Իրանը հայտարարել է Ռուսաստանի ու Արեւմուտքի երկխոսության մեջ միջնորդի դեր կատարելու իր ցանկության մասին՝ էներգետիկ ճգնաժամը կարգավորելու համար: Ռուսաստանն ու Եվրոպան էներգետիկ հարցում շարունակում են «ձգել լարը», ուստի, ըստ վերլուծաբանների, Իրանի միջնորդությունը դժվար թե հանգեցնի ճգնաժամի վերջնական կարգավորման: Դա, ըստ էության, հոռետեսների կամ Թուրքիայի դերի բարձրացման ջատագովների դիրքորոշումն է: Մինչդեռ Իրանի միջնորդությունը կարեւոր է այնքանով, որքանով ոչ միայն փորձում է չեզոքացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը՝ ստանձնելու միջնորդի դեր ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, այլեւ փաստացի հայտարարություն է այն մասին, որ Թեհրանն առնվազն ոչ պակաս տարածաշրջանային խաղացող է: Իսկ այն, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին միջնորդական ջանքեր գործադրելու մասին խնդրել է եվրոպական ղեկավարներից մեկը, վկայում է այն մասին, որ Արեւմուտքին նվազագույնը դուր չի գալիս Անկարայի ակտիվացումը կամ, այլ կերպ ասած, տարածաշրջանային դերի բարձրացումը…
Իհարկե, Մոսկվան, ըստ տարբեր աղբյուրների, ձգտում է ավարտել ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, բայց՝ արժանապատվորեն, հաղթանակի դիրքերից: Իսկ դա հնարավոր է միայն այնպիսի միջնորդի օգնությամբ, որին վստահում է Արեւմուտքը: Այդ հարցում Թեհրանի հնարավորությունները, անկախ «միջուկային գործարքի» վերականգնման շուրջ ընթացող բարդ բանակցություններից, ավելի բարձր են, քան Անկարայինը. ի վերջո, Արեւմուտքը ոչ թե Էրդողանին է խնդրել միջնորդական առաքելություն իրականացնել, այլ Ռաիսիին…
Հարկ է շեշտել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնաթող լինելուց առաջ կոչ է արել վերջ տալ երկրի էներգետիկ կախվածությանը… Եվրոպան բախվում է գազի գնի կտրուկ բարձրացման պատճառով էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Եվրոպա ռուսական գազի մատակարարումների դադարեցման արդյունքում «կապույտ» վառելիքի մեծածախ գները հասել են ռեկորդային մակարդակի։ Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի արժեքը հոկտեմբերի 1-ից կբարձրանա 80 տոկոսով եւ կկազմի տարեկան 3549 ֆունտ ստեռլինգ (4188 դոլար), ինչը նշանակում է, որ միլիոնավոր ընտանիքներ չեն կարողանա ջեռուցում ապահովել:
Ջոնսոնը շարունակում է պաշտպանել էներգետիկ քաղաքականության իր կուրսը: Նա պնդում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումը՝ ավելացնելու գազի ներքին արտադրությունը, ինչպես նաեւ բարձրացնելու ներդրումներն ատոմային էներգետիկայի եւ վերականգնվող աղբյուրների ոլորտում, կնվազեցնի երկրի կախվածությունն արտասահմանյան էներգառեսուրսներից: «Կարեւոր որոշումները, որոնք կառավարությունն ընդունել է էներգետիկայի ոլորտում, Միացյալ Թագավորությանն էժան ու մաքուր շատ էներգակիրներ կտան: Ապագայում ընտանիքներն ու ձեռնարկությունները կախված չեն լինի միջազգային շուկայի ողորմածությունից»,- կարծում է նա:
Ջոնսոնը, ով մի շարք սկանդալներից հետո ստիպված է եղել հրաժարական տալ, հայտարարել է, որ կառավարությունն առաջիկա ամիսներին կհայտարարի էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների հարցում բարդություններ ունեցող տնային տնտեսություններին լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կատարելու մասին…
Թեհրանը պատրաստվում է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի ու Արեւմուտքի բանակցություններում՝ էներգետիկ ճգնաժամի լուծումը գտնելու նպատակով: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերջերս իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Եվրոպայում էներգակիրների ճգնաժամի ու միջուկային դոսյեի հարցերը:
Հարկ է նշել, որ Եվրոպան որոշել է Մոսկվայի հետ խոսել Թեհրանի միջոցով: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ Մոսկվայի բանակցությունների ընթացքում Աբդոլահիանը Լավրովին է փոխանցել եվրոպական երկրներից մեկի ղեկավարի խոսքերը՝ կապված ուկրաինական իրավիճակի հետ:
«Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք իր իսկ խնդրանքով փոխանցեցինք եվրոպական երկրներից մեկի ղեկավարի խոսքերը, որով նա դիմել է մեր նախագահ պարոն Ռաիսիին: Այնտեղ գաղափարներ կան խաղաղությանն աջակցելու, Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Եվ մենք պրն Լավրովի հետ քննարկեցինք այդ գաղափարները: Արեւմտյան որոշ երկրներ ուզում են, որ Թեհրանն ակտիվ դեր խաղա այդ հարցում»,- մամուլի ասուլիսում իր խոսքն այսպես է սկսել Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Իսկ իրանական ISNA գործակալությունը հաղորդել է, որ Էբրահիմ Ռաիսիին դիմած արեւմտյան առաջնորդներից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է:
«Պարոն նախարարն իր խոսքում նշեց, որ եվրոպական որոշ ղեկավարներ նրան խնդրում են կենտրոնանալ ուկրաինական հարցի վրա, խնդրում են ինչ-ինչ ուղերձներ փոխանցել: Ես հույս ունեմ, որ դա նոր նախապայման չէ, որոնք եվրոպական որոշ ղեկավարներ կարող են առաջ քաշել «միջուկային» գործարքի կնքման ճանապարհին»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում՝ այս հարցի վերաբերյալ նա հրապարակային որեւէ հայտարարություն այլեւս չի արել: Թեհրանն ուզում է, որ Եվրոպան ակտիվացնի ջանքերը՝ վերադառնալու միջուկային գործարքին: Ինչպես նշում են վերլուծաբանները, Վաշինգտոնն այդ հարցին կվերադառնա ԱՄՆ-ում միջանկյալ եւ Իսրայելում համընդհանուր ընտրություններից հետո:
Իրանը ձգտում է օգտագործել էներգետիկ ճգնաժամն ու ամերիկացիների դանդաղկոտությունը՝ պատժամիջոցային ճնշումը թուլացնելու համար: Նրա ձգտումները պարզորոշ երեւում են Աբդոլահիանի խոսքերում. վերջինս իր դժգոհությունը կապել է ԱՄՆ-ի դանդաղկոտության հետ՝ ստորագրելու միջուկային համաձայնագիրը՝ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ:
Թեհրանը մեկ անգամ չի հայտարարել. ցանկանում է վստահ լինել, որ Վաշինգտոնը կրկին չի խզի գործարքը: «Մենք առաջվա պես երաշխիքների հարցում ավելի ուժեղ տեքստի կարիք ունենք»,- բացատրել է Իրանի արտգործնախարարը՝ Մոսկվայում պատասխանելով լրագրողների հարցերին: Բացի այդ, Իրանը կարծում է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ձերբազատվի ցանկացած քաղաքականացված դիրքորոշումից եւ խոստանա, որ Թեհրանին «միջուկային գործարքի» վերականգնումից հետո «չհիմնավորված մեղադրանքներ» չի ներկայացնի: Խոսքը իրանական երեք միջուկային օբյեկտներում ուրանի հետքերի ծագման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հետաքննության մասին է։ Գործակալությունը մտադիր չէ դադարեցնել հետաքննությունը, թեեւ խոսքը 2000-ականների սկզբին Իրանի միջուկային գործունեության մասին է։
Վերլուծաբան Զահի Ալլաուիի կարծիքով՝ եվրոպական երկրները հույսեր են կապում քաղաքացիների ըմբռնման հետ: Այժմ՝ Էներգետիկ ճգնաժամի ժամանակ նրանք նյութական աջակցություն են ցուցաբերում նվազ ապահովված սոցիալական խմբերին, սակայն դա չի ձգվի մինչեւ հաջորդ ձմեռ: Պարզ է դառնում, որ այդ ժամանակահատվածում էներգետիկ խնդրի լուծման համար Եվրոպան հույսեր է կապում Իրանի հետ: