Թուրքիան 2016 թ․խոսել էր Իրանի եւ Իրաքի հետ սահմանագծում անվտանգության պատ կառուցելու մտադրության մասին, իսկ 2017 թ․արդեն հայտնեց, որ Իրանի հետ սահմանագծում բետոնե պատի կառուցումն սկսել է, ինչի նպատակը, իբր, Քրդական աշխատավորական կուսակցության անդամների ու զինված խմբերի դեմ պայքարն է։ Ի սկզբանե Թեհրանը դրական էր արձագանքել պատի կառուցմանը, իսկ 2017 թ․ հայտարարեց, թե սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով կիրառում է օպտիկական եւ համապատասխան այլ սարքեր եւ անօդաչուներ։ Նշենք նաեւ, որ Թուրքիայի Վան, Իգդիր, Հաքարի եւ Ագարի նահանգները 500 կմ երկարությամբ սահման ունեն Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի հետ, որի զգալի հատվածն անանցանելի լեռներ են։
Իսկ իրականում բետոնե պատի կառուցման գործընթացն սկսվել է ընթացիկ տարվա հուլիսի 21-ից, ինչի առիթով Անկարան հայտարարել է, թե 63 կմ երկարությամբ պատի կառուցման նպատակն ապօրինի փախստականների, ապրանքների մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ պայքարն է։ Թուրքիան ավելի ուշ շեշտել է, որ այդ քայլի նպատակն աֆղան փախստականների հոսքի կասեցումն է, ապա հավելել, թե Աֆղանստանում ներքին բախումների հետեւանքով Իրանի տարածքով փախստականների մեծ հոսք կա դեպի Թուրքիա, որոնց գլխավոր նպատակակետը Եվրոպան է։
Ինչպես հայտնի է, դեռեւս 2015 թ․ Իրաքի ու Սիրիայի ներքին բախումների պատճառով շուրջ մեկ միլիոն փախստական էր հայտնվել Եվրոպայում, որոնց հիմնական մասը՝ Թուրքիա-Հունաստան ճանապարհով, ինչը քաղաքական լուրջ ճգնաժամ էր առաջացրել Եվրամիությունում։
Թուրքիայում ներկա դրությամբ տարբեր երկրներից, հիմնականում՝ Սիրիայից, շուրջ 3 միլիոն փախստական կա, որոնց այդ երկիրը կիրառում է որպես ճնշման լծակ՝ ընդդեմ Եվրամիության, ինչն արժանացել է վերջինիս ու փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների խիստ քննադատությանը։ Այդուհանդերձ, Բրյուսելը, տեղի տալով ճնշումներին, համաձայնել էր արագացնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը, 6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ ապահովել այդ երկրի քաղաքացիների ազատ մուտքը Եվրամիություն։ Սակայն միայն ընթացիկ տարվա հուլիսին Եվրամիությունը որոշում կայացրեց մինչեւ 2024 թ․ 3 միլիարդ եվրո հատկացնել Թուրքային, ինչը դեռեւս բյուրակրատական երկար ճանապարհ պիտի անցնի։
Սակայն, ըստ ամենայնի, Հունաստանը զինաթափում է Թուրքիային. Աթենքը շուտով այդ երկրի հետ իր սահմանին գործարկելու է 5 մ բարձրությամբ ու 27 կմ երկարությամբ պողպատե խելացի պատ, որն արգելակելու է փախստականների ապօրինի մուտքը Եվրամիության երկրներ։ Այս համակարգն ի զորու է ամրագրել Թուրքիայի խորքում փախստականների տեղաշարժը եւ նախազգուշացնել օպերատորին, որն էլ միջոցներ է ձեռք առնելու։ Այս առնչությամբ Հունաստանի կառավարությունը որոշում է ընդունել այն բանից հետո, երբ Թուրքիան 2020 թ․ հազարավոր փախստականների ուղղորդեց դեպի Հունաստանի սահման։