Այն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նպատակը բացառապես թյուրքական շահերի սպասարկումն է հայկական շահերի հաշվին, եւ այն ի նպաստ է ՀՀ պետականության՝ բառացիորեն կործանման, ակնհայտ է։ Ընդ որում՝ խոր գիտելիքներ պետք չեն դա հասկանալու, ըմբռնելու համար։ Դա են վկայում թյուրքական երկու պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ պետական ամենաբարձր մակարդակով տարվող ամենօրյա հայատյաց հռետորաբանությունն ու դրան ուղղված գործնական քայլերը։ «Զանգեզուրի միջանցքին» ժամանակ առ ժամանակ տալիս են «ճանապարհ» անունը, բայց դրանից էությունը չի փոխվում։ Որովհետեւ եթե թյուրքական կողմի ուզածը ճանապարհն է, ապա նա պետք է որ համաձայներ ՀՀ իշխանությունների առաջարկած երեք ճանապարհների հետ։ Բայց թշնամու ուզածը հենց ՀՀ Սյունիքի մարզով անցնող միջանցքն է։ Այստեղ մեկ այլ հարց բաց է մնում մեզ համար. եթե, ենթադրենք, Անկարան համաձայնում է (Բաքուն Անկարայի գործիքն է ընդամենը, ուստի չենք առանձնացնում) այդ երեք ճանապարհներին, ապա այդ ճանապարհները վերահսկողության ի՞նչ ռեժիմով են գործելու, դրանք արդյոք միայն հենց ճանապարհային նշանակությո՞ւն են ունենալու, թե՞ ՀՀ տարածքը երեք տեղով ճեղք է տալու։
Առայժմ այս հարցը առկախ ենք թողնում, քանզի Անկարայի նպատակը Սյունիքո՛վ անցնող միջանցքն է՝ Մեղրիի շրջանում։ «Միջանցք», «ճանապարհ». ինչ անուն ուզում են տալ, նպատակը նույնն է՝ մեղմ բնութագրմամբ՝ Հայաստանին վերջնականապես բոլոր հնարավորություններից զրկելը, իրական բնութագրմամբ՝ վերջնական կործանումը։ Որովհետեւ եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը Հայաստանի Հանրապետության պետականության եւ ընդհանրապես հայության համար, ապա կհասկանանք, թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանը մշտապես իրենց աչքը տնկած այդ տարածքին եւ թե ինչու են արցախյան երրորդ պատերազմից հետո այդքան ագրեսիվ իրենց հայտարարություններում ու ինչու են այդպես ցանկանում տիրանալ Մեղրիի միջանցքին: Աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային ծավալումները վկայում են մի բան. մանավանդ տարածաշրջանային յուրաքանչյուր զարգացումում Սյունիքը վճռորոշ դեր է ունենալու: Կկարողանանք Սյունիքը պահել, տարածաշրջանում դեռ կկարողանանք ձայնի իրավունք ստանալու հույս ունենալ ու քայլեր անել։ Առանց այն էլ Արցախի մեծ մասի կորստով մենք տարածաշրջանային սուբյեկտից օբյեկտի ենք վերածվել։ Եվ Սյունիքն է հիմա մեր հենարանը։
2022 թ. սեպտեմբերի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասում է, թե ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջեւ սահմանը հատելու իրավական ռեժիմը։ Բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, այն է՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Այսինքն՝ եթե ճանապարհն անցնի հայկական տարածքով, ուրեմն դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական տարածքով, ուրեմն՝ ադրբեջանական: «Չկա «արտատարածքային միջանցք», որը որեւէ կերպ կխախտի կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, դա չկա եւ չի կարող լինել»,- սրանք ՌԴ փոխվարչապետի խոսքերն են «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցից։
Փաստն այն է սակայն, որ, ինչ անուն էլ տրվի, թյուրքական կողմը դա համարում է միջանցք եւ ուզո՛ւմ է միջանցք ու միջանցքային կարգավիճակ, որովհետեւ դա իր նպատակն է։ Նպատակ, որ չի էլ թաքցվում. Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ թույլ չի տալու, որ Հայաստանը վերականգնի իր ուժերը։ Հետեւաբար, եթե նույնիսկ այդ «միջանցք», «ճանապարհ», կամ հետո ինչ անուն որ կհորինեն ու ինչ բառախաղ կտան, չի լինելու մեր շահերից բխող, ծառայելու է թյուրքական էքսպանսիային։ Որովհետեւ Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետությունը «հնագույն ադրբեջանական հող է»։ ««Զանգեզուրը, որը հնագույն ադրբեջանական հող է, այժմ կխաղա թյուրքական աշխարհին կապող դերը». սրանք Ալիեւի խոսքերն են։ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագա շահերին։ Ես պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ ասել եմ, որ իրենք իրենց կամքով պետք է դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Եվ այդպես էլ եղավ։ Նույնը կլինի Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Մեր հիմնական մրցակիցը ժամանակն է։ Որովհետեւ երկաթուղու, մայրուղու տեղադրումը ժամանակ է պահանջում։ Ուստի բոլոր ուժերը մոբիլիզացված են այս նախագծի իրականացման համար։ Այսպիսով՝ ադրբեջանական ժողովուրդը 101 տարի անց կվերադառնա գրավված Զանգեզուր». սրանք էլ են Ալիեւի խոսքերը։ Հիմա սա ենթադրում է ճանապարհ, միջանցք, ապաշրջափակում թե կարուսել, էական չէ։ Էականը դրանց նպատակն է, որտեղ մենք կորցնում ենք մեր նպատակները։
Իրականում թյուրքական կողմը ոչ մի ապաշրջափակում չի ուզում։ Որովհետեւ Թուրքիան ու դրա կովկասյան տարրը իբր ապաշրջափակման ծրագրի շրջանակներում տարածաշրջանային այնպիսի տրանսպորտային գծագիր են անում, որում Հայաստանը չունի որեւէ հնարավորություն շահառու դառնալու: «Զանգեզուրի միջանցքը» երազողներից մեկը՝ Ադրբեջանական ԽՍՀ ավտոճանապարհների նախկին փոխնախարար Մաիր Ալեքպերովը, դեռ 2021 թ. այն անվանել է «Թուրքական մայրուղի»։
«nic-pnb.ru» կայքը (Ազգային անվտանգության խնդիրների գիտահետազոտական կենտրոն) 2021 թ. ապրիլին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մի հրապարակում է զետեղել, որում Սյունիքին տիրանալու աշխարհաքաղաքական նպատակներին հավելում է նաեւ տնտեսական նպատակները։ Դե, իհարկե, թյուրքական կողմը հո չէր կարող մոռանալ, որ Սյունիքի Որոտանի ՀԷԿ-երի կասկադը ստեղծման օրվանից նաեւ Նախիջեւանի էլեկտրաէներգետիկ կարիքներն է բավարարել։ «Արաքսի վրա Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման կանգնած նախագիծը նույնպես կարող է բավական «գրավիչ» լինել Բաքվի համար, իհարկե՝ իր պայմաններով։ Չպետք է մոռանալ տեղական բարձրորակ հումքի (պղինձ, կոբալտ, բիսմութ, մոլիբդեն) վրա հիմնված գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների մասին Կապան-Քաջարան շրջանում»,-գրում է հետազոտական կենտրոնի կայքը՝ հավելելով, թե այսօր Երեւանին Թուրքիայի աջակցությամբ փաստացի վերջնագիր է ներկայացվում՝ «Զանգեզուրը տալ Ադրբեջանին»։ Փաստ է՝ «Բաքուն եւ Անկարան, հավակնելով Զանգեզուրին, ձգտում են աշխարհագրորեն կտրել Հայաստանը Իրանից: Ստանալով առնվազն Մեղրիի շրջանը, Բաքուն վերահսկելու է նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ սահմանը Իրանի հետ Անդրկովկասում, ինչը գրեթե չի գրավում Մոսկվային եւ Թեհրանին»։
Եթե այս ամենին հավելենք, թե մեր Արցախից օկուպացրած տարածքներում ովքեր են այս պահին Ադրբեջանի կողքին կանգնածները եւ մեր հարստության շահառուները, շատ բան ավելի հստակ կերեւակվի։ Թյուրքական աշխարհին աջակցող շահառուների համար ոչինչ չի փոխվել. նրանք մշտապես պատրաստ են զոհաբերել հայկական շահերը հանուն իրենց նպատակների։ Այդ շահառուները արցախյան առաջին ազատամարտից հետո սկսեցին, 44-օրյայից հետո կրկին ակտիվացան։ Եվ ակտիվ են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցում մեր՝ աշխարհագրորեն նպաստավոր դիրքը, որ իրականում խաչմերուկային է, ոչ թե փակուղային, որ այդ դիրքը մերն է, ոչ թե թշնամունը կամ նրան աջակցողներինն ու սպասարկողներինը։ Եվ որ այդ դիրքը մերը պահելու համար Հայաստանի տարածքով չի կարող անցնել որեւէ միջանցք՝ ինչ անուն ու նպատակ ուզում է վերագրվի։