Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ հանդիպումը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կենսականորեն անհրաժեշտ է Վաշինգտոնի աջակցությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններում արեւմտամետ լսարանի քվեներն ապահովելու համար: Մի կողմից՝ Անկարան որոշել է շարունակել միջնորդական ջանքերը Արեւմուտքի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ Մոսկվայի ու Կիեւի միջեւ, իսկ մյուս կողմից՝ ձգտում է վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:
Թուրքիան, մնալով ՆԱՏՕ-ի անդամ, այդպես էլ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ոգեւորված դրանից՝ Մոսկվայում կարծում էին, որ, ի դեմս Էրդողանի, ձեռք են բերել վստահելի դաշնակցի, ուստի շտապեցին դափնիներ շռայլել նրան, սակայն իրականությունն այն է, որ թուրքերը ՌԴ-ին հերթական անգամ կթողնեն կոտրած տաշտակի առջեւ, ինչը ոչ միայն նկատելի է դարձել, այլեւ, որ ամենազարմանալին է, սկսում է ընկալվել Ռուսաստանում:
Չավուշօղլուի ու Բլինքենի հանդիպմանն ու համատեղ հայտարարությանը կանդրադառնանք ստորեւ, հիմա շեշտենք, որ վերջին շրջանում ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում ու մամուլում ավելի ու ավելի հաճախ է բարձրացվում այն հարցը, թե, ի վերջո, ինչի է ձգտում Թուրքիան, եւ որքանով են անկեղծ նրա միջնորդական ջանքերը:
Թուրքիան հունվարի ընթացքում հայտարարեց, որ եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան չեն կարող ռազմավարական հաջողության հասնել, ինչը նշանակում է, որ Անկարան որոշակիորեն ցուցադրում է Մոսկվայից հեռանալու իր որդեգրած մոտեցումը: Սովորաբար մնում են հաղթողի կողքին, պարտությունն է, որ երբեք բարեկամներ չի ունենում, եւ դա ՌԴ-ում հաստատապես շատ լավ են հասկանում, որովհետեւ նմանատիպ քաղաքականություն նաեւ իրենք են վարել ու վարում: Թուրքիան միաժամանակ Մոսկվայի ու Կիեւի միջեւ հավասարության նշան է դնում, այսինքն՝ շեշտում է, որ, իր կարծիքով, երկուսն էլ պարտվել են, բայց շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, ինչը հիասթափություն է առաջացնում Էրդողանի գովերգն իրականացրած գործիչների, փորձագետների ու իրենց լրագրող անվանող քարոզիչների շրջանում:
Մյուս կողմից՝ Անկարան Ռուսաստանին հունվարին կոչ է արել միակողմանի զիջումներ կատարել, որպեսզի դրա դիմաց կազմակերպի ՌԴ-ի եւ Կիեւի ղեկավարների հանդիպում, ապա հայտարարել է, որ ռազմական գործողությունները բացասաբար կանդրադառնան Ուկրաինայի տնտեսական, սննդի ու էներգետիկ ոլորտների վրա: Այս հայտարարությունը, ինչից բխում է, որ ռազմական գործողությունների շարունակումը կարող է հանգեցնել Կիեւի պարտությանը, որն առանց այդ էլ կախված է Արեւմուտքի տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար օգնությունից, արել է Էրդողանի մամուլի քարտուղարը: Ռուս վերլուծաբանները կարծում են, որ եթե Ուկրաինան հայտնվի տնտեսական ու էներգետիկ ծանր պայմաններում, ուրեմն կպարտվի, եւ այս դեպքում Թուրքիան հանդես է գալիս Ռուսաստանի դեմ: Անկարան, ըստ նրանց, խնդրում է կրակի միակողմանի դադարեցման որոշում կայացնել՝ Ռուսաստանի հաղթանակը կանխելու համար:
Ռուսական հանրության թուրքամետ հատվածի համար սառը ցնցուղ էր նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունը. «Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում՝ կապված Ղրիմի թաթար հայրենակիցներ Ջամիլ Գաֆարովի, Սերվետ Գազիեւի, Էրֆան Օսմանովի, Ալիմ Քարիմովի եւ Սեյրան Մուրթազի՝ 13 տարվա բանտարկության որոշման հետ: Կրկին հայտարարում ենք մեր աջակցությունը Ղրիմի թաթարների իրավունքին՝ ազատ եւ անվտանգ ապրելու իրենց հայրենիքում, եւ սպասում ենք, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ ազատման ու իրենց ընտանիքների հետ վերամիավորման համար, ովքեր Ղրիմում բանտարկված են քաղաքական պատճառներով, այդ թվում՝ վերը նշված անձինք, ինչպես նաեւ «Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի» նախագահի տեղակալ Ներիման Ջալալը, Հասան Ախմետովը եւ Ազիզ Ախմետովը»:
Գաֆարովը, Գազիեւը, Օսմանովը, Քարիմովը եւ Մուրթազը դատապարտվել են իսլամական «Հիզբ ուտ-Թահրիր» կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար: Այսինքն՝ Անկարան պաշտպանում է հենց հակառուսական տրամադրություններ ունեցող ղրիմյան թաթարներին: Վաղուց հայտնի է, որ Թուրքիան Ղրիմում հակառուսականություն է քարոզում թաթարների շրջանում՝ տարածաշրջանն իր վերահսկողության տակ վերցնելու համար: Թաթարներն այնտեղ ձգտում են ստեղծել ղրիմ-թաթարյան ինքնավարություն՝ Ուկրաինայի կազմում, իսկ այդպիսի գործընթացը, հասկանալի է, չէր կարող սկսվել առանց Անկարայի գիտության կամ աջակցության:
Վերադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների թեմային՝ պետք է շեշտել, որ հունվարի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն է տարածել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի վերաբերյալ: Առիթը Մեւլյութ Չավուշօղլուի այցն էր ԱՄՆ եւ բանակցությունները պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
«Նրանք քննարկեցին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ պաշտպանական գործընկերության ամրապնդման հարցերը, ներառյալ՝ կապված թուրքական F-16 ինքնաթիռների արդիականացման հետ: Նախարար Չավուշօղլուն եւ նախարար Բլինքենը շեշտեցին իրենց հստակ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի կողմից անընդունելի պատերազմի պայմաններում եւ վերահաստատեցին իրենց աջակցությունը պատերազմի դադարեցման որոշմանը: ԱՄՆ-ն շնորհակալություն հայտնեց Թուրքիային սեւծովյան հացահատիկային միջանցքի նախաձեռնության մեջ նրա միջնորդական դերի համար, եւ երկու կողմերն էլ ընդգծեցին այդ փրկարար մեխանիզմի՝ բավական մեծ հզորությամբ գործարկման ապահովման անհրաժեշտությունը՝ հացահատիկի համաշխարհային պահանջարկը բավարարելու համար: Նախարար Չավուշօղլուն եւ նախարար Բլինքենը պայմանավորվել են ամրապնդել համակարգումն ու համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման համար: Նախարար Չավուշօղլուն եւ նախարար Բլինքենը քննարկել են ՆԱՏՕ-ի ներսում համակարգման եւ համերաշխության ամրապնդման ուղիների հարցը այժմյան սպառնալիքների ու մարտահրավերների պայմաններում: Որպես դաշնակիցներ՝ նրանք վերահաստատեցին իրենց շարունակական հավատարմությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ինչպես նաեւ կոլեկտիվ պաշտպանությանը»,- նշված է հայտարարության մեջ:
Ըստ այդ փաստաթղթի՝ Թուրքիան ու ԱՄՆ-ն հաստատում են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, պլանավորում են համատեղ հակաահաբեկչական խորհրդատվություններ անցկացնել ռազմավարական մեխանիզմի շրջանակներում, աջակցում են այնպիսի «ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում սերտ համակարգմանն ու համագործակցությանը», ինչպիսին են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» եւ «Իսլամական պետությունը», նաեւ ողջունել են երկկողմ առեւտրային հարաբերությունների շարունակական աճը:
Վերը նշվածից երեւում է, որ ամերիկա-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել: Ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ն եւ Թուրքիան նույն դիրքորոշումն ունեն, պատրաստվում են համակարգել քաղաքականությունը Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի վարած քաղաքականությունը խարխլել է ՌԴ-ի դիրքերը Հայաստանում, որը տարածաշրջանում նրա ներկայության բացառիկ հենակետի նշանակություն է միշտ ունեցել:
Տեսնելով Թուրքիայի շրջադարձը դեպի Արեւմուտք, ինչը խելամիտ քաղաքական գործիչների համար ընդամենը այբուբեն էր, այլ ոչ թե ընկալման տեսանկյունից բարդ թվաբանական գործողություն, ռուսական ԶԼՄ-ներն արդեն գրում են, թե ԱՄՆ-ն Հարավային Կովկասում պաշտպանում է թուրք-ադրբեջանական զույգին՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու եւ Իրանի համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով: Ավելին՝ արդեն շեշտում են, որ Անկարան ու Բաքուն երազում են դուրս բերել ռուս զինվորականներին Հայաստանից, ինչը կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի պատճառ դառնալ:
Հասկանալի է, որ այժմ ամեն բան կարվի՝ ՀՀ-ում Ռուսաստանի ներկայության կարեւորությունն ապացուցել-հաստատելու համար: Ոչ թե այն պատճառով, որ հանկարծ հայ ժողովրդի ճակատագիրը սկսել է հուզել «քրիստոնյա ՌԴ-ին», այլ որովհետեւ մոսկովյան քարոզչամեքենան կձգտի պահպանել իր տեղը Հարավային Կովկասում, ինչը նրան որոշումների կայացման վրա ազդելու իրավունք կտա: Որոշումներ, որոնց երեքհարյուրամյա պատմությունը միայն ցուցադրում է, թե ինչու է հայ ժողովուրդը միշտ պարտվել նույնիսկ այնպիսի իրավիճակներում, երբ ռազմական փայլուն հաղթանակներ է տոնել, եւ դրանք պետք է որ իրենց արտացոլումը գտնեին ստորագրված փաստաթղթերում: Վերադարձը նախկինին, սակայն, Ռուսաստանի համար հարթ չի անցնի, որովհետեւ մեր օրերում, երբ տեղեկությունները «լույսի արագությամբ» են հասնում նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններ, դժվար կլինի, եթե ոչ անհնար, բացատրել ինչ-որ բան կամ վերադարձնել նախկին գործընկերների ու դաշնակիցների վստահությունը:
Ռուսական ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակները, սակայն, առայժմ չեն խոսում այն մասին, թե ինչ նշանակություն ունի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, եթե այդ պատերազմները, միեւնույն է, բռնկվում են, ավելին՝ հանգեցնում են Հայաստանի պարտությանը, չեն բացատրում, թե ասպարեզ նետված հորինված «Զանգեզուրի միջանցքը» որքանո՞վ էր, ելնելով հենց ռուսական իշխանական շրջանակների տրամաբանությունից, աշխատում թուրք-ադրբեջանական շահերի դեմ: Նրանք պնդում են, որ Թուրքիան ռազմական ակտիվություն կցուցաբերի Հարավային Կովկասում, ինչը բխում է ամերիկա-թուրքական հարաբերություններից, սակայն չեն նշում, թե Հայաստանի համար որքանով են ռուս-թուրքական հարաբերությունները տարբերվում դրանցից: