ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոնգ Ռասմուսենի՝ Հայաստանում գտնվելու օրերին Ադրբեջանն ինտենսիվացրել է հրադադարի խախտման վերաբերյալ կեղծ տեղեկությունների մասին լուրերի տարածումը՝ զուգահեռ կրակելով սահմանի տարբեր հատվածներում: Մեկ օրվա ընթացքում պաշտոնական Բաքուն երկու ապատեղեկատվություն տարածեց արցախաադրբեջանական շփման գծում, իբր, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հրադադարը խախտելու մասին: Մարտունու շրջանում հրադադարի խախտման մասին մարտի 14-ի երեկոյան հաղորդագրություն տարածեց նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Միանշանակ է, որ հրադադարը խախտել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները:
ՆԱՏՕ-ի պես խոշորագույն կառույցի ղեկավարներին նախկին որակելը հարաբերական է, եւ Ռասմուսենի այցը Հայաստան իր բովանդակության ու ձեւի մեջ էական ուղերձներ է պարունակում: Պատահական չէ, որ նա այդ ուղերձները հղեց հենց Ջերմուկից, որի ուղղությամբ Ադրբեջանը ռազմական հարձակում էր իրականացրել 2022 թ. սեպտեմբերին: Իրադարձության մյուս հատկանշական կողմն այն է, որ Անդերս Ֆոնգ Ռասմուսենը կոշտ հորդոր է հղում ՆԱՏՕ-ի առանցքային պետության՝ Թուրքիայի մերձավոր դաշնակցի ուղղությամբ:
Իսկ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն Ադրբեջանի նախագահին Ջերմուկից կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը եւ դադարեցնել Արցախի շրջափակումը: Ռասմուսենը հայտարարեց, որ շրջափակումն անօրինական է, ինչի մասին որոշում է կայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Ուշագրավ է նաեւ, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այցելել է նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամաս եւ իր խոսքում զգալի տեղ հատկացրել այն հումանիտար ճգնաժամին, որի մեջ հայտնվել է Արցախի ժողովուրդը:
Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին ղեկավարի այցի ֆոնին Բաքուն ակտիվ ապատեղեկատվություն է տարածում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու՝ Արցախի տարածքների վերաբերյալ, եւ այն դեպքում, երբ Ռասմուսենը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքներից: Սա Բաքվի բազմաթիվ ագրեսիաներին համարժեք գնահատականներ չտալու հետեւանք է, երբ այդ երկրի իշխանությունները միջազգային խոշորագույն կառույցի նախկին ղեկավարի հորդորներին պատասխանում են կրակոցների արձակմամբ եւ ակնհայտ ագրեսիայի նախապատրաստում ենթադրող կեղծ տեղեկատվության տարածմամբ:
Այս ամենը խոսում է մեկ բացարձակ ճշմարտության մասին. քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ եւ իրավիճակը լարելուն միտված գործողություններին չեն հետեւել պատժամիջոցները, կառուցողականության դաշտ վերադառնալու բանավոր հորդորները եւ կոչերը կմնան «ձայն բարբառո հանապատի»: Բաքվի այս պահվածքը ոչ միայն վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության խաթարման առումով, այլեւ լրջագույն հարված է հասցնում միջազգային կառույցների վարկին՝ արժեզրկելով նրանց առաքելությունը: Հետեւաբար, Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելն արդեն դառնում է միջազգային կառույցների հեղինակության հարցը: