«Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում»: Առակաց 29:11
Զայրույթի ու դյուրագրգռության զսպումը գիտակցված որոշում է: Մեր կյանքում կատարվող իրադարձություններից ու երեւույթներից ունեցած դժգոհության զգացմունքային արտահայտման համար կան ավելի հասուն ու առողջ մեթոդներ: Մեր զգացմունքների ազատ արտահայտման տակ մենք հաճախ դառնում ենք ուրիշների նկատմամբ թերզգայուն: Մենք կուրանում ենք մեր զգացմունքներից եւ չենք մտածում, թե ուրիշներն ինչպե՞ս են զգում մեր զայրույթի եւ դժգոհության պահին:
Աստծո խոսքը մեզ ուսուցանում է լինել իմաստուն, չկորցնել ինքնատիրապետումը եւ հավասարակշռությունը: Հարկավոր է, որ մեր զգացմունքները չտիրապետեն մեզ վրա: Եթե մենք սովորեցնենք մեզ զսպվածության հիմա, ապա զայրույթից բխող շատ փորձանքներից կապահովագրենք հետագայում:
Մտածված պատասխանը կօգնի հաղթահարել զայրույթը
Զայրույթը շատ մեծ խթան է ինչ-որ բան անելու կամ ասելու համար: Զայրույթի պահին մենք ինչ-որ կերպ արձագանքելով, ավելի ենք վատթարացնում իրավիճակը, ընտրելով գործողությունների ոչ ճիշտ ընթացք: Դադար վերցրեք եւ մտածեք ապագայի մասին: Օգտագործեք այդ պահը, որպեսզի նայեք ձեր սրտին եւ հասկանաք, թե ինչո՞ւ եք դուք զայրանում:
Մտորեք, թե Աստված ինչպե՞ս է ցանկանում, որ դուք արձագանքեք նման իրավիճակներում եւ հաղթահարեք ձեր զայրույթը:
«Բարկանաք՝ մի մեղանչէք. թող արեգակը ձեր բարկութեան վերայ չմտնէ: Եւ տեղի չտաք սատանային»: Եփեսացիս 4:26-27
Ձեզ մոտ դեռ կա՞ն իրավիճակներ, երբ դուք զայրանում եք: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ձերբազատվեք զայրույթից:
Սերը կօգնի ձեզ հաղթահարելու զայրույթը
«Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը»: Ա Պետրոս 4:8
Աստված կամենում է, որ մենք կատարյալ լինենք: Ինչ-որ մեկը մեզ ցա՞վ է պատճառում, կամ անում է այնպիսի բաներ, որոնք մենք սխա՞լ ենք համարում: Կարող ենք հույսներս դնել սիրո վրա եւ մեղմել մեր բարկությունը ու պաշտպանել մեր սիրտը:
«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում: Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ»: Ա Կորնթացիս 13:4-6
Սերը մեզ հնարավորություն է ընձեռում չցավեցնել նրանց, ում մենք սիրում ենք: Այն մեզ թույլ է տալիս այսուհետ եւս ապրել եւ ներել:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ