Հայաստանի պետական պարտքի, այդ թվում եւ՝ արտաքին պարտքի բեռը կտրուկ ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր, եւ հաջորդ տարվա բյուջեն, որի նախագիծը քննարկվում է, ինչքանո՞վ թույլ կտա նվազեցնել այդ պարտքի շեմը, եւ ի՞նչ է մեզ սպասվում։ Այս եւ այլ հարցերի պատասխաններ «ՀՀ»-ն ստացավ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ զրույցում։
Առհասարակ, ըստ տնտեսագետի, ներկայումս հետհամավարակային փուլում տնտեսության վերականգնմանը զուգընթաց ամբողջ աշխարհում է բավական սրվել երկրների պետական պարտքի կառավարման հիմնախնդիրը, ինչը կարող է համաշխարհային տնտեսության համար դառնալ նոր ֆինանսական ճգնաժամի պատճառ։ 2020 թ. համավարակով պայմանավորված ճգնաժամի հետեւանքով տնտեսությունը ռեցեսիայից դուրս բերելուն միտված աշխարհի բազմաթիվ պետությունների կառավարությունների կողմից ազգային տնտեսություններում իրականացված աննախադեպ խոշորածավալ ֆինանսական ներարկումները կտրուկ մեծացրին պետական պարտքի բեռն ամբողջ աշխարհի մակարդակով: Ըստ «Moody’s» միջազգային վարկանիշային գործակալության վերջին հրապարակման՝ 2020 թ. համաշխարհային պարտքի մակարդակն աճել է շուրջ 32 տրիլիոն դոլարով՝ 2021 թ. սկզբին հասնելով մինչեւ 290.6 մլրդ դոլարի։ Հարկ է նշել, որ միայն 2020 թ. համաշխարհային պետական համախառն պարտքն աճել է 15 տոկոսով, եւ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի, 2021 թ. սկզբի դրությամբ աշխարհի բոլոր երկրների պետական ընդհանուր պարտքի ծավալը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 98 տոկոսը։ Կանխատեսվում է նաեւ, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կրկին կաճի՝ տարեվերջին հասնելով մինչեւ համաշխարհային ՀՆԱ-ի 101.5 տոկոսի: Փաստացի պետական պարտքի մակարդակի նման աննախադեպ աճի պայմաններում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի եւ համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամին կարող է հաջորդել պարտքային ճգնաժամը, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի:
Անդրադառնալով Հայաստանին՝ մասնագետը հայտնեց, որ պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով, ինչպեսեւ 44-օրյա պատերազմական գործողություններով՝ 2020 թ. պետական պարտքի մակարդակը կտրուկ աճել է: 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 14 տոկոսով, ընդ որում՝ նշված աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի ընդլայնման հաշվին։ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 418.1 մլրդ ՀՀ դրամ կամ դոլարային արտահայտությամբ՝ 8.953 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ պետական պարտքը դրամական արտահայտությամբ 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.09 տոկոսով, 2020 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ 13.81, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 33.08 տոկոսով: Սպասվում է, որ այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 64.1 տոկոսը: ՀՀ պետական պարտքի շրջանակներում կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 187.2 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 6.71, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 14.85 եւ 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 36.16 տոկոսով: ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 230.9 մլրդ ՀՀ դրամ՝ նվազելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 3.95, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 2.29, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 5.65 տոկոսով: Իսկ կառավարության արտաքին պարտքը կազմել է 3 տրլն 52.3 մլրդ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 4.42, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 12.43, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 30.62 տոկոսով: Կառավարության ներքին պարտքը կազմել է 1 տրլն 134.9 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2020 թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ` 13.38, 2020 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 21.92, 2019 թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 53.69 տոկոսով:
Որպեսզի պարտքային պատկերի նկարագիրն ամբողջական լինի, Կարեն Սարգսյանին խնդրեցինք խոսել նաեւ պարտքային կառուցվածքից։ Ըստ այդմ՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի կառուցվածքում` 1) միջազգային կազմակերպությունների բաժինը կազմել է 77.71 տոկոս, ինչն ավելի է 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից 0.8 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.88 տոկոսային կետով, 2019 թ. օգոստոսի 31-ի ցուցանիշից` 0.74 տոկոսային կետով: 2. Օտարերկրյա պետությունների բաժինը կազմել է 21.89 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի համեմատ պակաս է 0.76 տոկոսային կետով, 2020 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.83 տոկոսային կետով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է 0.62 տոկոսային կետով: Առեւտրային բանկերի բաժինը կազմել է 0.4 տոկոս, ինչը 2020 թ. դեկտեմբերի 31-ի, ինչպեսեւ 2020 թ. օգոստոսի 31-ի եւ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ պակաս է համապատասխանաբար 0.04, 0.05 եւ 0.11 տոկոսային կետերով:
Գանք կարեւոր մեկ այլ հարցի՝ պարտքի սպասարկմանը։ Ա՛յս առումով ինչ պատկեր ունենք։ Մասնագետի ներկայացրած տվյալներով՝ 2021 թ. հունվար-օգոստոսին կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները կազմել են 104.16 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 12.36 մլրդ դրամով, իսկ 2019 թ. օգոստոսի 31-ի համեմատ ավելի է 18.16 մլրդ դրամով: Ներքին տոկոսավճարները կազմել են 57.85 մլրդ դրամ, ինչը 2020 թ. եւ 2019 թ. նույն ժամանակաշրջանների համեմատ ավելի է համապատասխանաբար՝ 12.08 եւ 18.79 մլրդ դրամով: Արտաքին տոկոսավճարները կազմել են 46.31 մլրդ դրամ, ինչը 2020 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 0.28 մլրդ դրամով, իսկ 2019 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 0.63 մլրդ դրամով:
Կարեն Սարգսյանը ուշադրություն հրավիրեց հետեւյալի վրա. կառավարության պարտքի մինչեւ մարում միջին ժամկետը 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմում է 8.68 տարի: Կառավարության պարտքի կառուցվածքը, ըստ տոկոսադրույքի, նույն ժամանակահատվածի դրությամբ հետեւյալն է՝ ֆիքսված տոկոսադրույքով՝ 82.6 տոկոս, լողացող տոկոսադրույքով՝ 17.4 տոկոս: «Միաժամանակ պետք է նշել, որ ֆիքսված տոկոսադրույքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է 80 տոկոս: Փաստացի, տեսնում ենք վերջինիս գերազանցում, եւ, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ժամանակահատվածում տոկոսադրույքների զգալի անկումը, սա եւս ինքնին ֆինանսական հավելյալ բեռ է դառնում ու մեծացնում ռիսկերը»,- ասաց մասնագետը:
Ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին պարտքերի հարաբերակցությանը։ Նախ հարկ է նշել, որ ներքին պարտքի ուղենիշային ցուցանիշը սահմանված է առնվազն 25 տոկոս, իսկ կառավարության ներքին եւ արտաքին պարտքի կշիռները 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ունեցել են հետեւյալ պատկերը. արտաքին պարտք՝ 72.9, ներքին պարտք՝ 27.1 տոկոս: Ընդ որում՝ 2021 թ. օգոստոսի 31-ի դրությամբ արձանագրված ներքին պարտքի կշռի ցուցանիշը 2020 թ. եւ 2019 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 1.57 եւ 3.09 տոկոսային կետերով:
Անդրադառնանք այս համատեքստում 2022 թ. պետբյուջեի նախագծին, որն այժմ քննարկվում է ԱԺ-ում, եւ սպասելիքներին։ «Համաձայն բյուջետային ուղերձում արտացոլված կանխատեսումների՝ 2022 թ. պետական պարտքը 509 մլրդ դրամով կամ 11.5 տոկոսով կավելանա եւ 2022 թ. տարեվերջին կհասնի 5.03 տրլն դրամի: Բայց նշված պարտքի ավելացումը նախատեսվում է ներքին պարտքի հաշվին»,- շեշտեց տնտեսագետը: Եվ միաժամանակ հավելեց, որ Հայաստանի պետական պարտքի մարման եւ սպասարկման (տոկոսավճարներ) համար 2022 թ. ուղղվելու է 518.2 մլրդ դրամ, որից 303.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մայր գումարի մարումները, իսկ 214.6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները, որոնք կազմելու են բյուջեի ծախսերի մոտ 10-ը եւ ՀՆԱ-ի 2.7 տոկոսը: Նշված 214.6 մլրդ դրամից 129.4 մլրդ դրամը կուղղվի ներքին պարտքի տոկոսները վճարելուն, 85.2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի:
«Միաժամանակ կանխատեսվում է, որ հաջորդ տարի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա համեմատ փոքր-ինչ կնվազի՝ հասնելով 63.9 տոկոսի՝ այս տարվա 64.1 տոկոսի դիմաց, իսկ կառավարության պարտքը՝ 60.7 տոկոսի՝ այս տարվա 60.8 տոկոսի դիմաց: Այսինքն, ըստ պլանավորվածի, Հայաստանի պետական պարտքը 2022 թ. թեեւ բացարձակ մեծությամբ աճելու է, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ այն նվազելու է 0.2 տոկոսով: Սա պայմանավորված է հաջորդ տարվա ընթացքում պարտքի մարումների աճով, ինչպեսեւ 7 տոկոսանոց ակնկալվող տնտեսական աճով, որը դրված է 2022 թ. պետբյուջեի հիմքում»:
Իբրեւ եզրափակում՝ Կ. Սարգսյանը շեշտեց, որ ներկայացված ցուցանիշները, բնականաբար, միայն կանխատեսումներ են. «Եվ իրականում թե տնտեսության մեջ ինչ զարգացումներ կլինեն, ու դրանք ինչպես կազդեն տնտեսական աճի եւ մակրոտնտեսական մյուս ցուցանիշների՝ այդ թվում պետական պարտքի վրա, դեռ դժվար է հստակ պատկերացում ունենալ՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ձեւավորվող իրավիճակն ու համավարակի հետագա տարածման ու հնարավոր նոր սահմանափակումների կիրառման ռիսկերը»: