Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ից քառօրյա այցով Աֆրիկայում է, որտեղ այցելելու է Անգոլա, Նիգերիա եւ Տոգո: Էրդողանի կառավարման շրջանում աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այսպիսով՝ եթե մինչ 2009 թ. Աֆրիկայում գործում էր Թուրքիայի ընդամենը 12 դեսպանատուն, ապա այսօր այդ թիվը հասել է 43-ի: Առաջիկայում այդ երկիրը նախատեսում է դեսպանատուն ունենալ աֆրիկյան 54 պետություններից առնվազն 50-ում։ 2020 թ. վերջի դրությամբ թուրք-աֆրիկյան առեւտրի ծավալը գերազանցել է 25 միլիարդ դոլարը։
Աֆրիկան տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ռեսուրսների առումով, շատ հարուստ է, եւ այսօր ընթանում է ազդեցության գոտիների վերաբաժանում՝ առկա ռեսուրսներին տիրանալու համար։ Այդպես եղավ 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին, ինչը հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին, քանի որ Գերմանիան ուշացել էր ռեսուրսներին տիրանալու այդ պայքարից։ Հետո տեղի ունեցավ գաղութացված երկրների ազատագրումը, 1960 թվականը համարվում է Աֆրիկայի ազատագրման տարի։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ աշխարհի առաջատար երկրներն իրենց համար կրկին հայտնագործում են Աֆրիկան, եւ նրանց միջեւ սկսվել է պայքար՝ այդ մայրցամաքի ռեսուրսներին տիրանալու համար։ Թուրքիան եւս փորձում է մասնակցել այդ պայքարին, որովհետեւ Էրդողանի երազանքն է տեսնել Թուրքիան աշխարհի առաջատար երկրների շարքում։ Արդյունքում Թուրքիան մտնում է այդ պայքարի մեջ՝ իհարկե, իր հնարավորություններին եւ ռեսուրսներին համապատասխան։ «Համաշխարհային մակարդակում ներկայումս սկսվել է Աֆրիկայի նվաճման երկրորդ փուլը։ Ազատագրված Աֆրիկան նորից դառնում է այդ պայքարի հիմնական թիրախը, որովհետեւ այստեղ կան դեռեւս «ազատ» տարածքներ, որտեղ հնարավոր է տարածվել, եւ Թուրքիան մտնում է այդ պայքարի մեջ՝ իր ազդեցությունը տարածելու, Աֆրիկայից այդ ռեսուրսները դուրս բերելու համար»,- հավելեց ակադեմիկոսը։
Ավանդաբար Ֆրանսիան բավականին ամուր դիրքեր ունի Աֆրիկայում, բայց, ըստ որոշ վերլուծաբանների, Ֆրանսիայի դիրքերը կարծես թե սկսել են թուլանալ, մասնավորապես Մալիում, իսկ առաջացող բացը փորձում են լրացնել Թուրքիան եւ Ռուսաստանը։ Անձամբ թուրքագետը կասկածում է, թե Թուրքիան կկարողանա զբաղեցնել Ֆրանսիայի տեղը, կամ Ֆրանսիան կզիջի իր դիրքերը, բայց, ավելի ամբողջական եւ ճշգրիտ գնահատական տալու համար, կարծում է, որ առավել խորքային ուսումնասիրություններ են անհրաժեշտ։
Նախքան աֆրիկյան շրջագայության մեկնելը Էրդողանը հյուրընկալել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ունեն քննարկելու Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի հեռացող կանցլերը, զրուցակիցս նկատեց, որ հայտնի է Մերկելի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ, որը հետեւյալն է՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքականություն է իրականացնում Թուրքիան, ԵՄ-ի համար այդ երկիրը շարունակում է լինել շատ կարեւոր գործընկեր։ Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ առաջինը փախստականների հարցն է։ Մերկելի կառավարման շրջանում Գերմանիայի մոտեցումն է օգտագործել Թուրքիային որպես պատվար փախստականների մեծ ալիքը կասեցնելու համար՝ հաշվի առնելով վերջին տարիներին ավելի ու ավելի մեծացող՝ փախստականների հոսքը։
Մյուս հանգամանքը կապված է Գերմանիայի եւ Թուրքիայի ավանդաբար խոր կապերով. սկսած դեռեւս 19-րդ դարի վերջից՝ տարբեր պատմական փուլերում Գերմանիան միշտ Թուրքիայի համար եղել է կարեւոր երկիր։ «Մերկելն իր այդ այցով փորձում է իրենից հետո եկող ղեկավարներին հուշել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել Թուրքիայի հետ հարաբերություններին եւ բարձր մակարդակի վրա պահել թուրք-գերմանական հարաբերությունները։ Չնայած վերջին տարիներին Թուրքիան, ի դեմս Էրդողանի, առնվազն հռետորաբանության մակարդակով բավականին անպատկառ է իրեն պահել Մերկելի նկատմամբ, սակայն, ինչպես տեսնում ենք, Մերկելը դրանից վեր կանգնեց»,- կարծիք հայտնեց Սաֆրաստյանը։
Աֆղանստանում Թալիբանի իշխանության հաստատումից հետո Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիրքերը։ Օրեր առաջ Անկարա էր ժամանել Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունը ԱԳ նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի գլխավորությամբ։ Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը Թալիբանի նկատմամբ բավականին անհաջող էր, մասնավորապես, երբ որոշակի դիրքեր ամրապնդելու նպատակով փորձեցին օգտագործել Աֆղանստանում ապրող թյուրքալեզու ցեղերին, որոնք հիմնականում հյուսիսում են բնակվում եւ Թալիբանի կողմնակիցները չեն։ Փորձ արվեց նաեւ օգտագործել Պակիստանի հետ կապերը, որը հայտնի է Թալիբանի հետ հարաբերություններով։ «Էրդողանը հայտարարել էր, որ ինքը սպասում է թալիբանի պատվիրակության այցին։ Պատվիրակությունը եկավ, եւ պարզվեց, որ Թալիբանն առանձնապես հետաքրքրված չէ Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնելու հեռանկարով։ Թալիբանի աշխարհընկալման մոտեցումները տարբերվում են։ Հիմա, փաստորեն, տեսնում ենք, որ Թուրքիան փորձում է որոշ քայլեր ձեռնարկել, սակայն Թուրքիայում հասկացան, որ Աֆղանստանում հատուկ դիրք ձեռք բերելու իրենց ձգտումը, օգտագործելով նաեւ սուննիական գործոնը, արդյունք չի տալիս։ Թուրքիան լավ մասնագետներ չունի Աֆղանստանի մասով։ Ընդհանրապես, աշխարհում քիչ են մասնագետները, որոնք պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում այդ երկրում Թալիբանի կառավարման շրջանում։ Շատ բարդ երկիր է իր ավանդույթներով, իսկ Թալիբանն այդ ավանդույթների մի մասի ներկայացուցիչն է»,- մանրամասնեց նա։ Զրուցակիցս հավելեց, որ դեռ համոզված չէ, թե Թալիբանը կկարողանա երկարաժամկետ պահել իր իշխանությունն այդ երկրում. «Այդտեղ զարգացումները կարող են շատ անսպասելի լինել, իսկ Թուրքիան այդ խաղի մեջ մտնել չի կարող։ Ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ՝ հնարավորություններ ու մասնագետներ»։
Ինչպես տեսնում ենք, Թալիբանը չի գնում համագործակցության աշխարհի տարբեր երկրների հետ, գործում է լրիվ ինքնուրույն՝ ելնելով իր մոտեցումներից։ Մյուս կողմից՝ ներկայումս Թալիբանը մտել է այնպիսի փուլ, երբ պատվիրակություններ է ուղարկում կամ էլ՝ հանդիպում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Այդ կերպ Թալիբանը փորձում է դուրս գալ մեկուսացումից, որն ինքն էր ընտրել։
Ներքաղաքական զարգացումները Թուրքիայում
Թուրքիայում տարբեր սոցիոլոգիական կենտրոնների կողմից պարբերաբար անցկացվող հարցումների արդյունքները հիմնականում ցույց են տալիս, որ Էրդողանը եւ իր ղեկավարած կոալիցիոն կառավարությունը երկրում կորցնում են վարկանիշը եւ ուժեղանում են ընդդիմադիր կոալիցիայի դիրքերը։ Դա վկայում է երկրում առկա դժգոհությունների մասին, որոնք բխում են առաջին հերթին տնտեսական դրությունից։ Սաֆրաստյանի խոսքով՝ թեեւ նշաններ կան, որ Թուրքիայի տնտեսությունը բավականին լավ է հաղթահարում համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը, բայց, ամեն դեպքում, տնտեսական առումով բնակչությունը դժգոհ է, ինչն էլ արտահայտվում է կառավարող կոալիցիայի վարկանիշի անկումով։
«Էրդողանի հիմնական նպատակը հաղթանակն է 2023 թ. կայանալիք ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններում։ Այդ հաղթանակը նրա համար ոչ միան կարեւոր նշանակություն ունի որպես զուտ հաղթանակ, այլեւ՝ խորհրդանշական նշանակություն, որովհետեւ 2023-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, եւ Էրդողանը մեծ ռեսուրսներ է ներդնում ոչ միայն հաղթելու այդ ընտրություններում, այլ նաեւ հիմք դնելու բավական խոր վերափոխումների եւ կապելու այդ վերափոխումներն իր անվան հետ, այլ կերպ ասած՝ հիմք դնելու նոր Թուրքիային»,- ասաց զրուցակիցս՝ համոզմունք հայտնելով, որ մինչեւ 2023 թ. Էրդողանն ամեն ինչ կանի իր այդ նպատակին հասնելու համար։ Դա նշանակում է, որ, չնայած տնտեսության ոլորտում առկա դժվարություններին, նա կփորձի արտաքին քաղաքականության ուղղությամբ հաջողություններ գրանցել, որն էլ կօգտագործի իր վարկանիշը բարձրացնելու համար։ Հետեւաբար՝ մինչ այդ խորհրդանշական տարեթիվը՝ Թուրքիայի կողմից պետք է սպասել ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականության նոր դրսեւորումների, միգուցե ավելի ուժեղ, քան մինչեւ այս էր։