Նիգերիայում քրիստոնյաներին ավելի ու ավելի հաճախ են սպանում, առեւանգում ու պարբերաբար ենթարկում բռնությունների ու խոշտանգումների: Այս մասին գրում է բրիտանական «The Spectator»-ը: Օրերս տասնյակ հավատացյալ քրիստոնյաներ, այդ թվում՝ մի շարք երեխաներ, սպանվել են նիգերիական Օվո քաղաքի եկեղեցու վրա հարձակման ժամանակ: Նախնական գնահատականների համաձայն՝ զոհվածների թիվը նվազագույնը 70-ի է հասնում, բայց այդ թիվը կաճի՝ հաշվի առնելով, որ տաճարը՝ Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցին, ունի ամենամեծ ծխերից մեկը հարավարեւմտյան Օնդո նահանգում:
Նիգերիայում այժմ ահաբեկչական հարձակումների կտրուկ աճ է նկատվում: Վերջին 6 ամսվա ընթացքում զինյալները 48 մարդ են սպանել հյուսիսարեւմտյան Զամֆարա նահանգում, արյունահեղ ջարդ են իրականացրել Պլատո նահանգի գյուղերից մեկում, որի ընթացքում զոհվել է 100 բնակիչ, ինչպես նաեւ ներխուժել են գնացքներ ու ավտոբուսներ, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ զոհվել են, իսկ հարյուրավորներն էլ անհետ կորած են համարվում: Հանցագործությունների գրանցման «Nigeria Security Tracker» ծառայության տվյալներով՝ միայն 2022 թ. առաջին եռամսյակում նվազագույնը 3000 նիգերիացի է սպանվել, առեւանգվել է 1500 մարդ:
Վերջին հարձակումների մեծ մասն իրականացնում են «ավազակները»՝ տեղացի զինյալները, որոնք պատասխանատու են նաեւ Նիգերիայում առեւանգումների ալիքի համար: Սակայն ճիշտ այնպես, ինչպես տեղական ավազակախմբերը «Բոկո Հարամից» փոխառեցին դպրոցականներին առեւանգելու մեթոդները, զինյալ տարբեր խմբավորումները ջիհադականների մեթոդներով ավելի ու ավելի են ահաբեկում Նիգերիայի քրիստոնյա բնակչությանը: Ջիհադականները, որոնք կապված են նիգերիական ահաբեկչական իսլամական «Բոկո Հարամ», 2015-ից՝ «Իսլամական պետության արեւմտաաֆրիկյան նահանգ» կազմակերպության հետ, որի գրոհայինները հունիսի 6-ին Բորնո նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող Լոուան Մայնարի գյուղում հրկիզել են բեռնատարներ եւ առեւանգել ուղեւորներին, այդ երկրում ահաբեկչական գործողությունների հիմնական կատարողներն են:
Նիգերիական ջիհադական խմբավորումները, որոնք փորձում են աջակցել զինյալ իսլամին, աջակցություն են ստանում արմատական իսլամական խմբավորումների կողմից, որոնք էլ, ի դեպ, հրահրում են նրանց: Միեւնույն ժամանակ աճում է սրբապղծության մեղադրանքներով թելադրված սպանությունների թիվը։ Հենց երկրի բնակչության 46 տոկոսը կազմող քրիստոնյաներն են իրենց վրա վերցրել դաժան հաշվեհարդարների հիմնական մասը: Իսկ մահմեդականները, ի դեպ, 53 տոկոսն են:
Մայիսին համակուրսեցիները Դեբորա Սամուելին դաժանորեն քարկոծեցին եւ ողջ-ողջ այրեցին Սոկոտո նահանգում «WhatsApp»-ում ձայնային հաղորդագրության պատճառով, որը դիտվել էր որպես Մուհամեդ մարգարեին ուղղված հայհոյանք: Անցյալ ամիս Լագոսում հաշվեհարդարի է ենթարկվել ձայնային ռեժիսոր Դեյվիդ Իմոհը: Այնուհետեւ հարձակումներ են կատարվել նահանգի եկեղեցիների վրա, եւ քրիստոնյաների նկատմամբ հալածանքներն ուժեղացել են։ Անցյալ շաբաթ առեւանգվել է երկրի մեթոդիստական եկեղեցու ղեկավար Սամուել Կանուն, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ հյուսիսարեւմտյան Կացինա նահանգում առեւանգվել էին երկու կաթոլիկ քահանաներ:
Վիճակագրական որոշ տվյալների համաձայն՝ նախորդ տարի Նիգերիայում սպանվել է առնվազն 4650 քրիստոնյա։ 2009 թ. հուլիսից, երբ «Բոկո Հարամն» առաջին անգամ ապստամբություն բարձրացրեց տարածաշրջանում, ավելի քան 45000 մարդ դարձել է նրա զոհը։ Վերջին տասնամյակում քրիստոնյաների սպանությունների մեծ մասը կատարվել է այս զինյալ խմբավորման գրոհայինների կողմից, սակայն կրոնական համայնքի ներկայացուցիչներին հետապնդում են ոչ միայն ջիհադական խմբավորումները:
Վերջին տարիներին Նիգերիայի քրիստոնյաների վրա ավելի ու ավելի հաճախ են հարձակվում էթնիկ մահմեդական ֆուլանի խմբի զինյալները: Շատ տեղացիներ, այդ թվում՝ Օնդո նահանգից պատգամավոր Ադեյեմի Օլայեմին, կարծում են, որ վերջին ահաբեկչությունը, որին մասնակցության մասին ոչ ոք դեռ պաշտոնապես չի հայտարարել, նույնպես իրականացվել է ֆուլանիի գրոհայինների կողմից: Դեկտեմբերին նրանց ասոցիացիան նույնիսկ նախազգուշացում է արել Զամֆարայի եկեղեցիներին՝ հայտարարելով, որ իրենք կարող են հարձակումներ գործել, եթե այդ եկեղեցիները շարունակեն ծառայություններ մատուցել:
Ֆուլանիի մարտիկները նույնպես հաճախ են հարձակվում եկեղեցիների վրա՝ սպանելով տասնյակ քրիստոնյաների եւ առեւանգելով քահանաներին: 2017-2020 թթ. ժամանակահատվածում համայնքի հովիվներն իրականացրել են 654 հարձակում եւ սպանել 2539 նիգերիացիների: Սկզբում հարձակվողները բռնություն էին կիրառում մրցակից խմբավորումներից, առավելապես՝ քրիստոնյա բերոմա ժողովրդից հողատարածքները խլելու համար: Սակայն վերջին տարիներին նրանց ագրեսիվ գործողությունները միջին գոտու նահանգներում (Կենտրոնական Նիգերիա) կրոնական բնույթ են ստացել։
Գյուղատնտեսական հողերի համար պայքարը, որն արդեն բաժանված է բնակիչների միջեւ ըստ էթնո-կրոնական նախանշանի, կախված ցեղային պատկանելությունից, արմատապես իսլամացվել է միջին գոտու երկայնքով, որը բաժանում է մահմեդական մեծամասնությամբ հյուսիսը հիմնականում քրիստոնյա հարավից: «Բոկո Հարամի» հզորության եւ ազդեցության աճի շնորհիվ վերածնվել է ֆուլանի խմբի անդամների ձգտումը դեպի ջիհադը: Զինյալներն այսօր ավելի ու ավելի են հենվում իսլամական եւ ջիհադական հռետորաբանության վրա:
Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին՝ բանակային պաշտոնաթող գեներալ, հաղթել է 2015 թ. կայացած ընտրություններում ու վերընտրվել 2019 թ. Նիգերիայի անվտանգությունն ամրացնելու երդումների հաշվին, մինչդեռ այնտեղ իրադրությունն ավելի ու ավելի անկայուն է դառնում: Նա ոչ միայն ուշադիր հետեւում է իր երկրում տեղի ունեցող բռնություններին, այլեւ քիչ բան է անում՝ դրանց դեմ պայքարելու համար: Շատերը կարծում են, որ Բուհարիի ավտորիտար հակումների ուժեղացումն անխուսափելի վերադարձ է 1983-ի ռազմական հեղաշրջմանը, որի արդյունքում նա կառավարեց երկիրը 2 տարի՝ սպառնալով սահմանափակել մամուլի եւ սոցիալական ցանցերի ազատությունը։ Նախագահին մեղադրում են այն բանում, որ նա բավարար չափով կոշտ չէ ֆուլանի խմբի գրոհայինների նկատմամբ, հակված է օգտագործել իսլամական հռետորաբանություն եւ նույնիսկ իր կառավարությունում աջակցում է նախկին ջիհադականներին: Ինքը՝ Բուհարին, հերքում է քննադատությունը, ներառյալ այն, որ արդարացնում է դրանք, իսկ նախկինում նշել է, որ անվտանգության ոլորտում ձեռքբերումներ են գրանցվել, չնայած խնդիրներին, որոնց բախվում է վարչակազմը:
Ակնհայտ է, որ Նիգերիայում ահաբեկչական խմբավորումների վերացման համար անհրաժեշտ է քաղաքական իրական կամք, աշխարհիկ ժողովրդավարական արժեքների պաշտպանություն: Բացի այդ, անվտանգության համակարգն արդիականացման կարիք ունի: Հաշվի առնելով, որ քրիստոնյաները հարձակումների են ենթարկվում ինչպես շրջաններում, որոնք ղեկավարվում են շարիաթի օրենքների համաձայն, այնպես էլ այլ շրջաններում, անհրաժեշտ է Նիգերիայում արմատախիլ անել արմատական իսլամի գաղափարախոսական հռետորաբանությունը: Հակառակ դեպքում բնակչության ամենախոցելի շերտերն ապագայում նույնպես դաժան հարձակումների կենթարկվեն մի երկրում, որտեղ իսլամացման մակարդակն անշեղորեն աճում է:
Այս ամենը հիշեցնում է այն իրավիճակը, որում ապրել է քրիստոնյա հայ ժողովուրդը մահմեդական Թուրքիայի կողմից նվաճված տարածքում՝ իր պատմական հայրենիքում: Տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտորեն հուշում են, որ քրիստոնյաների վերացման խնդիր է դրված: Ենթարկվելով բռնությունների ու հալածանքների, նույնիսկ՝ եկեղեցիներում, երբ քրիստոնյայի սպանությունը հանցանք չէր դիտվում, հայ ժողովուրդն ապրելու հեռանկարներ չուներ, սակայն շարունակում էր գոյատեւել եւ կառչած մնալ հարազատ հողին: Արդյունքում թուրքական իշխանությունները ծրագրեցին եւ իրականացրեցին հրեշավոր ցեղասպանություն՝ սպանելով միլիոնավոր հայերի: Դատելով արմատական իսլամական այսպիսի տրամաբանությունից՝ Նիգերիայում հաստատված իրավիճակը կարելի է բնութագրել նախացեղասպանական, որը հնարավոր է դարձել միայն այն պատճառով, որ Թուրքիան դեռ պատասխան չի տվել Հայոց ցեղասպանության համար:
Հիմա անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչպես հնարավոր դարձավ միջնադարյան դժոխքի վերադարձը Նիգերիա, եւ ովքեր են այն վերածնողների իրական հեղինակները… Այլապես, Աստված չանի, ամենադաժանը կարող է կրկին իրականություն դառնալ…