Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Հայի համար չէ հուսահատություն ասվածը…»

Ապավինենք հայության համահավաք ներուժին

Հուլիսի 19, 2022
Հոգեւոր
«Հայի համար չէ հուսահատություն ասվածը…»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
567
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ավետարանական եկեղեցու 175-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Երեւան էր ժամանել նաեւ Պարսից ծոցի երկրների Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր ՃԵՊԵՃՅԱՆԸ, ում հետ զրույցն սկսեցինք՝ խնդրելով նախ համառոտակի ներկայացնել իրեն:

-Ծնվել, մեծացել, կրթվել, դաստիարակվել եմ Բեյրութում, ապրել եմ Լիբանանի քաղաքացիական պատերազմի բոլոր դժվարությունները: 2005 թ. աշխատանքային նստավայրս փոխադրվեց Կիպրոս, որտեղ էլ հաստատվեցինք ընտանիքով: Մասնագիտությամբ աստվածաբանության դոկտոր եմ, որն ստացել եմ Նյու Յորքի աստվածաբանական ճեմարանում:

-Ո՞րն է Ձեր Գործունեության բուն նպատակը:

-Մեր նպատակն է քաջալերել մարդկանց, որպեսզի կարդան, ուսումնասիրեն «Աստվածաշունչը» եւ հասկանան՝ մեկնաբանելով այն իրենց լեզվական, մշակութային եւ պատմաքաղաքական տեսանկյունից եւ այդ տեսանկյունից էլ փորձեն յուրացնել գրքերի Գիրքը: Արդեն 42 տարի է, ինչ համագործակցում եմ միջազգային քրիստոնեական «Աստվածաշնչյան ընկերություն» կազմակերպության հետ, որը գործում է շուրջ երկու հարյուր երկրներում: Ես այդ կազմակերպության Արաբական ծոցի կամ Միջին Արեւելքի երկրների ընդհանուր տնօրենն եմ: Մեր կազմակերպությունը միջքրիստոնեական եւ միջդավանաբանական կազմակերպություն է այն իմաստով, որ ձգտում ենք առանց խտրականության համագործակցել բոլոր քրիստոնեական եկեղեցիների հետ, որովհետեւ «Աստվածաշունչը» բոլոր համայնքների, բոլոր եկեղեցիների Գիրքն է: Իմ մասնագիտական գործունեությունից զատ, նկատի ունենալով, որ հայ եմ ու ճամփորդում եմ աշխարհով մեկ, միշտ էլ ժամանակ եմ գտնում տեսնելու-առնչվելու հայկական իրողությունների, հայ մարդկանց հետ, զրուցելու, հասկանալու նրանց կենսակերպը, նրանց հոգեբանական ու աշխարհընկալման առանձնահատկությունները: Այդ ճամփորդություններից ու հանդիպումներից ստացած տպավորությունների արդյունք են իմ երկու գրքերը՝ հոդվածներ, հուշագրություններ, մտորումներ, թե ինչ է նշանակում լինել ու հայ մնալ ամենատարբեր երկրներում: Սրանցով փորձել եմ իմ համեստ նպաստը բերել հայապահպանությանը:

-Դրանք հայերե՞ն հրատարակված գրքեր են, թե՞ օտարալեզու:

-Անշուշտ, հայերեն: Առաջինը՝ «Հայու գոյապայքարի ճանապարհը»՝ հրատարակված 2010-ին, երկրորդը՝ «Սփյուռքահայ կյանքը ինչպես որ տեսա»՝ 2018-ին:

-Դուք, փաստորեն, քաջատեղյակ եք սփյուռքահայ գաղութներին, մեր ազգակիցների առջեւ ծառացած խնդիրներին, մտահոգող հարցերին, ուծացման վտանգներին: Իսկ ավելի որոշակիորեն ի՞նչ կերպ եք փորձում նպաստել հայապահպանությանը, ի՞նչ քայլերով:

-Նախեւառաջ խորքով ճանաչել յուրաքանչյուր գաղութի վիճակը, որովհետեւ շատ մեծ եւ ընդգրկուն է սփյուռք ասվածը, շատ գունեղ ու տարաբնույթ: Տարբեր հանդիպումների ժամանակ միշտ ասում եմ՝ մենք նույնը չենք, տարբեր են մեր խառնվածքները, բայց ամենակարեւորը՝ ամենքս հայ ենք: Եվ մեզ միացնողը մեր հայկական ինքնությունն է, լեզուն ու մեր մշակույթը, թեեւ սփյուռքի որեւէ երկրում ծնվածը բնականորեն ժառանգած է լինում նաեւ տվյալ երկրի ու ժողովրդի պատմա-մշակութային, քաղաքական, կենսակերպի իրողություններն ու պայմանները: Եվ ահա ջանում ենք հարթեցնել գաղութների միջեւ եղած տարբերությունները, ստեղծել համահայկական հարթակ՝ այն առնչելով, կամրջելով մայր Հայաստանի եւ Արցախի հետ: Հավելեմ նաեւ, որ այս նույն նպատակին ծառայելու է միտված կազմակերպության՝ սփյուռքահայերի, մանավանդ հայ մանուկների համար հայերենով հրատարակվող Սուրբ գիրքն ու «Մանկական աստվածաշունչը»՝ այս կերպ քաջալերելով հայերեն ընթերցանությունը:

-Նշեցիք, որ Ձեր աշխատավայրը Կիպրոսում է: Իսկ որտե՞ղ եք հաստատված այժմ:

-Քանի որ մշտապես շրջագայությունների մեջ եմ՝ հարցը շատ տեղին է. լինելով կազմակերպության այդ տարածաշրջանի տնօրենը՝ վերջին 4-5 տարիներին հանգրվանել եմ Քուվեյթում, որտեղ նաեւ կինս է. նա դասախոս է այս երկրի Ամերիկյան համալսարանում: Նաեւ այս առումով էր, որ նպատակահարմար գտանք ընտանիքով մեկտեղվել:

-Ուստի տեղին է, որ հարցնեմ քուվեյթահայության ներկա վիճակի մասին. արտագաղթեցի՞ն, մնացի՞ն, ազգապահպանման ի՞նչ հաստատություններ կան, եւ կա՞ն արդյոք:

-Նախ ասեմ, որ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների գաղթօջախների պատմությունը բավականին նոր է՝ անցյալ դարի 50-60-ականների: Ինչո՞ւ է նոր: Որովհետեւ այս երկրները՝ Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Քաթար, համեմատաբար նոր երկրներ են եւ, շնորհիվ հայտնաբերված նավթային, գազային պաշարների, միայն վերջին շրջանում սկսեցին ծաղկել՝ ազատագրվելով անգլիական գաղութատիրությունից: Հենց այդ թվականներից էլ, երբ կյանքը բարելավվում էր, հայերն սկսեցին հաստատվել Քուվեյթում: Բայց մի խնդիր կա՝ նույնիսկ սերնդափոխ սերունդները իրավունք չեն ստանում տվյալ երկրի քաղաքացիության: Այդպես է նաեւ Քուվեյթի պարագայում: Կարող են աշխատել, տուն-տեղ դնել, գումարներ ստանալ, բայց՝ հյուրի կարգավիճակով, օտարներն իրավունք չունեն պահանջներ ներկայացնելու: Գաղութն էլ է նույն կարգավիճակում, թեեւ կառավարությունը բարեհաճ է քրիստոնյաների նկատմամբ. ունենք Կիլիկիո կաթողիկոսությանը պատկանող եկեղեցի՝ իր առաջնորդով, տերհայրով: Եվ համայնքը համախմբված է եկեղեցու շուրջ: Մեզ արտոնված է ունենալ նաեւ մեկօրյա վարժարան, այսինքն՝ մանկապարտեզից մինչեւ երկրորդական վարժարան: Մոտ 300 աշակերտ հայոց լեզու, հայոց պատմություն  է ուսանում, քրիստոնեական դաստիարակություն է ստանում այդ կրթարանում: Հետեւում ենք մեր երեխաների նաեւ հետագա պետական կրթական ծրագրին՝ բուհեր, ինստիտուտներ, համալսարաններ:

-Իսկ որքա՞ն է հայերի թիվը Քուվեյթում, Պարսից ծոցի մյուս երկրներում:

-Քուվեյթում՝ մոտ 3000, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայ, Աբուդաբի, ունենք շուրջ 5000 հայություն: Շարժայում գործում է հայկական մեկ եկեղեցի, Դուբայում՝ եւս մեկը, բայց այս քաղաքներում վարժարան չունենք: Ուստի նախաձեռնել ենք շաբաթական մեկ անգամ եկեղեցու շրջանակներում հայերենի երկժամյա դասընթացներ անցկացնել հայ մանուկների, պատանիների համար, որպեսզի մայրենին չմոռանան: Մյուս երկրներում ավելի փոքրաթիվ է հայությունը՝ Քաթարում շուրջ 300 հայ է ապրում, եկեղեցի չունի, Աբուդաբիից սրբազանն է տարին մի քանի անգամ գալիս եւ այլ եկեղեցիներում պատարագ տալիս: Բահրեյնում մոտ 50 հայորդիներ են ապրում: Չունեն ոչ եկեղեցի, ոչ էլ որեւէ հայեցի կրթարան: Օմանում նրանց թիվը 35-40-ն է, կազմակերպված գրեթե ոչինչ չկա: Պիտի ասեմ, որ այս տարածաշրջանում հայկական իրականությունը ասվածով չի սահմանափակվում. այս երկրներ հայերը շարունակում են գալ Հալեպից, Իրանից, նաեւ Հայաստանից: Եվ ջանում են պահել մայրենի լեզուն:

-Հայաստանում հաճախ եք եղել, իսկ Արցախո՞ւմ…

-Իհարկե, այն էլ՝ երկու անգամ: Առաջին գրքիս շնորհանդեսն այնտեղ եմ արել: Երկրորդ անգամ եղել եմ 2019-ին, երկրորդ գրքիս շնորհանդեսը արել Արցախի պետական համալսարանում, ելույթներ ունեցել տեղի հեռուստատեսությամբ, հանդիպել պետական պաշտոնատար անձանց հետ, զրուցել Արցախ-սփյուռք փոխհարաբերությունների մասին: Ցավոք, այս այցս շատ էր ծանրաբեռնված, եւ չկարողացա մեկնել մեր հերոսական լեռնակղզի՝ մաքառող ու աննկուն Արցախ:

-Դուք վաղը մեկնելու եք հայրենիքից. ի՞նչ տպավորություններով, ինչպիսի՞ մտորումներով:

-Վերջին՝ 44-օրյա պատերազմը ծանր ապրումներ պատճառեց յուրաքանչյուր հայորդու: Մանավանդ Եռաբլուրը, որ բարձրացանք… Բայց հուսահատություն ասվածը հայի համար չէ՝ ավելի աղետալի փորձություններ ենք հաղթահարել: Այս անգամ էլ ենք արժանապատվորեն հաղթահարելու: Արդեն նկատելի է, որ  փոխվում է կյանքը: Այս առումով շատ կարեւոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդումը: Սփյուռքը, մարդկային, մասնագիտական իմաստով, ուժ է, եւ այդ ուժն է, որ պիտի փորձենք կիրառել հայրենիքի զորացման հրամայականով:

-Ասել է, թե չեք տարակուսում հայի ներուժին:

-Անտարակույս: Մեր ուժը փափուկ, մտավոր ուժն է՝ սփռված աշխարհով մեկ: Հարկ է խելամտորեն ի մի բերել այն, եւ աստվածաշնչյան մեր երկիրը, որ այսօր փոքր-ինչ տկարացել է, վերստին կհառնի ու կզորեղանա:

-Շնորհակալ եմ, այս լավատեսությամբ էլ ամփոփենք մեր զրույցը:

-Աստված զորավիգ մեր երկրին ու ժողովրդին:

Թեգեր: Հոգեւոր անկյունՀրայր ՃԵՊԵՃՅԱՆ
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Դառնալ քրիստոնյա

Այդ «լեզվանի աչքերի» հմայիչ տիրուհին…

Այդ «լեզվանի աչքերի» հմայիչ տիրուհին...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74
  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist