Էներգետիկ ու տնտեսական շահերը ձեւավորում են քաղաքական օրակարգեր եւ հիմք դառնում վերադասավորումների համար։ Երկար ժամանակ Թուրքիան փորձում էր Թյուրքական խորհրդի լիիրավ անդամ դարձնել Թուրքմենստանին, որը նախընտրում էր պահպանել դիտորդի կարգավիճակը։ Թուրքմենստանը հրաժարվում էր անդամակցել խորհրդին՝ պատճառաբանելով, որ ունի մշտական չեզոքության կարգավիճակ: Սակայն երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմին, գրել էին, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայանալիք Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ սպասվում է, որ Թուրքմենստանը խորհրդին կմիանա հատուկ կարգավիճակով, իսկ կառույցն էլ կփոխի անունը՝ դառնալով «Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն»։
Հիշեցնենք, որ մարտ ամսին անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական տեսաժողովի ժամանակ խորհրդի կարգավիճակը փոխելու առաջարկով էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ ներկայումս Թյուրքական խորհրդի լիիրավ անդամներ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքիան, իսկ Թուրքմենստանն ու Հունգարիան դիտորդի կարգավիճակ ունեն:
Թուրքիայի համար որքան էլ կարեւոր եւ ցանկալի է թյուրքական պետություններին մեկ կառույցի կազմում միավորելով՝ քաղաքական ազդեցությունը մեծացնելը, այնուամենայնիվ, բուն հետաքրքրությունն ավելի «նյութական» է, այն է՝ տնտեսական, իսկ ավելի կոնկրետ՝ Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից եկող եւ դեպի Եվրոպա գնացող էներգահոսքերի վերահսկումը։ «ՀՀ» օրաթերթը նախկին համարներում անդրադարձել էր Աշխաբադում Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ այս տարվա հունվարի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որով համաձայնություն էր ձեռք բերվել Կասպից ծովի «Դոստլուկ» հանքավայրի համատեղ հետախուզման, արդյունահանման եւ ձուլման մասին։ Հասկանալի է, որ էներգետիկ համաձայնագրի կյանքի կոչելը գտնվել է Թուրքիայի անմիջական հովանու ներքո. չէ՞ որ Ադրբեջանի «բարիքներն» այսուհետ ծառայելու են նաեւ Թուրքիային՝ հանդես գալով որպես տարանցիկ երկիր։
Չնայած, ըստ որոշ գնահատումների, հանքավայրն ունի համեմատաբար փոքր պաշարներ, մասնավորապես՝ նախնական գնահատվում են 50-100 միլիոն տոննա նավթ եւ 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը համեմատաբար փոքր է եւ չի հանգեցնի արտադրության ծավալների կտրուկ աճի ոչ Թուրքմենստանում, ոչ էլ Ադրբեջանում, սակայն դրանով ճանապարհ է բացվում այլ նախագծերի համար: Դրանցից մեկը կարող է լինել Անդրկասպյան գազամուղի անցկացումը, որով Թուրքմենստանի գազի հսկայական պաշարներն Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքի միջոցով կկապվեն Թուրքիայի հետ՝ դեպի Եվրոպա գազ փոխադրելու համար: Տարիներ շարունակ Անդրկասպյան գազամուղի կառուցման խնդիրը մեծ հետաքրքրություն է ներկայացրել Արեւմուտքի համար, քանի որ Կենտրոնական Ասիայից գազի նոր պաշարների ստացմամբ հնարավոր կլիներ թուլացնել կախվածությունը Ռուսաստանից:
Անկարան եւ Բաքուն անցած տարեվերջին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջեւան գազատարի վերաբերյալ։ Թուրքական մամուլի այդ օրերի հրապարակումներից պարզ էր, որ գազատարը նախատեսում են Նախիջեւան, իսկ այդտեղից էլ՝ Իգդիրի նահանգ անցկացնել Արցախի բնազավթած տարածքներով։ Միաժամանակ հասկանալի է, որ առանց Սյունիքի նկատմամբ վերահսկողության այդ ծրագիրը կյանքի չի կոչվի, հետեւաբար այդ տրամաբանության մեջ են նաեւ Սյունիքի ռազմավարական նշանակության դիրքերի նկատմամբ վերահսկողության հասնելուն ուղղված քայլերը։ Այս ճանապարհը թույլ կտար էապես նվազեցնել տարանցիկ ծախսերը եւ միաժամանակ ավելացնել ծավալները: Այսպիսով՝ ստացվում է, որ Թուրքիայի համար հայկական տարածքները պետք էին որպես տարանցիկ ուղի օգտագործելու եւ Կենտրոնական Ասիայից սկսած մինչեւ մեր տարածաշրջան ազդեցությունը մեծացնելու համար, իսկ Թյուրքական խորհրդում Թուրքմենստանի ներգրավումը՝ այդ երկրի բնական հումքից օգտվելու համար։ Մնացածը գեղեցիկ փաթեթավորում է։