Գրեթե մեկ տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի բացասական հետեւանքներից եւ հումանիտար ճգնաժամից զատ՝ ամբողջ համաշխարհային տնտեսությունը նույնպես ծանր հետեւանքներ է կրում: Ռուսաստանը եւ Ուկրաինան ապրանքների հիմնական արտադրողներն ու արտահանողներն են, եւ այժմյան խոչընդոտները հանգեցրել են համաշխարհային գնաճի (սննդամթերք, նավթ, բնական գազ եւ այլն): Ուստի ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել։
Պարենային ապրանքների ծախսերն աճել են, հատկապես՝ ցորենի, քանի որ Ուկրաինային եւ Ռուսաստանին բաժին է ընկնում հացահատիկի արտահանման 30 տոկոսը։ Իրենց տնտեսությունների վրա ճնշումներ են զգում նաեւ առեւտրային, զբոսաշրջության եւ ֆինանսական ոլորտներում ազդեցություն ունեցող խոշոր երկրները: Նավթի ներմուծումից կախված տնտեսությունները կրում են ծանր հարկաբյուջետային եւ առեւտրային դեֆիցիտ, ավելի մեծ գնաճային ճնշում, թեեւ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի որոշ արտահանող երկրներ կարող են շահել նավթի բարձր գներից: Սննդի եւ վառելիքի գների կտրուկ աճը հղի է որոշ տարածաշրջաններում հասարակական անկարգություններ առաջացնելու վտանգով՝ սկսած Աֆրիկայից եւ Լատինական Ամերիկայից մինչեւ Կովկաս եւ Կենտրոնական Ասիա, մինչդեռ պարենային անապահովությունը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կզգացվի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում: Երկարաժամկետ հեռանկարում պատերազմը կարող է հիմնովին փոխել համաշխարհային տնտեսական եւ աշխարհաքաղաքական կարգը, եթե փոխվի էներգետիկ առեւտուրը, եւ երկրները վերանայեն իրենց պահուստային արժույթի պաշարները: Աճող աշխարհաքաղաքական լարվածությունն էլ ավելի է բարձրացնում տնտեսական մասնատման ռիսկերը, հատկապես՝ առեւտրի եւ տեխնոլոգիաների ոլորտներում:
Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցները խաթարում են ֆինանսական միջնորդությունն ու առեւտուրը՝ անխուսափելիորեն խոր անկում առաջացնելով։ Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է գնաճի՝ էլ ավելի նվազեցնելով ռուս բնակչության կենսամակարդակը։ Մինչեւ պատերազմը Ռուսաստանը բնական գազի ներմուծման կարեւոր աղբյուր էր Եվրոպայի համար: Սակայն Եվրոպան հրաժարվեց այլեւս բնական գազ ներմուծել Ռուսաստանից, որը, սակայն, անհետեւանք չմնաց։ Արդյունքում բնական գազի ներմուծումը ռեկորդային գնաճ սահմանեց, որին գումարվում են նաեւ հետհամաճարակային վերականգնման գործընթացները: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ Արեւելյան Եվրոպա են արտագաղթել ավելի քան 3 միլիոն ուկրաինացիներ: Դա բավական մեծ ծանրաբեռնվածություն է այդ երկրների եւ՛ տնտեսության, եւ՛ ներքին քաղաքական կարգավորումների վրա։
Ռուսաստանի տնտեսական հետընթացից եւ պատժամիջոցներից ծանր հետեւանքներ են կրում նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրները։ Առեւտրի եւ վճարային համակարգերի սերտ կապերը Մոսկվայի հետ սահմանափակում են առեւտուրը, տրանսֆերները, ներդրումները եւ զբոսաշրջությունը՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի, գնաճի եւ արտաքին ու հարկաբյուջետային հաշիվների վրա: Թեեւ ապրանք արտահանողները պետք է օգտվեն ավելի բարձր միջազգային գներից, սակայն նրանք բախվում են էներգակիրների արտահանման կրճատման վտանգի, եթե պատժամիջոցները տարածվեն Ռուսաստանի տարածքով անցնող խողովակաշարերի վրա եւս: Եգիպտոսը, օրինակ, ցորենի մոտ 80 տոկոսը ներկրում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Եվ, որպես երկու երկրների համար հայտնի զբոսաշրջային վայր, այն կրճատում է այցելուների ծախսերը: Գնաճը զսպելու քաղաքականությունը, ինչպիսին է պետական սուբսիդիաների ավելացումը, կարող է ճնշում գործադրել առանց այն էլ թույլ հարկաբյուջետային տնտեսությունների վրա: Ուստի գնաճը կարող է բարձրացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում:
Այսպիսով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետեւանքներն արդեն ցնցել են ոչ միայն այդ երկրները, այլեւ տարածաշրջանն ու աշխարհը։ Հետեւաբար, դրանք մատնանշում են գլոբալ անվտանգության եւ տարածաշրջանային պայմանավորվածությունների կարեւորությունը բուֆերային տնտեսությունների համար: Մենք ապրում ենք ավելի անկանխատեսելի աշխարհում, քան կարող էինք պատկերացնել, եւ մեզ անհրաժեշտ է հավաքական ուժ գալիք ցնցումներին դիմակայելու համար: Թեեւ պատերազմի որոշ հետեւանքներ երկար տարիներ կարող են վրիպել հասարակական ուշադրությունից, այնուամենայնիվ, արդեն կան հստակ նշաններ, որ պատերազմը եւ առաջին սպառման ապրանքների գնաճը դժվարացնում են շատ երկրների համար հավասարակշռված քաղաքականություն վարել գնաճը զսպելու, տնտեսական աջակցություն ցուցաբերելու (եւ կամ ստանալու) ու հետհամաճարակային աշխարհում դիմակայելու համար։