Ֆելիքս Բախչինյանը գրական, մշակութային, մարդկային անձեռակերտ կամուրջներ կապելու մեծ վարպետ է: Ծանոթ լինելով նրա գեղարվեստական գրականությանը, գրական դիմանկարների գեղեցիկ պատկերասրահին՝ շարունակում ենք զարմանալ ամենավերջին ու ամենանոր գործերով:
Բոլորովին վերջերս ընթերցողի սեղանին դրված նրա երկու գրքերը զուտ գեղարվեստական կամ թարգմանական չեն: Ֆելիքս Բախչինյանը կատարել է մեծ գործ, որի մասին գրքի առաջաբանում գրում է. «Այնպես ստացվեց, որ այս պահին գրքերիս մեջ «ամենափոքր որդին» այս գիրքն է՝ օժտված փոքր որդու բոլոր շնորհներով, դեռ մի բան էլ ավելի… Անշուշտ, համեստությունս թույլ չէր տա ինքնագովեստի այսպիսի շռայլություն, եթե խոսքը միայն գրքի մասին լիներ (թեեւ, կարծում եմ, «ծնողական սնապարծությունն» էլ մեղք չէ): Սակայն գրքից առաջ խոսքս մարդկանց մասին է, ում նվիրվեց այս գիրքը՝ իր անսպասելի բացահայտումներով, փոքր ու մեծ «գյուտերով», գրքից գիրք ծնվելու հրաշքով: Այս գործը կապեց անբաժանելին ու անկապելին…»:
Ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի համար անգամ 100 տարի անց, արտաքին կապերի բացահայտմանը զուգահեռ, ժամանակավրեպ չեն նաեւ ներքին կապերը, ինչին Ֆելիքս Բախչինյանը նվիրեց այս երկու նոր գործերը: Առաջինը մեր ժամանակակից հայ անվանի բարերար Գաբրիել Չեմբերջյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիրքն է, որի շնորհիվ ծանոթանում ենք մեր կողքին ապրող մի հրաշալի մարդու, համեստ ու պատվախնդիր հայի, այնթապցու արժանի զավակի ազգանվեր գործունեությանը: Երկրորդը, ինչպես հեղինակն է ասում, այդ գրքից ծնված մեկ այլ գիրք է՝ նվիրված խորհրդահայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ մրցանակի դափնեկիր Նիկողայոս Չեմբերջիին: Մեջբերենք հեղինակին. «Պատմելով մեր ժամանակների մեծ հայի, հայրենասեր ու բարերար մարդու՝ Գաբրիել Չեմբերջյանի անցած կյանքի ճանապարհի ու գործի պատմությունը, խոհերի կծիկը մեզ տարավ այլ հեռու ու մոտ ժամանակներ… հասավ խորհրդավոր խորհրդային դարաշրջան, հայտնաբերեց մի մոռացված ճակատագիր՝ այնքան դրամատիկ, այնքան ողբերգական, այնքան առեղծվածային ու այնքան վեհապանծ… Չեմբերջյան ազգանունը մեզ տարավ դեպի խորհրդային երաժշտության անսկիզբ ու անվերջանալի աշխարհ, որտեղ ծնվեցին ու ապրեցին, ծնվեցին ու մեռան կամ այդպես էլ չծնվեցին բազում երաժշտական գլուխգործոցներ»:
Անվանի լրագրող եւ հրապարակախոս Վլադիմիր Պոզների գրքի թարգմանության ժամանակ (կամ գուցե դրանից էլ առաջ) Պոզների կնոջ արտասովոր ազգանունը՝ Չեմբերջի, հեղինակին տարավ դեպի Սիրիա՝ արեւմտահայության երկրորդ վերածննդի բնօրրան ու այնտեղից էլ Հայաստան՝ վարպետորեն կամրջելով Չեմբերջյան եւ Չեմբերջի ազգանունները, մանավանդ որ Չեմբերջյանն էլ սկզբում եղել է Չեմբերջի: «Հուշումների, նշանների շրջանակն ամբողջացնելու համար ասենք, որ Չեմբերջյան-Չեմբերջի կապի մեջ խորանալու առիթ եղան նաեւ Նիկողայոս Չեմբերջիի դստեր՝ գրականագետ, թարգմանիչ Վալենտինա Չեմբերջիի խոսքերը. «Չեմբերջի ազգանունը, որի վերջին կրողը ես եւ իմ դուստր Կատյան ենք (շնորհիվ Վլադիմիր Պոզների՝ աղջկաս հոր՝ իմ առաջին ամուսնու, որը չառարկեց աղջկաս ազգանունը փոխելուն), վկայում է իր ծագման արեւելյան արմատների մասին: Գուցե նրանց՝ միակ եւ վերջին Չեմբերջին չլինելու համար գրվեցին այս երկու գրքերը… Նախ՝ կանխազգացողությամբ, ներըմբռնումով, ապա, ինչո՞ւ չէ, ներքին՝ չգիտես թե որտեղից եկող վստահությամբ»,- գրում է հեղինակը: Այսպիսով՝ հիմք դրեց մի ինքնատիպ ուսումնասիրության, որը կեսկատակ-կեսլուրջ, Բախչինյանը կոչում է «չեմբերջիագիտություն»:
Չեմբերջիագիտության հիմքը դրվեց Գաբրիել Չեմբերջյանի մասին հոյակապ գրքով, որը գրողի գրական դիմանկարների պատկերասրահի ամենավառ դիմանկարը դառնալու հավակնությունն ունի: Գիրքը մի գեղեցիկ պատմություն է տունդարձի ճամփան բռնած ու մեր կողքին ապրող հայի մասին: Բոլոր ժամանակներն էլ ունեն հերոսների կարիք, որոնց պիտի ձգտի նմանվել նոր սերունդը: Բայց ինչպես իր գրքերից մեկում գրում է Ֆ. Բախչինյանը, հերոսական կերպարների կերտումը տանում է դեպի առասպելականացում: Ծանոթանալով մեր հայրենակցի անցած ճանապարհի պատմությանը՝ մտովի գնում ենք դեպի մոխիրից հառնող փյունիկ թռչունի առասպելը, տեսնում այդ թռչունի մերօրյա ճախրը՝ այնքան գեղեցիկ, հպարտ ու նպատակասլաց, ինչպիսին Գաբրիել Չեմբերջյանի կյանքի գործն է, հայրենիքում ապրելու ու հայրենիքը շենացնելու պապենական ուխտը:
Ֆելիքս Բախչինյանի երկրորդ գիրքը թարգմանություն է: Նա ընթերցողների դատին է ներկայացրել 20-րդ դարի առաջին կեսի խորհրդային մելոսի, ինչպես ինքն է գրում, առեղծվածներով լի երկնակամարում մի կարճ ժամանակ փայլատակած ու անցած մեզ համար նվիրական մի հայի՝ կոմպոզիտոր Նիկողայոս Չեմբերջիի մասին գրված փոքրածավալ գրականության թարգմանությունը. ռուս հայտնի երաժշտագետ Գեորգի Պոլյանովսկու «Նիկողայոս Կարապետի Չեմբերջի» մենագրությունը եւ կոմպոզիտորի դստեր՝ Վալենտինա Չեմբերջիի «Տանը երաժշտությունն էր ապրում» գրքից «Հայրս» գլուխը: Ընթերցելով այս գիրքը՝ Նիկողայոս Չեմբերջին մեզ համար դառնում է թանկ ու սիրելի մի անուն՝ ոչ միայն որպես հայրենակից, տաղանդավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի քրոջ որդի, այլ նաեւ որպես հայկական ազգային երաժշտության խորագետ ջատագով, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, ով բարձր հնչեցրեց հայկական ազգային երաժշտությունը:
Պետք է ասել, որ Պոլյանովսկին շատ բարձր է գնահատում Չեմբերջիի երաժշտական տաղանդը եւ հասարակական գործունեությունը: Երաժշտագետը վերլուծել է Չեմբերջիի բոլոր երաժշտական գործերը: Չեմբերջիի գրիչը երբեմն ծառայել է որպես տիրող վարչակարգի երաժշտափող, սակայն նրա ապրած կարճատեւ կյանքը, որն ավարտվեց 44 տարեկանում՝ ուղեղի կաթվածով, պարզապես աղաղակում է այն մասին, թե կոմպոզիտորը ինչ ներքին կռիվ է մղել իր սերնդին բաժին ընկած ժամանակի հետ: Ի սկզբանե բարդ ու դրամատիկ էր Նիկողայոս Չեմբերջիի ճակատագիրը: Շատ վաղ՝ երկու տարեկանում կորցնելով մորը՝ նա մեծացավ Ղրիմի ազնվական հայերի միջավայրում, իր անվանի քեռու՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եւ ոչ պակաս անվանի ազնվական հորաքույրների խնամքի ու հոգածության ներքո: Նրա կյանքը դժվարացավ խորհրդային գաղափարախոսության մամլիչի սեղմմանը համաչափ: Ճիշտ է՝ նա 37-ի զոհ չդարձավ, 46-ի աքսորյալներից մեկը չէր, բայց նրա գործունեությունը զոհաբերություն ու աքսոր եղավ իր ամբողջ կարճատեւ կյանքի ընթացքում: Վախը, պարտադրանքը, հիասթափությունը, ընկերների, հարազատների սպանությունը, աքսորը անասելիորեն կարճացրին նաեւ նրա կյանքը:
«Կար ժամանակ, երբ Ստալինյան մրցանակի դափնեկիր կոչումը խոստանում էր հավերժացնել արվեստագետի անունը անմահության լուսապսակով,- գրում է Ֆ. Բախչինյանը:- Այդ շարքերում էր նաեւ Նիկողայոս Չեմբերջին՝ որպես խորհրդային երաժշտության երկնակամարի աստղերից մեկը: Բայց անկանխատեսելի է ժամանակի դատավճիռը, այն, որ ժամանակը մոռացության մշուշով ծածկեց Չեմբերջիի անունն ու գործը: Պատճառը, թերեւս, հենց «Ստալինյան մրցանակի դափնեկիր» կոչումն էր: Նրա ստեղծագործություններից շատերը կարող էին չենթարկվել ժամանակի եւ գաղափարախոսության քայքայիչ ժանգին եւ ապրել որպես արվեստի մնայուն գործեր… Իսկապես, «Ստալինյան մրցանակի դափնեկիր» կոչումը մնաց որպես անջնջելի խարան՝ հանգիստ չտալով նաեւ հրաշքով ողջ մնացածներին: Հոր մասին հուշերի վերջում Վալենտինա Չեմբերջին գրում է. «Հայրիկը թաղված է Նովոդեւիչե գերեզմանատանը, իսկ մահարձանի վրա փորագրված է՝ «Ստալինյան մրցանակի դափնեկիր»: Երկար տարիներ ինձ համար շատ ցավալի էր կարդալ այդ գրությունը, այդ անիծված անունը հայրիկի մահարձանին: Հիմա էլ է ցավալի: Բայց ես որոշել եմ ոչինչ չփոխել: Նախ՝ այդպես ուզում էր մայրիկս, եւ երկրորդ՝ ինձ թվում է՝ նման բաները չի կարելի փոխել»:
Գրքի «Հայրս» հատվածում Վալենտինան մի քանի էջ նվիրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին, ում հետ նրանք ապրում էին նույն շենքում, Խաչատրյանից մեկ հարկ ներքեւ, եւ Վալենտինան թույլ է տալիս իրեն ասել, որ ինքը Արամ Իլյիչի ստեղծագործությունների առաջին ունկնդիրն էր: Արամ Իլյիչը շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր Չեմբերջիի հետ. նա ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ Չեմբերջին՝ տեղակալը:
Գրքում երեւում են նաեւ Չեմբերջիի կնոջ՝ կոմպոզիտոր Զառա Լեւինայի դրամատիկ ճակատագիրը եւ դստեր՝ Վալենտինայի կյանքի հիշարժան դրվագները, ինչպես նաեւ նրանց տաղանդավոր ժառանգների կյանքի ճանապարհի սկիզբը: Չեմբերջիների երաժշտական գենը չի հանգստանում ոչ մի սերնդի մեջ, այլ ավելի ու ավելի է ուժեղանում՝ ի հայտ բերելով նոր տաղանդների: Չեմբերջիի թոռնուհին՝ անվանի դաշնակահարուհի եւ կոմպոզիտոր Եկատերինա Չեմբերջին, նրա որդին եւ դուստրը: Վստահ եմ, որ բոլորիս ցանկությունն է մի օր մայր հայրենիքում մի մեծ համերգի մեջ հավաքել Նիկողայոս Չեմբերջիի ժառանգներին եւ չեմբերջիական անմահ երաժշտությամբ ամրացնել Չեմբերջյան-Չեմբերջի՝ Ֆելիքս Բախչինյանի հիմնարկած կամուրջի տեսանելի ու լսելի կողմերը:
Կարմեն ԱՀԱՐՈՆՅԱՆ