«Եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանութիւն տուաւ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին…»: Հայտնություն 13։4
Մարդկությունը վիշապին ու գազանին դիմելու է էպիտետներով, որոնցով դիմել է միայ Աստծուն։ Երեքուկես տարի գազանն իրեն հռչակելու է ամենակալ, եւ մարդիկ երկրպագություն են անելու նրան։ Հենց այս իրավիճակը նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրում էր. «Այն հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ ( իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է»։ Թեսաղոնիկեցիս 2։4
Այնպես որ, Աստծո տաճարում նա կնստի եւ իրեն կներկայացնի որպես Աստված։ Ըստ շատ աստվածաբանների, այս փաստը հուշում է, որ աշխարհի վերջը, Քրիստոսի երկրորդ գալուստը կմոտենան, երբ անօրենը վերականգնի Աստծո տաճարը Երուսաղեմում եւ նստի այնտեղ որպես աշխարհի տիրակալ։
Սակայն մինչ այդ լինելու է ապստամբություն, ատելու են բոլոր սրբությունները, եւ շատ ու շատ նման բաներ են արվելու՝ սատանային ծառայություն մատուցելու համար։ Խորհրդային անաստված ու եկեղեցակործան, հալածանքի տարիներին նույնիսկ արձաններ էին կանգնեցնում սատանային։ Հնարավոր է՝ դեռ որոշները նույնիսկ մնացել են։ 1966 թ. ԱՄՆ իշխանությունների կողմից պաշտոնապես գրանցվել է Կալիֆորնիայում գործող սատանիստների եկեղեցին։ Այնտեղ կան սատանայի ավետարան, սեւ մեսիաներ, տոնակատարություններ՝ հելոիններ… Հելոինը, որ վերջին շրջանում մեծ տարածում է ստանում նաեւ Հայաստանում, անմեղ մի դիմակահանդես չէ, այլ սատանայական հակազատիկ… Նրանք ունեն իրենց տասը «պատվիրանները»՝ անհատականություն, եսասիրություն, ապստամբություն քրիստոնյաների դեմ, աջակցություն ցանկացած այլասերության…
Ժամանակի ընթացքում այդ եկեղեցին դառնում էր ավելի ու ավելի նորաձեւ, դեպի իրեն քաշելով բազմաթիվ հոլիվուդյան ու այլ «ծագման աստղերի»։ Սատանիստներին թույլատրվում էր քարոզել դպրոցներում, հրատարակել գունազարդ, պատկերազարդ մանկական գրքեր, իսկ սատանիզմի խորհրդանիշը շատ ավելի հաճախ սկսեցին տպագրել այլասերվածների բազմագույն տարբերանշանի վրա՝ հասկացնելով, որ սատանան ամենաառաջին աջակիցն է շեղվածների։ Քսաներորդ դարում սատանիզմն օրինականացվեց։ Ստեղծվեց մի ամբողջ շարժում, նկարահանվեցին ֆիլմեր, գրվեց սատանայի «աստվածաշունչը»։ Այդ շարժումը աստիճանաբար հանրաճանաչվում է, զուգորդվում կաբալայի շարժման հետ։ Սատանիզմի գաղափարը ներմուծվում, ներարկվում է մշակույթ, հրատարակվում են բազմահազար տպաքանակներով գրքեր, նկարահանվում են բազմաթիվ ֆիլմեր։ Գոյություն ունի սատանիզմի «փիլիսոփայական ուղղություն»՝ ստեղծելով գաղափար՝ «չարի հմայք» հասկացությամբ։ Փիլիսոփաներից մեկն ասել է, թե երբ նայում ես անտակ անդունդին, անդունդը նայում է քեզ եւ գրավում։ Եվ դու ցանկություն ես ունենում նետվելու նրա գիրկը։ Եվ ինչպե՞ս պետք է դիմադրել չարի հմայքին։ Պատասխանն ակնհայտ է՝ Քրիստոսով։ Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը եւ հավերժական կյանքի երջանկություն պարգեւողը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ