Ռուսաստանի ֆինանսական դրությունը, պարզվեց, ավելի ամուր է, քան կարծում էին շատերը: Այդ մասին է վկայում այն փաստը, որ ռուբլին «կարողացավ» վերադարձնել իր դիրքերը կտրուկ անկումից հետո: Այս մասին գրել է ամերիկյան «The New York Times»-ը: Հեղինակի՝ Պիտեր Քոյի կարծիքով՝ Ռուսաստանը զգալի պահեստային միջոցներ ունի:
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը մարտի 26-ին թվիթերում հայտարարել էր, որ «աննախադեպ պատժամիջոցների արդյունքում ռուբլին գործնականում անմիջապես արժեզրկվեց»: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Բայդենի հայտարարությունը վաղաժամ ցնծություն է հիշեցնում: Ռուսական տարադրամը, այո, փետրվարի վերջին ուղղակի քանդվեց այն բանից հետո, երբ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառեց, սակայն այն օրերին, երբ Բայդենը որոշեց բարձրաձայնել իր «հաղթանակի» մասին, ռուբլին արդեն հետ էր բերել կորցրած դիրքերը:
Այն, որ ռուբլու անկումը ոչ միայն կանգնեցվեց, այլեւ սկսվեց վերադարձ նախկին դիրքերին, վկայում է, որ Ռուսաստանի տնտեսությունը շատ ավելի լավ է դիմանում հարվածներին, քան կանխատեսվում էր: Նշանակում է՝ պատժամիջոցները չեն աշխատում, իսկ դա վատ լուր է Արեւմուտքի համար, նշանակում է, որ ՌԴ-ն իր տրամադրության տակ ունի պահուստային զգալի ռեսուրսներ՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը շարունակելու համար:
«Ռուբլու ուժն ամրացնում է նրանց փաստարկները, ովքեր համարում են, որ անհրաժեշտ է ավելի լուրջ միջոցառումներ իրականացնել էներգետիկ ոլորտում, որպեսզի Ռուսաստանի համար դժվար լինի վաճառել իր նավթն ու գազը,- «Politico»-ին տված հարցազրույցում նշել է Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Ռեյչել Զիմբան:- Դա որոշակիորեն ավելացնում է քաղաքական ճնշումը»:
Իրականությունն այնպիսին է, որ Ռուսաստանի ֆինանսական դրությունը կարճաժամկետ հեռանկարում ավելի ամուր է, քան շատերը կարծում էին, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն, միեւնույն է, թույլ է: Որոշ միջոցառումներ, որոնք իրականացնում է Ռուսաստանը ռուբլին ամրացնելու համար, նրա ֆինանսական համակարգը վերադարձնում են այն դրությանը, որում գտնվում էր ԽՍՀՄ-ի օրոք:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ռուբլին ազատ շրջանառվում էր ամբողջ աշխարհում, եւ դրա փոխարժեքը որոշվում էր առաջարկի ու պահանջարկի ուժերով։ Այս փոխարկելիությունը վստահություն ներշնչեց արեւմտյան ներդրողներին, ովքեր ներդրումներ արեցին Ռուսաստանում եւ բիզնես վարեցին ռուսական ընկերությունների հետ: Բայց այդ դարաշրջանն ավարտվել է, գոնե որոշ ժամանակով: Ռուբլու կուրսին աջակցելու համար ՌԴ կառավարությունը ժամանակավորապես փակել է արտարժույթի ազատ շուկան։
«Ռուբլին այլեւս փոխարկելի տարադրամ չէ,- ասել է ֆինանսների նախարարի նախկին տեղակալ,1990-ականներին ՌԴ կենտրոնական բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն:- Այդպես եղել է նաեւ 1993 եւ 1994 թվականներին»:
Պատճառներից մեկը, թե ինչու ֆինանսիստներն «արջաբար» տրամադրվեցին ռուբլու նկատմամբ, այն է, որ երկրից դուրս պահվող ռուսական արժութային պահուստները սառեցվեցին: Նորմալ պայմաններում Ռուսաստանը դրանք ծախսում էր ռուբլի գնելու վրա, երբ այն թուլանում էր: Քանի որ այդ պահուստներն անհասանելի դարձան, տպավորություն ստեղծվեց, որ ՌԴ կենտրոնական բանկը կորցրել է անհրաժեշտ գործիքները:
Բայց հիմա Ռուսաստանը չունի իր արժութային պահուստներին հասանելիության խիստ կարիքը, քանի որ գոնե առայժմ դոլարի, եվրոյի եւ այլ արտարժույթների պակաս չունի։ Մոսկվան շարունակում է մեծ ծավալներով նավթ եւ գազ արտահանել, իսկ գների բարձրացումը միայն ավելացրել է նրա եկամուտները: Ապրիլի 1-ին «Bloomberg»-ի տնտեսագետները հրապարակեցին իրենց կանխատեսումը, որ 2022 թ. Ռուսաստանի էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտները կավելանան ավելի քան մեկ երրորդով։
Բացի այդ, այժմ ավելի շատ արժույթ է սկսել հոսել Ռուսաստան, իսկ երկրից դուրս եկող արժույթի ծավալը նվազել է։ Արեւմտյան երկրները պատժում են Ռուսաստանին՝ դադարեցնելով բազմաթիվ ապրանքների վաճառքը՝ ինչպես սպառողական, այնպես էլ արդյունաբերական։ Իսկ ռուսական իշխանությունները սահմանափակում են ներմուծումը, որի դիմաց պետք է վճարեն արտասահմանյան փողերով։ Արդյունքում Ռուսաստանի ընթացիկ հաշիվը՝ ապրանքների եւ ծառայությունների առեւտրի ամենալայն չափանիշը, ինչպես նաեւ ներդրումային եկամուտի ծավալն այս տարի կհասնեն ռեկորդային ավելցուկի, ինչի մասին հայտնում է Միջազգային ֆինանսների ինստիտուտը:
Չնայած ներկայումս Ռուսաստանում արտասահմանյան զգալի տարադրամ կա, իշխանությունները ներդրել են տարադրամային վերահսկողության մեխանիզմներ այն դեպքի համար, երբ իրավիճակը կվատթարանա: Սովորական քաղաքացիներն այլեւս չեն կարող մեծ քանակով եվրո, դոլար եւ այլ արժույթներ հանել երկրից: Կենտրոնական բանկը պահանջում է, որ ՌԴ մտնող արտասահմանյան արժույթների 80 տոկոսը փոխանակվի ռուբլու հետ կամ մոսկովյան բորսայում, կամ լիազորված բանկի միջոցով: Կենտրոնական բանկն այդ տարադրամներն ուղարկում է ֆինանսների նախարարություն կամ մասնավոր բանկերի, որոնք դրանք օգտագործում են արտաքին պարտքը փակելու համար, ինչպես նաեւ ընկերությունների, որոնց թույլատրված է ապրանք ներմուծել:
Կրեմլը նաեւ պահանջում է, որ «ոչ բարեկամ երկրները» բնական գազ գնեն ռուբլիով: Նրանք կարող են վճարել եվրոյով, դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը նշված է պայմանագրում, սակայն այդ միջոցները 100 տոկոսով պետք է փոխանակվեն ռուբլիով «Գազպրոմբանկի» կողմից: «Նման քաղաքականության սպասումը փոխել է ռուբլու նկատմամբ շատ թրեյդերների վերաբերմունքը»,-հայտարարել է Ատլանտյան խորհրդի աշխարհատնտեսական կենտրոնի տնօրենի տեղակալ Չարլզ Լիչֆիլդը:
Գերմանիան ու Իտալիան այն երկրներն են, որոնց վրա այդ պահանջն ամենամեծ ազդեցությունն է թողել: Նրանք ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանի պայմանների դեմ՝ շեշտելով, թե դրանք խախտում են պայմանագրերը: «Հիմա իսկական խաղ է վարվում, թե առաջինն ով կվախենա»,- ասել է «London for Rabobank of the Netherlands»-ի տարադրամային ստրատեգ Ջեյն Ֆոուլին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար պահանջը՝ գազի հետ կապված գործարքներում անցումը ռուսական ռուբլու, քաղաքական հատուկ նշանակություն ունի: Նա ուզում է հաստատել իր կանոնները, այլ ոչ թե հետեւել ուրիշների կանոններին:
Սակայն ռուբլու փոխարկելիության «անջատումը» չի կարող Ռուսաստանին մշտապես մեկուսացնել շուկայական ուժերից։ Պատժամիջոցներն արդեն իսկ խթանում են գնաճը եւ, ըստ կանխատեսումների, դեռ կհանգեցնեն արտադրության մեջ օգտագործվող հիմնական բաղադրիչների պակասի: Ռուբլին կրկին ճնշման տակ կհայտնվի, քանի որ Ռուսաստանը պետք է հսկայական վճարումներ կատարի արտարժույթով՝ արտաքին պարտքը մարելու համար:
Միեւնույն ժամանակ Մոսկվայի համար լուրջ խնդիր է ուղեղների արտահոսքը: Շատերն ուզում են դուրս գալ երկրից եւ գործել այլ երկրներում, որովհետեւ ՌԴ-ում տնտեսական հեռանկարներն առայժմ լավատեսական հիմքեր չունեն: Արտասահմանյան փորձագետներից շատերի կարծիքով՝ այն փաստը, որ կապիտալի վերահսկողությունը վերականգնվում է, բացասական հետեւանքներ կունենա Ռուսաստանի ապագայի համար: