այլեւ նրանց մեծամասնությունը արհեստավորներ ու երկրագործներ են: Որպես խոշոր վաճառականներ` նրանք իրենց գործունեությունն են ծավալում Իտալիայում, Ավստրիայի նահանգներում, Մոլդովայում ու Եվրոպայի շատ ուրիշ մասերում: Հայերը մեծ քանակով ապրում են նաեւ Եգիպտոսում, Սիրիայում, Բաղդադում, Պարսկաստանում, մինչեւ Հնդկաստան: Նկատելի է, որ մեծ թվով երկրներում, որտեղ հայերը տարածված են եւ դեռ պահպանում են իրենց լեզուն, կարեւոր դեր են կատարում իրենց բնակված երկրների ու եվրոպացիների փոխհարաբերությունների միջեւ, հատկապես, երբ գիտակցվում է, թե Պարսկաստանի ու Թուրքիայի բանկային գործում եւ առեւտրում այլ երկրների հետ գործարքները կատարվում են համարյա միշտ հայերի միջոցով»:
Սեն-Մարտենի արեւելագիտական ու հայագիտական աշխատություններում ներկայացվում են նաեւ փաստեր, որոնք չեն հանդիպում այլ աղբյուրներում, ինչն առավել է կարեւորում դրանց դերն ու նշանակությունը ուսումնասիրողի համար։
Հունվարի 17-ը ֆրանսիացի նվիրյալ հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենի ծննդյան օրն է։