Իրենք իրենցից հալածելով մարդուն՝ թուրք բարբարոսները գազանաբար հրի ու սրի մատնեցին միլիոնավոր մարդկանց։ Ովքեր փրկվեցին յաթաղանից, տարածվեցին աշխարհով մեկ ու դարձան ֆրանսահայ, ամերիկահայ, եգիպտահայ, ռուսահայ, այն ազգությունների հայ, որտեղ հաստատվեցին… Նրանցից մեկն էր Լյութեր Ջորջ Սիմջյանը՝ ամերիկահայ նշանավոր գյուտարար, բազմաթիվ սարքերի եւ 200-ից ավելի արտոնագրերի հեղինակ։
Լյութերը ծնվել է 1905 թ. հունվարի 28-ին Կիլիկիայի հայաշատ Այնթապ քաղաքում։ Հայրը՝ Ջորջը, ապահովագրական բրոքեր էր, աշխատում էր ավստրիական ընկերությունում։ Մայրը՝ Ժոզեֆինա Զահարյանը, մահացել է, երբ Լյութերն ընդամենը մի քանի ամսական էր։ Հայրը կրկին ամուսնացավ, եւ Լյութերն ունեցավ երկու խորթ քույր։ Սիմջյանն Այնթապում ապրեց մինչեւ 1915-ի ցեղասպանությունը, երբ ընտանիքը, դիմագրավելով արհավիրքին, փախավ Հալեպ։ Վերադարձան միայն 1920 թ., սակայն նրանց վիճակված չէր լիովին խուսանավել թուրքական յաթաղանից. խորթ մայրն ու քույրերն սպանվեցին Մարաշում։ Լյութերն ստիպված փախավ Բեյրութ, այնուհետեւ գնաց Ֆրանսիա, իսկ 1920-ի վերջին՝ Ամերիկա։ Սկզբում հաստատվեց Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում՝ ապրելով հորեղբոր հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկսում է աշխատել լուսանկարչական լաբորատորիայում։ Ուսանել է Յեյլի բժշկական ուսումնարանում։ 1928 թ. դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն, ստեղծում մի քանի սարք, այդ թվում նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թ. Լյութերը տեղափոխվում է Նյու Յորք, ինչը նոր հնարավորություններ է բացում նրա ստեղծագործական գործունեության համար։ Առաջին կարեւոր գյուտը սեփական դեմքի լուսանկարման մեծ սարքն էր, որ շատ արագ տարածում գտնելով՝ գյուտարարին հուշեց հիմնելու «Photoreflex» ընկերությունը։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ Սիմջյանը վաճառեց ընկերությունը՝ հեղինակային իրավունքի հետ միասին։
Ի տարբերություն հիշյալ սարքի, 1939 թ. հղացված բանկոմատի գյուտը հեղինակին անմիջապես հաջողություն չբերեց. մեղավորը ոչ թե սարքն էր, այլ պահանջարկը։ Վեց ամիս փորձարկելուց հետո բանկը վերադարձրեց այն։ Այդ առթիվ Սիմջյանը գրեց. «Թվում է, թե սարքի միակ օգտագործողները մի քանի մարմնավաճառներ եւ խաղամոլներ էին, որոնք չէին ցանկանում առերեսվել գանձապահների հետ»։ Չնայած դրան, Սիմջյանը շարունակում էր կատարելագործել սարքը. արդյունքում՝ 1965 թ. արդեն արտոնագրեց միեւնույն գործիքի մետաղադրամներ տրամադրող սարքը։ Ժամանակները փոխվեցին, եւ բանկոմատի պահանջարկը դարձավ առօրյա։ Սիմջյանն առեւտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու ավիատեխնիկայի արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից եւ փոքր սավառնակներից։ Այս սարքից նա վաճառեց 2 հազար օրինակ…
Կյանքի մայրամուտին Լյութերը տեղափոխվեց Ֆլորիդա, որտեղ հիմնեց իր սեփական մեծ տարրալուծարանը եւ մինչեւ կյանքի ավարտը՝ 92 տարեկան, աշխատեց նոր գյուտերի վրա։ Վախճանվեց 1997 թ. հոկտեմբերի 23-ին՝ աշխարհին թողնելով անմահացրած սեփական ազգանունը՝ ի հեճուկս եւ ի վրեժ հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք բարբարոսների, ովքեր հաղթանակի բերկրանք են վայելում միայն սպանելով… Այո, հայ ժողովուրդը ռազմատենչ չէ, ոչ էլ թվաքանակով՝ ստվար, սակայն հզոր տերությունների աչքը ասես չի կտրվում հայոց հողից. գուցե նրանցից մեկնումեկը բացահայտի՞ այս գաղտնիքը. ինչո՞ւ հայ ժողովրդի խաղաղ, ստեղծագործական կյանքը հանգիստ չի տալիս իրենց, եւ ի՞նչ են ուզում մի բուռ ժողովրդից, որ աշխարհում միայն բարիք է սերմանում, որի պտուղներից օգտվում են նաեւ իրենք…