Պաշտպանության, անվտանգության, ներդրումների հարցերն ամենակարեւորներն են եղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովի՝ Թուրքիա կատարած եռօրյա այցի ընթացքում, որն ավարտվեց հունիսի 11-ին: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Երկու պետությունների առաջնորդները խոստովանել են, որ հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը սպառնալիք է իրենց երկրների համար:
Սադիր Ժափարովը թուրք ներդրողներին կոչ է արել իրենց գումարները ներդնել Ղրղզստանում՝ խոստանալով բարենպաստ միջավայր ստեղծել նրանց համար եւ տարբեր արտոնություններ տրամադրել Ղրղզստանի օրենսդրության շրջանակներում: Ներդրողների ներգրավման նպատակով Իսսիկ-Կուլում 2021 թ. հուլիսի 8-9-ին կկայանա միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը առեւտրատնտեսական համագործակցության գծով, որի շրջանակներում կանցկացվի ղրղզա-թուրքական բիզնես ֆորում, որի ընթացքում կներկայացվեն երկրի արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտների նոր նախագծեր: Այդ մասին Ժափարովն ասել է Անկարայում երկու երկրների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստում իր ելույթում: Ժափարովը շեշտել է, որ Թուրքիան հատուկ տեղ է զբաղեցնում Ղրղզստանի արտաքին առեւտրի կառուցվածքում, սակայն անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը՝ պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը հասցնելով մինչեւ 1 մլրդ դոլարի: Նա վստահ է, որ համագործակցության ու կապերի դիվերսիֆիկացման նոր ձեւերի փնտրտուքը կխթանի տնտեսական կապերը Ղրղզստանի ու Թուրքիայի միջեւ:
Ժափարովը թուրքական ավիաուղիներին առաջարկել է «Մանաս» միջազգային օդանավակայանն օգտագործել որպես տրանսպորտալոգիստիկ ապահովման միջոց Ասիայում եւ այդ ծրագրի իրականացման ընթացքում արտոնությունների ռեժիմի երաշխիքներ է տվել: Շեշտելով գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ առանցքային դիրքորոշումների նմանությունը՝ նախագահը հաստատել է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը: Նա նշել է Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարեւորությունը եւ ռազմատեխնիկական օգնության պարբերական տրամադրումը Ղրղզստանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի արդիականացման, ինչպես նաեւ պաշտպանունակության ամրացման ուղղությամբ համատեղ միջոցառումների ուժեղացման համար:
Բիշքեկի համար այսօր գլխավորը տնտեսությունը բարձրացնելն ու պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված հարցերը լուծելն է: Թուրքիան այն երկրներից է, որի հետ Ղրղզստանի իշխանությունները կարող են նման հարցեր քննարկել: Առավել եւս, որ ավելի վաղ՝ ղրղզա-տաջիկական սահմանին գրանցված երկօրյա պատերազմից հետո Էրդողանը Բիքշեկին բարոյական աջակցություն է ցուցաբերել եւ առաջարկել կառուցել մոտ 100 այրված տուն:
Սադիր Ժափարովի հետ բանակցությունների արդյունքում Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ապագայում նույնպես ամրացնել եղբայրական կապերը Ղրղզստանի հետ: «Մենք հաստատել ենք դա բանակցությունների ընթացքում: Քննարկել ենք բոլոր հարցերը՝ ահաբեկչական կազմակերպությունների, առաջին հերթին՝ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ պայքարից մինչեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր»,- ասել է Թուրքիայի նախագահը: Երկու երկրների ղեկավարները համակարծիք են, որ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը վտանգ է ներկայացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ղրղզստանի ազգային անվտանգության համար: Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Գյուլենին մեղադրել է 2016 թ. ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ եւ նրա կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական: Էրդողանը պահանջել է չեզոքացնել «Սեբաթ» կրթական հաստատությունները, որոնք բացվել էին աշխարհի շատ երկրներում: Սակայն Ղրղզստանի այն ժամանակվա ղեկավար Ալմազբեկ Ատամբաեւը մերժել է այդ պահանջը՝ փոխելով միայն անվանումը՝ «Սապատ»: Դատելով ամեն ինչից՝ այս անգամ Ղրղզստանն ստիպված է կատարել Անկարայի խնդրանքը եւ փակել երկրում գործող թուրքական լիցեյները: Առավել եւս, որ հունիսի 1-ին Բիշքեկում կորել է նրանց էթնիկ թուրք ղեկավարը՝ Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդին: Ամեն օր Բիշքեկում թուրքական դեսպանատան, կառավարական տան առջեւ հավաքվում են «Սապատ» լիցեյների շրջանավարտներն ու մանկավարժները, աշակերտներն ու նրանց ծնողները: Հանրահավաքների մասնակիցները կատարվածի մեջ մեղադրում են թուրքական ուժայիններին եւ պահանջում ազատ արձակել Ինանդիին:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ժափարովի այցն Անկարա տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի՝ հունիսի 10-11-ին Տաջիկստան այցի ֆոնին: «Բարձր մակարդակի այցերը պետք է դիտարկվեն Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանային հակամարտության պրիզմայի միջով եւ միջազգային ասպարեզում աջակցության որոնմամբ: Ղրղզստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման միտումն ի հայտ եկավ սահմանային հակամարտությունից եւ այն քաղաքական աջակցությունից հետո, որը Թուրքիան պատրաստ էր տրամադրել Բիշքեկին: Ստեղծված իրավիճակն ազդել է այցի կարգավիճակի ու դրա տեւողության վրա»,- ասել է Պրիտչինը: Հարկ է նշել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այցելել է Դուշանբե:
Փորձագետը կարծում է, որ թուրք-ղրղզական հարաբերությունների գլոբալ հեռանկարների տեսանկյունից դժվար թե կարելի է ակնկալել, որ թուրք ներդրողները զանգվածաբար կգնան Ղրղզստան եւ կբարելավեն ներդրումային միջավայրն այդ երկրում հատկապես կանադական «Centerra Gold Inc.» ընկերության հետ կապված սկանդալից հետո: Հիշեցնենք, որ Ղրղզստանի իշխանություններն ազգայնացրել են «Կումտոր» ոսկու հանքը եւ գրեթե 5 միլիարդ դոլարի տուգանքներ կիրառել հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ, ինչպես նաեւ քրեական գործեր են հարուցում նրանց աշխատակիցների դեմ: Կանադական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ղրղզստանի: Այդուհանդերձ, Բիշքեկում հույս ունեն, որ այդ պատմությունը բացասաբար չի ազդի հանրապետությունում ներդրումային մթնոլորտի վրա, քանզի, ինչպես կարծում են իշխանությունները, պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ:
Բացի այդ, նշել է փորձագետը, Ղրղզստանում թուրքական ընկերությունների համար չկան խոշոր ճյուղեր եւ օբյեկտներ, որոնք կարող էին արմատապես փոխել առեւտրային հաշվեկշիռը երկրների միջեւ եւ ստեղծեին ներդրումային պորտֆել: Իսկ իրավիճակը տնտեսական իրողությունների տեսանկյունից ամենաբարենպաստը չէ Թուրքիայում: «Սա քաղաքական առումով մոտիվացված այց է»,- ասել է Պրիտչինը Ժափարովի՝ Անկարա կատարած ուղեւորության մասին:
Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը նկատել է, որ Ղրղզստանն ինքնիշխան երկիր է եւ կարող է կապեր հաստատել նրանց հետ, որոնք կարեւոր են իր համար: «Բայց այսօր հետխորհրդային տարածքում իրադարձությունները զարգանում են ու դիտվում այնպես, որ միջպետական շատ հարաբերություններ ակամայից նոր իմաստ են ստանում: Այսպես, օրինակ, հայտնի իրադարձությունների պատճառով մենք արդեն մի փոքր այլ կերպ ենք ընկալում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդումը: Ճիշտ նույն կերպ դիտորդներն սկսում են ավելի ուշադիր նայել հետխորհրդային այն մայրաքաղաքներին, որոնք Թուրքիայի հետ հարաբերություններ են կառուցում նոր ձեւաչափով:
Ղարաբաղյան գոտում իր միջանկյալ հաղթանակից հետո դեռ երկար ճանապարհ կա անցնելու, եւ այնտեղ պատերազմի միջոցով ոչինչ չի հաջողվի վճռել: Անկարան կտրուկ ակտիվացրել է իր գործունեությունը Կենտրոնական Ասիայի պայմանական մահմեդական հանրապետությունների հետ փոխգործակցության ոլորտում: Բիշքեկն Անկարայի համար շատ ավելի հետաքրքիր գործընկեր է դառնում՝ հաշվի առնելով Դուշանբեի հետ աստիճանաբար ընդարձակվող հակամարտությունը: Մի շարք պատճառներով Անկարան ինքնաբերաբար կանգնում է Բիշքեկի կողքին, բայց, ինչպես միշտ, ինչպես շատերն են անում, պատրաստ է հաշտեցնել բոլորին իրար հետ: Եթե թուրքական ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Անկարան կուժեղանա նաեւ այս ուղղությամբ: Առավել եւս, որ Ռուսաստանը, կրկին մի շարք պատճառներով, չի կարող միանշանակ հակազդել Թուրքիային: Անկարան Սադիր Ժափարովի համար դառնում է Մոսկվայի բնական այլընտրանքը: Եվ այս գործոնն ամենանշանակալին է, եթե խոսենք Ղրղզստանի նախագահի՝ Թուրքիա այցի նպատակների մասին: Ի վերջո, այնտեղ կարելի է նաեւ վարկեր ստանալ»,- նշել է Գրիգորի Տրոֆիմչուկը: