Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում

Ինչ դերակատարություն է վերապահված այս հարցում Լեհաստանին

Մարտի 31, 2022
Միջազգային
Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
406
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտք-Ռուսաստան առճակատման համատեքստում առանձնակի դերակատարություն է ստանձնել Լեհաստանը։ Սոցիալիստական ճամբարի նախկին երկիրը բավական բացասական դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ աշխատանքներ տանելով ռազմական ներուժը մեծացնելու, ինչպես նաեւ երկու կողմերի մոտ իր քաղաքական կշիռը բարձրացնելու ուղղությամբ։

Լեհաստանը, ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, նախատեսում է բանակի թվաքանակը հասցնել 300 հազարի եւ վերազինել այն՝ շահագործման հանձնելով ամենաժամանակակից տեխնիկան։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը՝ մանրամասնելով, որ կառավարությունը նպատակ ունի կանոնավոր բանակի հզորությունը հասցնել 250 հազարի, իսկ տարածքային պաշտպանության ուժերինը՝ 50 հազարի։ «Լեհական բանակը պետք է ավելի շատ լինի, քան նախկինում էր»,- շեշտել է Բլաշչակը։ Նախարարը խոսել է նաեւ բանակը վերազինելու ծրագրերի մասին։ Վերջին զենքերից, որոնք կստանա լեհական բանակը, կլինեն թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք կօգտագործվեն բանակի կողմից արդեն այս տարի, իսկ հաջորդ տարի զինված ուժերը կստանան մինչեւ 300 կմ հեռահարությամբ HIMARS հրթիռներ։ Բլաշչակը հիշեցրել է, որ այս տարի լեհական բանակը համալրվելու է նաեւ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերով։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել էր «Հայրենիքի պաշտպանության մասին» նոր օրենքը, որի համաձայն՝ բանակի թիվը 111.5 հազարից կդառնա 300 հազար, իսկ Վարշավայի ռազմական ծախսերը 2023 թ. կկազմեն ՀՆԱ-ի երեք տոկոսը։ «Ռիա նովոստիի» տեղեկացմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է նաեւ զինծառայության համար հավաքագրման պարզեցված մեխանիզմներ, թեկնածուների խրախուսման նոր համակարգ եւ փոփոխություններ ռազմական ոլորտի ֆինանսավորման ու զենքի գնման հարցում: Ի դեպ, օրենքի մշակման փուլում Լեհաստանի իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ Ռուսաստանին համարում են հնարավոր հակառակորդ։

Լեհաստանը փորձում է առաջատարներից լինել նաեւ պատժամիջոցների կիրառման, մասնավորապես՝ ռուսական նավթի ներմուծումը 2022 թ. ավարտին ամբողջությամբ դադարեցնելուն ուղղված քայլերի մասով։ Երկրի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին երեկ հայտարարել է, որ Լեհաստանն արդեն մեծապես նվազեցրել է իր կախվածությունը ռուսական նավթից՝ նշելով, որ Վարշավայի կողմից իրականացվելու է ռուսական էներգակիրների անջատման «ամենածայրահեղ» եվրոպական ծրագիրը: Նախօրեին Լեհաստանը հայտարարել էր ռուսական ածխի ներկրումն արգելելու մասին։ Վարշավան Եվրամիության մյուս երկրներին եւս կոչ է արել «հեռանալ» ռուսական հանածո վառելիքից՝ «անկախ» դառնալու համար։ Ավելի վաղ Մորավիեցկին նշել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գլխավոր դերակատարը իրենք են։

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասով Արեւմուտքում եւ ՆԱՏՕ-ում առկա են որոշակի տարաձայնություններ։ Ըստ «Բլումբերգի»՝ ՆԱՏՕ-ի երկրները տարբեր մոտեցումներ ունեն Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ երկխոսություն վարելու վերաբերյալ։ Օրինակ՝ Ֆրանսիան եւ Գերմանիան երկխոսության կողմնակից են, նրանք կարծում են, որ պետք է հնարավորինս շուտ հասնել հրադադարի, իսկ հետո՝ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերմանը։ Մինչդեռ Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ, բացառությամբ Հունգարիայի, կարծում են, որ Փարիզի, Բեռլինի եւ Մոսկվայի միջեւ երկխոսությունը հակաարդյունավետ է եւ, ինչպես ասվում է փաստաթղթերից մեկում, կարող է ձեռնտու լինել ՌԴ նախագահին:

Լեհական միջավայրում հակառուսական տրամադրությունները նաեւ պատմական հենք ունեն։ Եթե հետադարձ հայացք նետենք պատմությանը, ապա Ռեչ Պոսպոլիտան, որն այն ժամանակ քաղաքական քարտեզի վրա բավականին մեծ կշիռ ունեցող աշխարհաքաղաքական միավոր էր, դիմակայության մեջ էր Ռուսական կայսրության հետ։ Հիշեցնենք, որ 17-րդ դարում արեւելաեվրոպական տարածաշրջանային տերությունը բավական բարեհաջող դիմակայում էր ինչպես Արեւմուտքից, այնպես էլ՝ Արեւելքից եկող մարտահրավերներին։ Չի բացառվում, որ Լեհաստանին եւ Ուկրաինային անգլո-ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրերում վերապահված է թե Ռուսաստանին, թե ԵՄ-ին հակակշռելու դերակատարություն։

Պատահական չէ, որ մարտի 26-ին հենց Վարշավայի թագավորական պալատում Ուկրաինայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը բավական ուշագրավ ելույթ ունեցել, որի վերաբերյալ Լեհաստանի նախկին արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը կարծիք էր հայտնել, թե դրանով Բայդենը նոր սառը պատերազմ է հայտարարել։ «Մենք նորից մտել ենք ազատության մեծ ճակատամարտի մեջ. պայքար ժողովրդավարության եւ ինքնավարության, ազատության եւ բռնաճնշումների միջեւ, կանոնների վրա հիմնված կարգի եւ բիրտ ուժով կառավարվող կարգի միջեւ: Այս ճակատամարտում մենք պետք է սթափ լինենք: Այս ճակատամարտը նույնպես օրերի կամ ամիսների ընթացքում չի շահվի։ Մենք պետք է մեր քաջությունը հավաքենք առաջիկա երկար պայքարի համար»,- նշել է ԱՄՆ նախագահն իր՝ «Ուկրաինայի ժողովրդին աջակցելու ազատ աշխարհի միացյալ ջանքերի մասին» խորագրով ելույթի ժամանակ։ Նման հայտարարությունները, առավել եւս աշխարհի հզոր պետության ղեկավարի կողմից ասված, անհետեւանք չեն մնում։ Սա նշանակում է, որ ռազմական ակտիվ առճակատմանը հաջորդելու է երկարատեւ հակամարտության փուլ։ Իսկ թվում էր՝ մարդկությունը դասեր է քաղել անցյալի դառը փորձից։

Թեգեր: ԼեհաստանՆԱՏՕպատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իրաքի հյուսիսը ռիսկի տակ է դնում իր անվտանգությունը

Իրաքի հյուսիսը ռիսկի տակ է դնում իր անվտանգությունը

Զարմանալի ու արտասովոր սիրով՝ դեպի Հայաստանն ու հայերը

Զարմանալի ու արտասովոր սիրով՝ դեպի Հայաստանն ու հայերը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist