Նախ հարկավոր է տարբերակել Հին Ուխտի տասը պատվիրանները, որոնք Աստված Մովսեսի միջոցով տվեց մարդկանց, եւ Նոր Կտակարանի Երանելիները, որոնք ինն են։
Աստծո կողմից Մովսեսին տրված տասը պատվիրանները մարդկանց ուղղվեցին իրական կրոնի ձեւավորման արշալույսին, որպեսզի նրանց հեռու պահեն մեղքից, զգուշացնեն վտանգներից, իսկ Քրիստոնեական Երանության պատվիրանները, որոնք հնչում են Հիսուսի Լեռան քարոզի ժամանակ, ավելի շատ վերաբերում են հոգեւոր կյանքին, հոգեւոր զարգացմանը։ Քրիստոնեական Երանելիները տասը պատվիրանների տրամաբանական շարունակությունն են։
«Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։
Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին։
Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը։
Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կկշտանան։
Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն։
Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն։
Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչուին։
Երանի նորանց, որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։
Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը: Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը, որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային»։ Մատթեոս 5։3-12
Աստծո 10 պատվիրանները Արարչի կողմից տրվել են որպես լրացում ներքին բարոյական կողմնորոշմանը՝ խղճին։ Աստծո տասը պատվիրանները Մովսեսի միջոցով տրվեցին մարդկությանը Սինա լեռան վրա, երբ Իսրայելի ժողովուրդը վերադառնում էր ավետյաց երկիր եգիպտական գերությունից։ Առաջին չորս պատվիրանները կարգավորում են Աստծո եւ մարդու միջեւ փոխհարաբերությունները, իսկ մնացյալ վեցը՝ մարդկանց միջեւ փոխհարաբերությունները։ Տասը պատվիրանները Աստվածաշնչում ներկայացված են երկու անգամ. Ելից գրքի քսաներորդ գլխում եւ Երկրորդ Օրինաց գրքի հինգերորդ գլխում։
«Ես եմ Եհովան քո Աստուածը, որ քեզ Եգիպտոսի երկրիցը՝ ծառայութեան տանիցը հանեցի։
Ուրիշ Աստուածներ չունենաս իմ առաջին։
Քեզ համար կուռք չշինես, ոչ մի բանի նմանութիւն՝ վերեւում երկնքի մէջ՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերի մէջ. Երկրպագութիւն չանես նորանց, եւ նորանց չպաշտես. որովհետեւ Ես քո Եհովայ Աստուածը՝ նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդկանց վերայ՝ մինչեւ նորանց երրորդ եւ չորրորդ ազգը, որ ատում են ինձ. Եւ ողորմութիւն կանեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ պահում են իմ պատուիրանքները։
Քո Եհովայ Աստուծոյ անունը զուր տեղը չյիշես, որովհետեւ Եհովան անպատիժ չի թողիլ իր անունը զուր տեղը յիշողին։
Զգուշացիր հանգստութեան օրը սուրբ պահել, ինչպէս քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց։ Վեց օր աշխատես եւ բոլոր գործքդ անես. Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օրն է. ոչ քո որդին, ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան, ոչ քո աղախինը, ոչ քո եզը, ոչ քո էշը, եւ ոչ քո ամեն անասունը, եւ ոչ քո տան եղած օտարականը, որ քո ծառան եւ աղախինն էլ քեզ պէս հանգստանայ։ Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը զօրաւոր ձեռքով եւ բարձր բազուկով քեզ հանեց այնտեղից. նորա համար քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց որ հանգստութեան օրը պահես։
Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց, որ քո օրերը երկար լինեն, եւ քեզ համար բարի լինի այն երկրի վերայ, որ քո Եհովայ Աստուածը քեզ տալիս է։
Մի սպանիր։
Եւ մի շնանար։
Եւ մի գողանար։
Եւ քո դրացիի դէմ սուտ մի վկայիր։
Եւ քո դրացիի կնկան մի ցանկանար։ Եւ մի ցանկանար քո դրացիի տանը՝ ոչ նորա արտին՝ ոչ նորա ծառային՝ ոչ նորա աղախնին՝ ոչ նորա եզին՝ կամ նորա էշին՝ եւ քո դրացիի ոչ մէկ բանին»։ Երկրորդ Օրինաց 5։6-21
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ