Շարունակելով իմաստնության թեման, հարկավոր է հիշել նաեւ Մատթեոսի ավետարանի առակը տասը լապտերներով կույսերի եւ քանքարների մասին.
«Այն ժամանակ կնմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմավորելու։ Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չառան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։ Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։ Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսա, գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։ Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։ Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ եւ ձեզ բաւական չլինի. բայց աւելի լաւէ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։ Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։ Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չգիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, որ նորանում մարդու որդին կգայ»։ Մատթեոս 25։1-13
Իսկ ինչպիսի՞ մարդիկ են հիմար, անզգամ անվանվում Գրքերի Գրքում։
«Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. նորանք ապականուեցան եւ գարշելի եղան իրանց գործքերովը. ոչ ով չկայ, որ բարի գործէ։ Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ»։ Սաղմոս 14։1-2
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ