Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները խոստովանել են, որ իրենց նավթագազային հատվածի զարգացումը կարող է հակասության մեջ մտնել միջազգային այլ խաղացողների հետաքրքրությունների հետ: Հայտարարությունն արվել է ի պատասխան «Reuters» գործակալության հետաքննության, որի արդյունքում պարզվել է, որ մարտի 13-ին իրանական ուժերը հրետակոծել են ինքնավար շրջանի տարածքը՝ կապված նրա՝ Թուրքիայից Եվրոպա Իսրայելի միջնորդությամբ գազի տարանցման պատրաստակամության հետ: Ենթադրվող նախագիծը նվազեցնում է իրանական ածխաջրածինների նշանակությունը եւ, հավանաբար, տեղավորվում է Եվրամիության համար ռուսական գազը մասամբ փոխարինելու փորձերի մեջ: Սակայն, զարգացնելով այս նախաձեռնությունը, Իրաքի հյուսիսը ռիսկի տակ է դնում իր անվտանգությունը:
Այն մասին հայտարարությունը, որ Էրբիլի էներգետիկ նախագծերը կարող են անհարմարություններ պատճառել այլ երկրների, մարտի 29-ին արել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին: «Մենք էներգետիկայի ոլորտում ծաղկող տարածաշրջան ենք, որովհետեւ նավթի ու գազի նոր հանքավայրեր ենք բացում եւ ավելացնում հանույթը: Դա կարող է սպառնալիքի տակ դնել մյուսների հետաքրքրությունները»,- ասել է վարչապետը: Նա հստակեցրել է, որ դա հակասության մեջ է մտնում մեկ այլ կարեւոր մատակարարի՝ Իրանի ցանկությունների հետ, իսկ Թեհրանը, նրա խոսքով, Էրբիլի վրա ճնշում է գործադրում հրթիռային հարվածների միջոցով: Այդ կերպ Իսլամական Հանրապետությունը, ինչպես նկատել է Բարզանին, ցանկանում է կանխել Քուրդիստանի վերածումն էներգետիկ կենտրոնի, որն ի վիճակի կլինի փակել ճեղքերը համաշխարհային շուկայում:
Վարչապետի արտահայտությունները հնչել են ի պատասխան «Reuters»-ի հրապարակման, որում խոսվել է Իրաքյան Քուրդիստանի նախաձեռնության մասին՝ գազ մղելու դեպի Թուրքիա եւ ԵՄ՝ Իսրայելի օգնությամբ: Գործակալության աղբյուրները հայտարարել են, որ հենց այդ նախագիծն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ստիպել մարտի 13-ին հրթիռային հարվածներ հասցնել Էրբիլին: Առավել եւս, որ, մեկնաբանելով այդ հարձակումները, Իսլամական Հանրապետության անվտանգության ապարատը բացահայտ հասկացրել է, որ դրանք առաջին հերթին հասցեագրված են հրեական պետությանը: «Reuters»-ի զրուցակիցները՝ Անկարայում ու Բաղդադում, վստահ են, որ հրետակոծությունը Թեհրանի բազմակողմ ազդանշանն էր, սակայն ձգանի դեր կատարեցին բացահայտված տվյալները, որ քրդերը պատրաստակամ են՝ ակտիվացնելու արտահանումը:
Դեպի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրամիություն գազի մատակարարումն արդեն քննարկել են Իսրայելի ու ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք: Այդ մասին հաղորդումներ են եղել տարբեր լրատվամիջոցներով: Այդ հաշվով նրանք առնվազն երկու հանդիպում են ունեցել: Չնայած այն բանին, որ Էրբիլը հերքում է հրեական պետության հետ համագործակցությունը: Թուրքիայի ու Իսրայելի միջեւ ավելի վաղ նկատված հարաբերությունների ջերմացման գործընթացն ուղեկցվել է երկու երկրների էներգետիկ մերձեցման մասին հայտարարություններով: Հիմա խաղացողները քննարկում են գործնական քայլեր՝ իսրայելական «Լեւիաֆան» հանքավայրի միացումը Թուրքիայի գազատրանսպորտային ենթակառուցվածքին՝ Եվրոպայում ռուսական գազին փոխարինելու համար: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Միանգամայն ակնհայտ է, որ քրդական հարստությունների արդիականացումը նաեւ կապված է ուկրաինական ճգնաժամի հետեւանքների հետ: Հանդես գալով Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Մասրուր Բարզանին վստահություն է հայտնել, որ Իրաքի հյուսիսում գտնվող ինքնավար շրջանը բոլոր հնարավորություններն ունի՝ մասամբ օգնելու Եվրոպային իր այժմյան խնդիրների հարցում: «Քրդական շրջանն ի վիճակի է փոխհատուցել Եվրոպայում էներգետիկ դեֆիցիտի գոնե մի մասը,- նշել է նա։- Քուրդիստանը շուտով կդառնա էներգակիրների մատակարարման կարեւոր աղբյուր, որը կբավարարի համաշխարհային պահանջարկը»։ Միեւնույն ժամանակ՝ վարչապետը պատրաստակամություն է հայտնել «օգնել տարածաշրջանի երկրներին եւ դրանից դուրս՝ բավարարելու նավթի եւ գազի կարիքները»՝ ավելացնելով, որ արտահանումը Թուրքիա կսկսվի «մոտ ապագայում»։
Այն, թե Անկարայի, Էրբիլի ու իսրայելական կողմի միջեւ փոխգործակցությունը որքանով է զգայուն Թեհրանի համար, ցուցադրել է փաստը, որ մարտի 13-ին տեղի ունեցած հրետակոծության գոտում է հայտնվել «KAR Group»-ի գլխավոր տնօրեն Քարիմ Բիրզանջիի առանձնատունը: Այդ ընկերությանը, ըստ լուրերի, հատուկ դեր է վերապահվում գազամուղի այն մասի ստեղծման մեջ, որը պետք է գտնվի քրդական կողմում: Արեւմտյան պաշտոնյաներն ասում են, թե էներգետիկ նախաձեռնությունը հարվածի տակ կդնի Իրանի դրությունը՝ որպես Բաղդադին ու Անկարային կապույտ վառելիքի հիմնական մատակարարի: Թեհրանի համար տագնապալի գործոն է պահպանվող անորոշությունն արեւմտյան պատժամիջոցներից հնարավոր ազատման հարցում:
Սա վերջին ժամանակներում միակ դրվագը չէ, երբ իրանցիները գազային ոլորտում իրենց հետաքրքրությունները ոտնահարված են զգում: Քուվեյթի ու Սաուդյան Արաբիայի իշխանությունները մարտի 21-ին հայտարարել են Պարսից ծոցի չեզոք գոտում գտնվող «Ալ-Դուրա» հանքավայրի շահագործման ու մշակման պայմանավորվածության մասին: Հանույթն օրական պետք է կազմի 28.3 մլն խմ բնական գազ եւ 84 հազար բարել գազային կոնդենսատ: Երկու երկրները պատրաստակամություն են հայտնել: Գործարքը կնքվել է ի հեճուկս այն բանի, որ 1967 թ. բացված հանքավայրը երկար ժամանակ տարաձայնությունների պատճառ է Իրանի ու նրա հարեւանների միջեւ:
«Երկար տարիների ընթացքում թուրքական ու իրանական իշխանությունները պայքարել են Իրաքյան Քուրդիստանում հեգեմոնիայի համար, մինչդեռ նրանց հաջողվում էր շփման կետեր գտնել այլ ոլորտներում՝ պայմանավորված իրենց ընդհանուր հակաարեւմտյան աշխարհայացքով»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է թուրքական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ժողովրդավարությունների պաշտպանության ամերիկյան հիմնադրամի թուրքական ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրը: Նրա խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերջին փորձերը միայն սրել են հարաբերությունները Թեհրանի հետ:
«Թուրքիայի ու Իրաքյան Քուրդիստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների խորացումը եւ նրա շրջանային կառավարության վրա աճող ազդեցությունն առաջացնում են Իրանի թշնամությունը,- նշել է վերլուծաբանը:- Հաշվի առնելով, որ Էրբիլը Թեհրանի առանցքային մրցակիցն է, երբ խոսքը նավթից ու գազից կախվածություն ունեցող Թուրքիային էներգամատակարարման մասին է, Իրանն ունի ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական մոտիվներ՝ թիրախավորելու համար Թուրքիայի, Իրաքյան Քուրդիստանի ու Իսրայելի միջեւ ցանկացած պոտենցիալ էներգետիկ համագործակցություն»:
Մեկ այլ առիթով կանդրադառնանք Թուրքիայի, Իսրայելի ու Իրաքյան Քուրդիստանի միջեւ համագործակցության քաղաքական հետեւանքներին, հատկապես՝ քրդերի ու թուրքերի մերձեցման եւ դրա իրականացման հնարավորություններին: Այժմ, ամփոփելով ասվածը, նկատենք միայն, որ նշված փոխգործակցությունն Իրանի ու Ռուսաստանի հետաքրքրություններին նետված մարտահրավեր է: Իրաքյան Քուրդիստանը, անշուշտ, պատկերացնում է կորուստների այն ծավալը, որը կունենա իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում: Այդ իսկ պատճառով, կարելի է ենթադրել, մեծ է հավանականությունը, որ այս ուղղությամբ նրա հնարավոր ընթացքի անվտանգությունը երաշխավորել է Արեւմուտքը: