Բանաստեղծության հենց առաջին տողում նշված սյուները ոչ այլ ինչ են, քան կախաղանի սյուներ: Կախաղանի եւ սյուների պատկերը Չարենցի ստեղծագործության մեջ պատահական չէ, որով կարելի է հիմնավորել Բալմոնտի այս բանաստեղծության ընտրությունը: Հիշենք թեկուզ դեռեւս 1920-ին գրված հանճարեղ «Մահվան տեսիլի» հետեւյալ տողերը`
…Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են սեգ ու սպասում են կախվողի…
Իսկ 1936-1937 թթ. նա գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնցում կախաղանի պատկերն ամենատարածվածն է: Այսպես, 1937-ին է գրված «Սեւ կախաղան» բանաստեղծությունը`
…Լավ չէ՞ արդյոք որ դու կործանվելով հիմքից
Սեւ կախաղան ելած պարտությունդ տոնես…
Կաղախանի պատկերը առկա է անգամ ակնարկներով`
…Այնպես է նրան մի պահ թվացել,
Թե ինքը ահա առաջին անգամ
Պատանեկան տագնապով արթուն
«Յոթ կախվածների» գրքույկն է կարդում…
(«Յոթ կախվածներ»,1936, ամենայն հավանականությամբ նկատի ունի Լ. Անդրեեւի համանուն վիպակը):
Մի խոսքով, երկրում իշխում է ճիզվիտական օրդենի հիմնադիր Լայոլայի ոգին`
…Նրանց պողպատափայլ բանակների վրա
Ելած միջնադարյան խարույկների շոգից,-
Սավառնում է նստած ռմբակիրի վրա
Լայոլայի ոգին… («Կրկին, կրկին, Իսպանիա», 1936):
Օրինակները կարելի է շարունակել, բավարարվենք այսքանով եւ անդրադառնանք Բալմոնտի բանաստեղծությանը եւ Չարենցի թարգմանությանը:
Բնագրի հենց առաջին տողում հիշատակվում է «столбы-սյուներ»-ը, որոնք «կանգնած կան» «սեւ ծովի եզերքին»: Ասացինք՝ կարելի է ենթադրել, որ դրանք կախաղանի սյուներ են, սակայն դրանց քարից լինելը եւ քանակի նշման որոշակիությունը («Նրանց թիվը ութն է») հուշում է, որ Բալմոնտը, հավանաբար, նաեւ այլ իմաստ է դրել: Եվ դա բացատրելի է դառնում բանաստեղծության վերնագրից: Այստեղ դեր է խաղում բանաստեղծի սիմվոլիստական մի այլ սկզբունք. հրաժարվելով ժամանակատարածական պայմանականություններից, այնուամենայնիվ, սիմվոլիստները ձգտում էին իրերին անուններ տալ, որպեսզի կարողանային հասնել դրանց էությանը: Բալմոնտն այստեղ առաջնորդվել է հակառակ սկզբունքով` բանաստեղծության վերնագիրը դնելով «При море черном», նա վաղնջական` Причерноморье անունը ներկայացնում է բաղադրիչներով՝ դրանով իսկ խորհրդանշական իմաստ հաղորդելով անվան նախնական նշանակությանը: Իրականում այդպես էր անվանվում Սեւ եւ Ազովի ծովերի ավազաններում գտնվող հյուսիսային երկրամասը, որն անտիկ շրջանի եւ միջնադարի պատմագրության մեջ հայտնի էր որպես զանազան քոչվոր ժողովուրդների համար տրանզիտ (տարանցում), միջանցք ծառայող տարածք: Որ մեր ենթադրությունը ճիշտ է, ապացուցվում է բանաստեղծության հաջորդ տողում (Приходят часто сюда рабы-Հաճախում են այնտեղ հաճախ գերիներ): Թե ի՛նչ рабы-գերիների մասին է խոսքը, բացատրելի է դարձյալ պատմագրության փաստերով: Причерноморье-ն տարածք էր, որը մոնղոլների, այնուհետեւ օսմանյան տիրապետության ժամանակներում վերածվել էր ստրկավաճառության կենտրոնի: Նշված տողում Չարենցը сюда-ն թարգմանել է «այնտեղ», «приходят»-ը` հաճախում են, հավանաբար, բնագրի չափն ու ռիթմը պահպանելու, ինչպես նաեւ «հաճախ»-ի հետ ալիտերացիա ստեղծելու համար: Հաջորդ տողում բաց է թողել «сонмы» բառը, իսկ «Бледнеют зимы. И шепчет осень» տողում բայական ստորոգյալները դարձրել է բաղադրյալ (ածականական), ընդ որում՝ փոխելով նաեւ ժամանակները: Բնագրում ժամանակը ներկա է ոչ միայն քերականորեն, այլեւ ինչ կատարվում է, կատարվում է մշտապես (այս հանգամանքը լավագույնս երեւում է վերջին հնգատողի առաջին երկու տողերում՝ «При море черном стоят столбы. /От дней додневных…» եւ վերջին տողի առաջին բառում` «Навек»): Այս տողում թարգմանիչը, պահելով «ձմեռների» վիճակը («գունատ են»), փոխում է աշնան գործողությունը («шепчет»)՝ այն դարձնելով վիճակ («մութն է»), որպեսզի հանգավորվի «ութն են»-ի հետ: Ի դեպ, Չարենցը լիովին պահպանել է բնագրի 15 տողերի ABAAB հանգավորման սկզբունքը, չնայած տեղ-տեղ դրանք այնքան լիահունչ չեն, որքան բնագրում: Բանաստեղծության մնացած տասը տողերում Չարենցի «մեղանչումները» քիչ չեն, սակայն թելադրված են բնագրի թաքնված ներքին տրամաբանությամբ: Այսպես՝ երբ Բալմոնտը գրում է՝ «Порой и звери сюда дойдут», տրամաբանորեն ենթադրվում է, որ նշված ծովեզերքն այնպիսի տեղ է, որտեղից խուսափում են բոլորը, եւ եթե ինչ-որ արարածներ, այնուամենայնիվ, հայտնվում են, ապա պատահաբար, հետեւաբար` նաեւ քիչ: Այս հանգամանքը ակնհայտ է դառնում նույն հնգատողի երկրորդ` «Порой примчится сюда и птица» տողում: Ընդգծված բառը Չարենցը թարգմանել է «թռչում-հասնում են», մինչդեռ բնագրի լեզվով նշանակում է «սլանալ-անցնել» կամ «սրընթաց թռչել-անցնել», որը այլ բան չի նշանակում, քան «խուսափել»: Երրորդ տողի ուրիշի ուղղակի խոսքում («Что делать тут?») Չարենցը բաց է թողել «այստեղ» բառը, որը մեծ մեղք չէ, իսկ մնացածներում գրեթե պահպանել է բնագրի բովանդակությունը:
Երրորդ հնգատողի երկրորդ տողի երկրորդ նախադասությունը տեղափոխել է հաջորդ տող եւ «грозно» բառն ահարկու-ի փոխարեն թարգմանել «անհաստա՛տ է», իսկ երրորդ-չորրորդ տողերը («Число их веще меж числ судьбы») ամբողջովին փոխել է՝ դարձնելով «…բախտի պես սեւ», որը հայերենում դարձվածքի արժեք ունի, որով եւ միաժամանակ ընդգծվում է բանաստեղծության գունային գամման:
Այսպիսով՝ մենք գործ ունենք Բալմոնտի բանաստեղծության մի հրաշալի թարգմանության հետ, որտեղ, չնայած նշված փոփոխություններին, հաշվի են առնված բնագրի եւ՛ սիմվոլիստական սկզբունքները, եւ՛ ենթատեքստի բոլոր առնչությունները, այսինքն` ֆոնային իմացության բոլոր պարագաները:
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ