Հնդկաստանը, որպես G20-ի նախագահ, ավելի քան 120 երկրների մասնակցությամբ վիրտուալ գագաթնաժողով է հրավիրում՝ քննարկելու համար, թե ինչ պետք է անել աղքատ երկրների աճող պարտքերի հետ համավարակի եւ Ուկրաինայի հակամարտության լույսի ներքո։ Դելին նշել է, որ իրենք պետք է որոշեն, թե ինչպես ֆինանսավորեն իրենց զարգացումը եւ չհայտնվեն պարտքերի մեջ: Դա ակնհայտ ակնարկ է Չինաստանին, որին մեղադրում են Շրի Լանկայի նման երկրներին պարտատոմսերով վարկեր տալու մեջ։ Հնդկաստանը, այսպիսով, փոխել է Ջավահարլալ Ներուի դարաշրջանում ընդունված հռետորաբանությունը՝ համաշխարհային տերության իր դերը հաստատելու համար։
Ինչպես հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վինայ Կվատրան, գագաթնաժողովը կկրի «Գլոբալ Հարավի ձայնը» անվանումը: Դրա ընթացքում կխոսվի նաեւ այն մասին, թե ինչպես պետք է վերակառուցել զարգացող երկրներին տրվող ֆինանսական օգնությունը, որպեսզի նրանք խուսափեն պարտքային թակարդից: Ըստ փորձագետների՝ նկատի է առնվում Չինաստանը: Ինչպես հաղորդում է հնդկական «Print»-ը՝ հենվելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա, 2021 թ. Չինաստանն այն երկրների ամենախոշոր վարկատուն էր, որոնք մտնում են Միջազգային զարգացման ասոցիացիայի մեջ: Խոսքն այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Պակիստանն ու Բանգլադեշը: Չինաստանին համապատասխանաբար բաժին է հասել նրանց ողջ պարտքի 49 տոկոսը:
«Զարգացող երկրների ֆինանսական բեռի ավելացումը, ինչպես նաեւ գնաճը բացասաբար են անդրադառնում նրանց տնտեսությունների վրա։ Եվ այդ երկրների մտահոգությունները համաշխարհային ասպարեզում պատշաճ ուշադրության չեն արժանանում: Ես երջանիկ եմ հայտարարել նոր յուրահատուկ նախաձեռնության մասին, որը Հնդկաստանը ձեռնարկում է: 2023 թ. հունվարի 12-13-ը մենք հատուկ վիրտուալ գագաթնաժողով կանցկացնենք՝ «Գլոբալ Հարավի ձայնը» անվամբ, որի թեման է «Միասնական ձայն, միասնական նպատակ»,- բացատրել է Կվատրան: Նա ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լրջորեն ազդել են զարգացող երկրների վրա: Դրանց թվում նա նշել է կորոնավիրուսը, Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտությունը, սննդի, պարարտանյութերի ու վառելիքի հասանելիության հետ կապված աճող խնդիրները, կլիմայի փոփոխությունը, գնաճը: Բացի այն, որ այս հարցերը միջազգային ասպարեզում պատշաճ ուշադրության չեն արժանացել, գոյություն ունեցող հարթակները չեն կարողացել դիմակայել զարգացող երկրներում ի հայտ եկած մարտահրավերներին: Հնդկաստանը, նրա խոսքով, ցանկանում է օգտագործել G20-ի նախագահի իր դերը՝ այդ խնդիրները «Մեծ քսանյակի» երկրներին հասցնելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 10 նիստ, որոնցից երկուսը կայանալու են պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ութը՝ նախարարների մակարդակով։ Շրջակա միջավայրի նախարարները կքննարկեն աճի եւ էկոլոգիապես անվտանգ կենսակերպի միջեւ հաշվեկշռի հարցերը, ֆինանսների նախարարները կխոսեն սոցիալական զարգացմանը միտված ֆինանսավորման, արտաքին գործերի նախարարները՝ Գլոբալ Հարավի եւ բարենպաստ միջավայրի ապահովման մասին: Էներգետիկայի նախարարները կկենտրոնանան այնպիսի թեմայի վրա, ինչպիսին էներգետիկ անվտանգությունն է եւ զարգացումը՝ բարգավաճման ճանապարհային քարտեզը: Առողջապահական կայուն համակարգերի ստեղծման ոլորտում համագործակցությունը կքննարկվի առողջապահության նախարարների նիստում:
Մարդկային ռեսուրսների զարգացման եւ ներուժի ընդլայնման խնդիրները կքննարկեն կրթության նախարարները: Առեւտրի նախարարները նիստ կանցկացնեն «Գլոբալ հարավում համագործակցության զարգացում՝ առեւտուր, տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ ռեսուրսներ» թեմայով: Ակնկալվում է, որ հրատապ կլինի արտաքին գործերի նախարարների «Մեծ քսանյակ. առաջարկներ Հնդկաստանին նրա նախագահության շրջանի համար» թեմայով քննարկումը: Հարկ է նշել, որ Հնդկաստանը G20-ի նախագահ է դարձել 2022 թ. դեկտեմբերի 1-ին:
«Նախաձեռնությունը ոգեշնչված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Սաբկա Սաատ, Սաբկա Վիկաս, Սաբկա Վիշվաս եւ Սաբկա Փրայաս» (միավորում ներառական զարգացման համար հավաքական վստահության եւ ջանքերի միջոցով) տեսլականով եւ ամրապնդված է «Վասուդհայվա Կուտումբակամ» (աշխարհը մեկ ընտանիք է) հնդկական փիլիսոփայությամբ»,- նշել է Վինայ Կվատրան։
«Հնդկաստանը կաշխատի ապահովել, որ գործընկեր երկրների արժեքավոր ներդրումը գագաթնաժողովի քննարկումներում արժանի ճանաչում ստանա ողջ աշխարհում»,- հայտարարել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Բացի այդ, շեշտվում է, որ «Մեծ քսանյակում» Հնդկաստանի այժմյան նախագահությունը հատուկ հնարավորություն է ներկայացնում այն երկրներին, որոնք G20-ի անդամ չեն: Նրանք կարող են կիսվել իրենց գաղափարներով ու սպասումներով: Դա համապատախանում է վարչապետ Նարենդրա Մոդիի հայտարարությանն այն մասին, որ նախագահությունը G20-ում կձեւավորվի ոչ միայն «քսանյակի» գործընկերների, այլ նաեւ գլոբալ Հարավի երկրների հետ խորհրդակցություններում, որոնց ձայնը հաճախ մնում է չլսված:
Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, գագաթնաժողովի գումարմամբ Հնդկաստանն ակնկալում է կարեւոր տեղ գրավել գլոբալ խնդիրներ լուծող ուժերի շարքում, այլ խոսքով՝ որոշումների կայացման գլոբալ գործընթացում:
«Հնդկաստանը միշտ եղել է ավանգարդում եւ հետեւողականորեն պաշտպանել է աշխարհի զարգացող երկրների հետաքրքրությունները: Մենք միջազգային բոլոր ֆորումներում ու մեխանիզմներում հստակ հնչեցնում ենք մեր գործընկերների՝ գլոբալ Հարավի շահերն ու անհանգստությունները»,- շեշտել է Վինայ Կվատրան:
Կվատրան, սակայն, հերքել է լրագրողների այն ենթադրությունը, որ Հնդկաստանը հեռանում է չմիացման քաղաքականությունից: 1960-ականներին վարչապետ Ջավահարլալ Ներուն Եգիպտոսի եւ Հարավսլավիայի առաջնորդների հետ դարձավ չեզոքության շարժման հիմնադիրը։
Հնդկական «Tribune» թերթը նշում է, որ, ըստ արեւմտյան ԶԼՄ-ների, Մոդիի ու Ներուի տեսակետները բոլորովին չեն համընկնում։ Վերջինս փայլուն հրապարակախոս եւ գրող էր, պատկանում էր գիտնական բրահմանների դասին, որոնք երկիրը ղեկավարում էին անկախության հռչակումից հետո առաջին տասնամյակներում։ Ծագումով Մոդին ավելի մոտ է հասարակ ժողովրդին, եւ դա նպաստում է նրա ժողովրդականությանը: Ըստ որոշ փորձագետների՝ Հնդկաստանը դիմում է չմիավորման շարժման հռետորաբանությանը, բայց նոր պատմական շրջադարձի մեջ: Դելին դիրքավորվում է որպես համաշխարհային տերություն, որպես գլոբալ հարավի ձայն: Հանուն դրա Հնդկաստանը կողմ է արտահայտվում նաեւ Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու համար։ Հնդկաստանը նախկինում նույնպես փորձել է հակազդել հարեւան երկրներում, Լատինական Ամերիկայում եւ Արեւմտյան Աֆրիկայում Չինաստանի ազդեցությանը: Ուստի նա ընդունել է արեւմտյան նարատիվն այն մասին, որ Չինաստանն աղքատ երկրներին գցում է պարտքային ծուղակի մեջ:
CNA հեռուստաալիքը շեշտում է, որ ասիական հսկան ձգտում է գլոբալ տերության դեր խաղալ աշխարհում մեծ անկայունության պահին։ Վիրտուալ գագաթնաժողովը երկրին հնարավորություն է տալիս դառնալու, ըստ Մոդիի, գլոբալ առաջնորդ: Հնդկաստանն արդեն առանցքային խաղացող է դարձել աշխարհում: Պատահական չէ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դելիին կոչ է արել մասնակցել Ռուսաստանի հետ ճգնաժամի կարգավորմանը։
Հարկ է նշել, որ Հնդկաստանի դերի մեծացումն աշխարհում բխում է Հայաստանի շահերից: Բացի այն, որ Դելին զենք է մատակարարում Երեւանին, հետագա համագործակցությունը ենթադրում է Հայաստանում զենքի արտադրության համատեղ բազաների ստեղծում: Այդ զենքը Հնդկաստանը պատրաստվում է վաճառել Եգիպտոսին: Ըստ «India Narrative»-ի՝ «չնայած Հայաստանի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում, երկրում մասնագետների մեծ ռեզերվ կա: Ժամանակին ՀՀ-ն համարվում էր ԱՊՀ-ի Սիլիկոնյան հովիտը եւ կարող է դառնալ դեպի տարածաշրջանի երկրներ ու Բալկաններ պաշտպանական արտադրանքի արտահանման կենտրոն»:
Հնդկաստանը հիանալի հասկանում է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակում է ձեռնարկել Դելիի թշնամի Անկարայի ակտիվ մասնակցության պայմաններում, ավելին՝ վերջին տարիներին ադրբեջանա-թուրքական գործակցությունն ընդլայնվել է Պակիստանի ներգրավմամբ, որը նույնպես թշնամաբար է տրամադրված Հնդկաստանի նկատմամբ: Այդ երկրների համագործակցությունը հակասում է Հնդկաստանի հետաքրքրություններին: Իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական պլանների հնարավոր իրականացումը ծանր հետեւանքներ կունենա Դելիի համար: Եթե այդ «միջանցքը» վերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից, ապա Բաքուն եւ Անկարան գործնականում կարող են Իրանին կտրել Կովկասից եւ դեպի Եվրոպա սեւծովյան ուղիներից: Ավելին՝ այդ «միջանցքը» Թուրքիայի համար ցամաքային ելք կապահովի դեպի Կենտրոնական ու Հարավային Ասիա:
Զանգեզուրը, այսպիսով, կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Հնդկաստանի ու Իրանի համար: Այդ ուղիների դերը մեծ է հատկապես Հնդկաստանի աջակցությունը վայելող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման տեսանկյունից: Հնդկաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պետք է կանխել Հայաստանի վրա ճնշման գործադրումն ու նրանից տարածքի պոկումը, տարածք, որի նշանակությունը, ակնհայտ է, մեծացել է ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո: Իսկ թշնամիների ոտնձգությունների դեմ կարող է կանգնել միայն ռազմական առումով ուժեղ Հայաստանի Հանրապետությունը: