«Ձեր միտքն ու գործերը անմահ են ռուսների հիշողության մեջ, բայց ինչո՞ւ իմ սերը ձեզնից ավելի ապրեց»:
Նինո Ճավճավաձե
Ալեքսանդր Գրիբոյեդովի շիրիմի վրա կնոջ խոսքերն են փորագրված։ Նրանք միասին ապրեցին ընդամենը մի քանի շաբաթ. վրաց իշխանուհի Նինոն 15-16 տարեկան էր, երբ ամուսնացավ Ալեքսանդրի հետ՝ 1828 թ. օգոստոսի 22-ին, Թիֆլիսում, ուր հաճախ էր լինում Գրիբոյեդովը։ Շատ չանցած Գրիբոյեդովը՝ որպես Ռուսաստանի դեսպան, մեկնեց Թեհրան եւ 1829 թ. փետրվարի 11-ին գազանաբար սպանվեց կատաղի մուսուլմանների ձեռքով։ Ճակատագիրը, ասես, բռնացրել էր նրան խոսքի վրա, երբ մի առիթով Պուշկինին ասել էր, թե՝ արդյո՞ք շատ չէ Ռուսաստանի համար երկու Ալեքսանդր Սերգեեւիչ…
Երբ անճանաչելիության աստիճան նրա կերպարանափոխված դին երկու հայ եզասայլով տեղափոխում էին Հայաստանի տարածքով, ճակատագիրը, թվում է, կրկին հիշեցրեց իր մասին. նրանց դիմավորեց բանաստեղծ Պուշկինը՝ խոր վշտով ու խոնարհումով… Լեռնանցքը այնուհետեւ կոչվեց Պուշկինյան, եւ երկու մեծերի դրամատիկ հանդիպման վայրում տեղադրվեց հուշաղբյուր… Սակայն սեփական խոսքերից բխող ճակատագրի հարվածն իր վրա վերցնելով` Գրիբոյեդովը չկարողացավ Պուշկինին ազատել այն կիսելու հեռանկարից. նա եւս սպանվեց, երկուսն էլ ուժերի ծաղկման շրջանում՝ 34-38 տարեկան… Պուշկինը սպանվեց Գրիբոյեդովից հետո՝ 8 տարի անց, նույն ամսին, մեկ օրվա տարբերությամբ՝ փետրվարի 10-ին, մենամարտից, իսկ Գրիբոյեդովի դին ճանաչեցին մենամարտի հետեւանքով վիրավորված ձախ ձեռքի խոր վերքի հետքերից։ Կարծես, մեկ Ալեքսանդր Սերգեեւիչն էլ շատ էր Ռուսաստանի համար… Գրիբոյեդովի այրին՝ Նինո Ճավճավաձեն վախճանվեց 1857 թ.: Նա մինչեւ վերջ հավատարիմ մնաց ամուսնու հիշատակին եւ չամուսնացավ կրկին. նրա մեծ սերը կիսեցին մեծ մարդուն ճանաչողները, եւ այն հարատեւեց դարեր…
Եվ այնուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ ուներ Գրիբոյեդովի արտահայտությունը, ի՞նչ էր հուշում այն իր բարեկամին, մտերիմ ընկերոջն ու գրչակցին…. 1817 թ. երկու Ալեքսանդր Սերգեեւիչները միասին ծառայում էին Սանկտ Պետերբուրգի արտասահմանյան գործերի կոլեգիայում եւ հասցրել էին ոչ միայն չափել միմյանց ազնվությունն ու նվիրվածությունը հայրենիքին, այլեւ խորապես ճանաչել երկրի դեմքը ներկայացնող հասարակության վերնախավին, վերնախավ, որ ավելի շուտ դուրս էր նայում, քան ներս, հայացքը՝ եվրոպաներին, դրսի վարքուբարքին, եւ որ ավելի ցավալի էր՝ մայրենիի փոխարեն նախընտրում օտար լեզուների խառնածին կապկումը։ Որպես մտավորական, նրանցից ոչ մեկը չէր կարող անտարբեր լինել ու հաշտվել ճորտացող ռուսական ոգու հետ, թեեւ երկուսն էլ ազնվազարմ տոհմից էին, չափազանց հարուստ ու նույն՝ բարձր հասարակության ներկայացուցիչներ։ Երկուսն էլ փորձում էին երգիծանքի միջոցով ուշքի բերել երկրի համար պատասխանատու վերնախավերին, սակայն երգիծանքն այնքան խոցող ու մերկացնող էր, որպես այլանդակությունները չկոծկող հայելի, որ չէր կարող հարուցել հասցեատերերի ծիծաղը սեփական անձի վրա եւ առողջացնել նրանց ապականված բնազդները։ Պատասխանը հակահարվածն էր, առանց դույզն-ինչ կատակի։ Ընկերներն ու բարեկամները Պուշկինին հազիվ փրկեցին սիբիրյան աքսորից, նրան տեղափոխելով սկզբում՝ Քիշնեւ, հետո՝ Ղրիմ։ Գրիբոյեդովին ձերբակալեցին դեկաբրիստների հետ կապի կասկածանքով։ Գրոզնիում անցկացրած չորսամսյա բանտարկության ընթացքում Գրիբոյեդովին հաջողվեց ապացուցել իր չեզոքությունը եւ ազատվել բանտից։ Կովկասյան օրերի մասին Բելինսկին նկատել է. «Գրիբայեդովը իր «Խելքից պատուհաս»-ը ստեղծեց Կովկասում. այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբայեդովի վիրավորված մարդկային զգացումը՝ պատկերելու ֆամուսովների, ռոպետիլովների, մոչալովների, սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը»:
Գրիբոյեդովի գլուխգործոցը, որի համար նա աշխարհին հայտնի էր որպես homo unius libri (լատ.՝ մի գրքի մարդ), Ռուսաստանում նրա կենդանության օրերին մերժվեց բեմադրել, թեեւ այն մինչեւ օրս էլ արդիական է, եւ դրա շատ արտահայտություններ ինչպես ժամանակին անցնում էին շրթեշուրթ, այնպես էլ հիմա հաճախակի հանդիպում են վիրտուալ տիրույթում, ինչպես որ՝ «Երջանիկ մարդիկ չեն նկատում թռչող ժամանակը», «Թշնամիների լեզուները վտանգավոր են ատրճանակներից», «Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ…»: «Խելքից պատուհասը» առաջին անգամ բեմադրվեց Երեւանում եւ հեղինակի ներկայությամբ մնաց միակը, թեեւ ողջ Ռուսաստանով մեկ շուրջ 40 հազար ձեռագիր օրինակ ձեռքեձեռք էր անցնում՝ հասնելով նաեւ Հայաստան։ Այն բեմադրեցին Գրիբոյեդովի հետ Երեւանն ազատագրած ռուս զինվորները՝ Երեւանի խանության սարդարի պալատում, որի տեղում այժմ «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանն է։
Բազմակողմանի գիտելիքներով (բանասիրություն, լեզվական ունակություններ, իրավաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա եւ այլն) օժտված Ալեքսանդր Գրիբոյեդովը նաեւ հմուտ քաղաքական գործիչ էր։ Նրա մասնակցությամբ մշակված Թուրքմենչայի պայմանագիրը մեծացրեց Ռուսական կայսրության ազդեցությունը Կովկասում, որից հետո ցարը վստահեց նրան Պարսկաստանում ռուսական դեսպանությունը, ինչը, ցավոք, ողբերգական ավարտ ունեցավ նրա համար։ Հայ ժողովուրդը ցնցված ու խորապես վշտակցում էր։ Էջմիածնի մայր տաճարում նրա հիշատակին հոգեհանգստի պատարագ մատուցվեց: Ինչպես վերը ակնարկեցինք, երկու հայ եզասայլով նրա դին տեղափոխեցին Թիֆլիս, որտեղ ընտանիքն էր։ Երիտասարդ կինը՝ ամուսնու մահվան բոթից ազդված, վիժեց։ Մի ողբերգությանը հետեւեց մյուսը. ամուսինները զրկվեցին ժառանգից։
Գրիբոյեդովին հուղարկավորեցին Մթածմինդա սարի վրա՝ Սուրբ Դավիթ եկեղեցուն կից քարայրում։ 100 տարի անց, 1929 թ.՝ Գրիբոյեդովի մահվան 100-ամյակի կապակցությամբ Պարսկաստանում, սպանության վայրում իշխանությունների նախաձեռնությամբ պաշտոնապես բացվեց Մթածմինդա (պանթեոն), իսկ Վրաստանի պանթեոնը դարձավ նշանավոր անձանց գերեզմանատուն, որտեղ նրանցից առաջինը հուղարկավորվել էին Գրիբոյեդովն ու Նինո Ճավճավաձեն։
Գրիբոյեդովի ողբերգական մահը ժամանակին թանկ նստեց Պարսկաստանի վրա։ Անհրաժեշտ էր հարթել դիվանագիտական սկանդալը, եւ շահը այլ բան չգտավ, քան՝ ժամանակի ոգուն համահունչ, մեծամեծ ընծաներով Պետերբուրգ ուղարկել թոռանը, անգամ ստիպված եղավ բաժանվել թանկարժեք «Շահ» ադամանդից, որը մի ժամանակ զարդարել էր մեծ մողոլների գահը…