«Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի «Բազմակողմանի արվեստագետը» ֆիլմը, որը նվիրված է հայ ազգային տարազների ժողովրդական վարպետ, տիկնիկագործ, բանաստեղծուհի, մի շարք երգերի եւ երաժշտությունների հեղինակ Մարտուհի Սարգսյանին, ցուցադրվեց Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում:
Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստն Իվան Անտոնյանն է, իսկ օպերատորը եւ մոնտաժողը՝ Էդգար Օհանյանը: Այն առայժմ երկու անգամ ցուցադրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ, Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում՝ առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խորհրդով:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին հյուրեր ոչ միայն Երեւանից, Վանաձորից, ՀՀ տարբեր վայրերից, այլ նաեւ Հնդկաստանից, Չինաստանից, Գանայից: Միջոցառումը վարում էր «Երջանիկ տարեցներ» մշակութային միության նախագահ, երիտասարդ ստեղծագործող Աշոտ Դալլաքյանը, ով միջոցառումն սկսեց իր պապիկի՝ ՀՀ արդարադատության երջանկահիշատակ նախարար, արդարադատության գեներալ-լեյտենանտ, ՀԳՄ անդամ Արմեն Աշրաֆյանի «Հայրենիքիս» բանաստեղծության ասմունքով, որն ընդունվեց ծափերով: Ապա նա ներկայացրեց ֆիլմը:
Այնուհետեւ ներկաները դիտեցին ֆիլմը, որն ընդմիջվում էր ծափահարություններով: Ֆիլմաշարի հեղինակ Իվան Անտոնյանի եւ ֆիլմի հերոսուհու՝ Մարտուհի Սարգսյանի մասին դրական խոսքեր ասացին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արփինե Վարդանյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Հրանտ Թադեւոսյանը (Թաթոս), ՄԳԱ ակադեմիկոս, անվանի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ԵՊՀ հայոց լեզվի վաստակաշատ դասախոս Սիմոն Պետրոսյանը եւ այլք:
«Վերնատուն» մշակութային միության կողմից շնորհավորեց եւ Մարտուհի Սարգսյանին գեղեցիկ հարթաքանդակ, ծաղկեփունջ նվիրեց միության նախագահ Աննա Բաղդասարյանը: Այնուհետեւ Աշոտ Դալլաքյանը բեմ հրավիրեց Մարտուհի Սարգսյանին եւ Իվան Անտոնյանին: «Անչափ շնորհակալ եմ Իվան Անտոնյանին եւ «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ստեղծագործական խմբին»,-նշեց Մ. Սարգսյանը:
Այնուհետեւ Իվան Անտոնյանը շնորհավորեց Մարտուհի Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ «Նարեկացի» արվեստի միությանը՝ հիմնադիր Նարեկ Հարությունյանին ու ղեկավարությանը: Հանդիսությունն ավարտվեց գուսան Սարգիս Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգի կատարմամբ, որն ավանդույթ է դարձել «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ցուցադրությունների ժամանակ: Այն կատարեց Աշոտ Դալլաքյանը, ում միացան Իվան Անտոնյանն ու նաեւ դահլիճը: