Ավետարանում շատ առակներ են ներկայացված։ Դրանց թվում կան ե՛ւ երկարները, ե՛ւ շատ կարճերը, որոնք, սակայն, պակաս ուսուցողական չեն։ Աստվածաշնչյան կարճ առակների թիվն այնքան էլ շատ չէ, որոնք մեզ սովորեցնում են լինել ազնիվ, ճշտորեն կատարել մեզ հանձնարարված գործերը, չթաղել մեր ունակությունները, այլ դրանցով ծառայել Աստծուն եւ մարդկանց։
Հարուստի եւ աղքատ Ղազարոսի առակը
Հարուստը մահանում եւ ընկնում է դժոխք, իսկ աղքատ Ղազարոսին Աբրահամն է առնում իր գիրկը, դրախտում։ Հարուստը խնդրում է, որ Աբրահամը թույլ տա Ղազարոսին՝ օգնելու թեթեւացնել իր տանջանքները, սակայն մերժվում է։ Երկրային կյանքում հարուստը որեւէ կերպ չօգնեց Ղազարոսին, ով նրա ապարանքի դռների մոտ ողջ կյանքն ապրեց սովատանջ, այլ իր ողջ կարողությունը վատնում էր խրախճանքների ու շվայտ կյանք վարելու վրա։
Տեսնելով, որ ինքն անհուսալի վիճակում է, հարուստը խնդրում է Ղազարոսին հետ ուղարկել, որպեսզի վկայի իր հինգ եղբայրներին դրախտի եւ դժոխքի մասին, որովհետեւ հանդերձյալ աշխարհից վերադարձածին նրանք կհավատան եւ կապաշխարեն։ Սակայն Աբրահամը պատասխանեց նրան.
«Նորանք Մովսէսին եւ մարգարէներին ունին, թող նորանց լսեն։ Նա էլ ասեց. Ոչ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մէկը նորանց մօտ գնայ, կապաշխարեն։ Եւ նորան ասեց. Եթէ Մովսէսին եւ մարգարէներին ականջ չեն դնում, չեն էլ համոզուիլ՝ եթէ մեռելներից մէկը յարութիւն առնէ»։ Ղուկաս 16։29-31
Թզենու առակը
«Այս առակն էլ ասեց. Մի մարդ իր այգու մէջ մի թզենի էր տնկել. եւ եկաւ, նորա վերայ պտուղ որոնելու, եւ չգտաւ։ Եւ այգեպանին ասեց. Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. կտրիր դորան, ինչո՞ւ դա երկիրն էլ խափանէ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ ածեմ։ Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան»։ Ղուկաս 13։6-9
Այս առակի իմաստն էլ թերեւս այն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար յուրաքանչյուր հոգու փրկությունն է կարեւոր։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ