Ադրբեջանի նախագահը դեռ նախորդ տարի հայտարարել էր 2023 թ. ռեկորդային ռազմական ծախսերի մասին. տեղեկությունը միջազգային ԶԼՄ-ները հրապարակեցին 2022 թ. նոյեմբերի 8-ին։ Հղում անելով թյուրքական աղբյուրներին՝ «Շուշի» անվանումը իբրեւ «Շուշա» կիրառեցին եւ հաղորդեցին, թե «2023 թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային բարձր մակարդակի՝ ինչպես հայտարարել է Իլհամ Ալիեւը Շուշայում զինվորականների հետ զրույցում»։ Ի՜նչ արեցինք մենք. «Շուշան» ականջի կողքով բաց թողեցինք՝ պնդելով, թե՝ միեւնույն է, խաղաղության օրակարգով ենք գնալու։
Բաքուն արտաքին լսարանի համար փոխանցեց. «Կարող եք հարցնել՝ ինչու, պատերազմն ավարտվեց, երկու տարի անցավ, պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում ուժեր ու շրջանակներ են հայտնվում, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի ելքի հետ»։ Ի՜նչ արեցինք մենք. դարձյալ պնդեցինք՝ խաղաղություն ենք ուզում։
Բաքուն բացահայտ ծաղրեց. «Հայաստանը լիովին չի կատարում 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությունը… Հայաստանը մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը եւ պարբերաբար ռազմական սադրանքներ է անում մեր դեմ, իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք, եւ մենք պատրաստ ենք… Բաքուն խաղաղություն է ուզում, ոչ թե պատերազմ, արդար պայմաններ է առաջադրում, եւ այդ պայմաններով պետք է խաղաղության պայմանագիր կնքվի»։ Այո, նոյեմբերի 10-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք անգամ չկա, բայց Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս մտած ադրբեջանական զինուժին ոչ թե վռնդեցինք երկրի սահմաններից, այլ՝ կոչ արեցինք հեռանալ։ Բաքուն, իհարկե, այնքան ցինիկացավ, որ խոստովանեց, թե այո, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չկա նոյեմբերյան հայտարարությունում, եւ հենց ինքը՝ Ալիեւն է դա մտցրել «աշխարհաքաղաքական լեքսիկոն»։ Աշխարհաքաղաքական «ժողովրդավար» ուժերն էլ բռնապետ Ալիեւին չասացին, թե՝ այդ ո՜վ եղար, որ աշխարհաքաղաքական լեքսիկոնում տերմիններ շրջանառես։ Չասացին, որովհետեւ իրենց թողտվությամբ էր՝ սեփական շահերից ելնելով։
Բաքուն բացահայտ սպառնալիքի անցավ. «Ե՛վ կառուցվածքային բարեփոխումները, ե՛ւ նոր կազմավորումների ստեղծումը, ե՛ւ գոյություն ունեցող կազմավորումների քանակի ավելացումը, զենքով եւ զինամթերքով զինելը, նոր տեխնիկայով համալրելը ամենաբարձր մակարդակի վրա են… Ադրբեջանի ներկայիս բանակն ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ, եւ սա բոլորը պետք է իմանան, եւ Հայաստանը…»։ Մենք պնդեցինք՝ դարձյալ հավաստում ենք՝ խաղաղություն ենք ուզում։ Ադրբեջանն ասում է՝ խաղաղություն է ուզում, բայց սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է սկսում Հայաստանի դեմ։ Հայկական կողմի զոհերի թվից դատելով՝ դա հարձակում չէր, այլ՝ պատերազմ, երբ մեկ օրում ավելի շատ զոհ տվեցինք, քան ապրիլյան քառօրյայում։ Սա այն է, ինչ թյուրքական կողմը կոչում է «արդար պայմաններ»։ Հայկական կողմը հստակ, շեշտված չի ձեւակերպում, թե որն է ի՛ր «արդար պայմանը»՝ սպասելով միջազգային գործողությունների։
Այդ գործողությունները, անշուշտ, կան, բայց ոչ հօգուտ մեզ։ Մեր բաժինը միջազգային կոչերն են՝ հավասարության նշանով, թե «կողմերը պետք է հանդարտվեն»։ Միջազգային ոչ մի կողմ, բնականաբար, չի ասում, թե՝ հայկական կողմն այնքան հարդարտ է, որ այլեւս հանդարտվելու տեղ չկա։ Անկեղծ լինելու համար ասենք՝ հնչել են դեպի Ադրբեջան ուղղվող սլաքներով հայտարարություններ, բայց դրանք կոչերի մակարդակին էլ մնացել են, որովհետեւ այդ հայտարարություններին չեն հետեւել գործողություններ, իմա՝ պատժիչ մեխանիզմներ չեն կիրառվել։
Իսկ չեն կիրառվել, որովհետեւ հայկական կողմի հանդարտվելն ու ադրբեջանական կողմի պատերազմատենչությունը ձեռք են տալիս շատ կողմերի, որոնք այսօր իրենց շահերն են իրացնում 44-օրյայից հետո թյուրքական կողմից օկուպացված հայկական տարածքներում։ «Արդար պայման» ուզող Ադրբեջանը այս տարի իր ռազմական բյուջեն ավելացրել է 4.6 տոկոսով` 2022 թ. համեմատ։ «Արդար պայման» ուզող Ադրբեջանի հովանավոր Թուրքիան էլ ռեկորդային է գործել։ Դեռ նախորդ տարի «Voice of Turkey» լրատվական պորտալը գրեց, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 469 մլրդ լիրայի կհասնեն (հատելով 25 մլրդ դոլարի սահմանագիծը)։ Մինչ այս Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թ.՝ 20.6 մլրդ դոլար։ Նախատեսվում է մինչեւ 2024-2027 թթ. ռազմական բյուջեն հասցնել 30 միլիարդ դոլարի։ Թե ինչ շահեր ունի Մեծ Բրիտանիան մեր տարածաշրջանում (ու ոչ միայն), գիտենք։ Նա էլ է զինվում։ Վարչապետ Սունակի գրասենյակն ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում Մեծ Բրիտանիան ցանկանում է իր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5 տոկոսի (ներկայումս 2 տոկոսից մի փոքր ավելի): Զեկույցում ասվում է, որ 2025 թ. հետո պաշտպանության բյուջեն կվերանայվի հետագա աճի ուղղությամբ՝ առկայության դեպքում։ Բրիտանական ռազմական բյուջեն կազմում է տարեկան 48,6 միլիարդ ֆունտ (58,4 միլիարդ դոլար): Ավելի վաղ տեղական թերթերը հայտնել էին, որ բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետը սպառնացել է հրաժարական տալ, եթե Թագավորության պաշտպանության նախարարությունը չհասնի բանակի ֆինանսավորման ավելացմանը՝ անվտանգության աճող սպառնալիքների ֆոնին։ Ադրբեջանին 44-օրյային լավ զինած Իսրայելը նույնպես հետ չի մնում. SIPRI-ի տվյալներով` 2018 թ. աշխարհում 17-րդն էր։
Ավելին՝ Իսրայելը 2011-2020 թթ. մեր թշնամու ձեռք բերած զենքի 27 տոկոսի «առաքիչ դոնն է» դարձել։ Ըստ SIPRI-ի (Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ)՝ Իսրայելի մատակարարումները գլխավորապես արվել են 2016-2020 թթ.։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական դոնորն Իսրայելն է եղել։ Ինստիտուտը նշում է, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ տեղեկություն կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին: Ռուսաստանը զենք է մատակարարել եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին։ Հիշյալ ինստիտուտը, մեջբերելով Ալիեւի հայտարարությունը, գրել է, որ 2018-ի դրությամբ այդ երկիրը Ռուսաստանից ընդհանուր 5 մլրդ դոլարի զենք էր գնել: ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսին 2011-2020 թթ. բաժին է ընկել Ադրբեջանի ռազմական ներկրումների 7,1 տոկոսը: 2011-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ձեռքբերումներում Թուրքիայի մասնակցությունը 2,9 տոկոս է։ Կրկնենք՝ բաց, հայտնի թվերն են սրանք։
Թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու թյուրքական «խաղաղության» իրական դեմքը եւ հայկական խաղաղության հայցի ողբերգական հետեւանքները։ Եվ այս ամենի համապատկերում, երբ մենք պետք է մեր բանակը զինելու (արտադրություն եւ ներկրում) համար զարկ տանք տնտեսությանն ու, մասնավորապես, ռազմարդյունաբերությանը, երբ մեզ համար թանկ է ամեն լուման, հայկական կապիտալն արտահոսում է ՌԴ, ԱՄՆ, ԱՄԷ, Գերմանիա, նույնիսկ Ուկրաինա եւն։ 2022 թ. դուրս ենք տվել 2.6 մլրդ դոլար (ըստ Հայաստանի բանկերի միության՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների հանրագումարն է)։
Կարող ենք, իհարկե, զուգահեռ համեմատություններ անել այլ երկրների համապատասխան ցուցանիշների հետ, բայց դա ժամանակի վատնում կլինի մի պարզ պատճառով. մենք ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած, մենք ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ ժամերի ընթացքում ծավալումներ են փոխվում, մենք ենք Արցախի մեծ մասը կորցրել ու հայտնվել մի վիճակում, երբ ամեն օր այդ ծավալումներն ավելի ու ավելի վտանգավոր են դառնում, իսկ հնարավոր բարենպաստ ծավալումների ուղղությամբ դեռ գործուն չենք աշխատում։ Խաղաղություն չի լինելու, որովհետեւ թշնամին բացահայտ հայտարարում է մեր վերջնական կործանման իր ցանկության մասին։ Իսկ այս իրավիճակում մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու այդ զինվելու համար կայուն գումար աշխատելը։