Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները հետընթաց են արձանագրում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը միտված բանակցություններում: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Ստոկհոլմում թուրքական դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ Ղուրանի այրումն անիմաստ է դարձնում Շվեդիայի հետ ցանկացած շփում: Անկարան ավելի չեզոք է արտահայտվում մյուս թեկնածուի՝ Ֆինլանդիայի մասին, ինչը սկանդինավյան երկու երկրների միջեւ մրցակցություն է ստեղծում:
Այն մասին, որ ստոկհոլմյան ակցիայի շուրջ իրավիճակը լուրջ խոչընդոտ է ստեղծել ՆԱՏՕ-ի ընդարձակման ճանապարհին, հայտարարել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիկը: Նրա խոսքով՝ Հելսինկիի ու Ստոկհոլմի հետ բանակցային գործընթացում «առաջընթաց չկա, ընդհակառակը, հետընթաց է արձանագրվում»: «Շվեդիան ինքն է իրեն այսպիսի վիճակի հասցրել. չի կարողացել կատարել իր խոստումներից եւ ոչ մեկը,- շեշտել է Էրդողանի կողմնակիցը:- Ֆինլանդիան ուզում է դրականորեն առանձնանալ այդ գործընթացում: Հենց այդ պատճառով նա կարող է խոսել ՆԱՏՕ-ի հետ: Ֆինլանդիան ու Շվեդիան տարբեր երկրներ են: Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան ճիշտ քայլեր կկատարի ահաբեկչության դեմ պայքարում, իհարկե, կտարբերվի Շվեդիայից»:
Իր պարբերական բրիֆինգներից մեկի ընթացքում, պատասխանելով հարցերի շարքին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրա՞ստ է սկանդինավյան երկրներին առանձին-առանձին ընդունել իր կազմում, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նկատել է, որ ի սկզբանե խոսքը հենց սինխրոն գործընթացի մասին էր: «Երկխոսությունը միշտ վերաբերել է երկու երկրների՝ Ֆինլանդիային ու Շվեդիային»,- ընդգծել է նա: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կգերադասեր, որ համապատասխան բանակցությունները շարունակվեին եռակողմ ձեւաչափով՝ Անկարայի, Ստոկհոլմի ու Հելսինկիի միջեւ: Փրայսը շեշտել է, որ նպատակներից մեկը Հյուսիսատլանտյան դաշինքն «ավելի նպատակասլաց ու ավելի համախմբված դարձնելն է, քան երբեւէ սառը պատերազմի ժամանակ»:
Միեւնույն ժամանակ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ենթադրել է, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջեւ Ղուրանի այրումը ձեռնտու է երրորդ կողմին: «Փաստը, որ կան դեմքեր, ովքեր օգուտ կքաղեն Շվեդիայի ամուր, կայացած ժողովրդավարական սկզբունքներից, ստոր, զզվելի ու դատապարտելի է,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակը:- Ես չեմ խոսի միջադեպի համատեքստում մոտիվների մասին, սակայն, ինչպես ինքներդ լսել եք մեր շվեդ գործընկերներից, անկասկած, կա անհանգստություն, որ սադրիչները, որոնք չէին ցանկանա Շվեդիային տեսնել ՆԱՏՕ-ում, մասնակից են դրան»: Այդուհանդերձ, Փրայսը հրաժարվել է մատնացույց անել սադրանքի կոնկրետ շահառուների, չնայած «Մոսկվայի ձեռքի» մասին լրագրողների ուղղորդող բազմաթիվ հարցերին:
Ենթադրությունները, որ Ստոկհոլմի եւ Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկման գործընթացը կարող է առանձին տեղի ունենալ, դեռ անցած տարվանից են հնչում։ Միեւնույն ժամանակ Անկարային ընդդիմադիր պորտալները պնդում էին, որ նրա պաշտոնյաները միտումնավոր բազմակողմ ազդանշաններ են ուղարկում սկանդինավյան երկու երկրների իրենց գործընկերներին։ Այսպես՝ Ստոկհոլմում տեղակայված «Nordic Research Monitoring» այլախոհ հարթակը նշել է, որ Թուրքիան անդամակցության յուրաքանչյուր թեկնածուի հասկացրել է, թե իր շանսերն ավելի բարձր են, քան մյուսի հնարավորությունները: Դա, հավանաբար, պետք է մրցակցային մթնոլորտ ստեղծեր՝ խթանելով հավակնորդներին՝ ավելի պատասխանատու մոտենալու Թուրքիայի առաջադրած պահանջների կատարմանը։
Միեւնույն ժամանակ Անկարայից ձայներ են լսվում հօգուտ երկրի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուն: Թուրքական «Վաթան» կուսակցության նախագահի տեղակալ Էթհեմ Սանջակը դա հնարավոր է համարում: «Իրադարձությունները մեզ ստիպում են այդպես վարվել. նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարեւանին՝ Հունաստանին: Թուրքիան ՆԱՏՕ-ից կհեռանա 5-6 ամսից: Նրանք փորձում են մեզ ներքաշել նաեւ մերձավորարեւելյան հորձանուտի մեջ: Վերջապես, դուք տեսնում եք Շվեդիայում ու Հոլանդիայում Ղուրանի դեմ ակցիաները»: Պատգամավորը նաեւ շեշտել է, որ վերջին մեկ տարում ԱՄՆ-ի նկատմամբ թուրքական պետության վստահությունը նվազել է, իսկ Ռուսաստանի նկատմամբ՝ աճել:
ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ խորհրդարանական կոալիցիայում Էրդողանի դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին: Մեկնաբանելով Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիան՝ նա վստահություն է հայտնել, որ դրա կազմակերպիչներն ավելի բարդ ծրագրեր են կազմել: «Նպատակն է աջակցել քաղաքական ու դիվանագիտական մթնոլորտի ստեղծմանը՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար»,-ընդգծել է ազգայնական առաջնորդը:
«Վաթանի» կոչը՝ դուրս գալու ՆԱՏՕ-ից, պոպուլիզմ է եւ լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում»,- ասել է թուրք քաղաքագետ Իքբալ Դյուրեն: Նա շեշտել է, որ քաղաքական շարժման դիրքորոշումը, որը միտված է Արեւմուտքից հեռանալուն, ընտրությունների նախօրեին, հասկանալի է, ավելի է ակտիվացել: Բացի այդ, այն փաստը, որ «Վաթանի» նախագահը 5-6 ամիս ժամանակ է կանխատեսում Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար, խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ից դուրս գալու կոչերը ոչ արեւմտամետ ուժերի քվեներն ապահովելու նպատակ են հետապնդում:
«Ժամանակին ՆԱՏՕ մտնելու Թուրքիայի որոշումը գիտակցված էր: Մտածել, որ այժմյան հանգամանքներում Թուրքիան կարող է դուրս գալ այնտեղից, ուղղակի աբսուրդ է: Ավելի շուտ ՌԴ-ն ՆԱՏՕ կմտնի, քան Թուրքիան դուրս կգա նրա կազմից»,-ավելացրել է Դյուրեն: Նրա կարծիքով՝ երկրում, ճիշտ է, հակաամերիկյան տրամադրությունները վերջին շրջանում աճում են, սակայն դա չի նշանակում, որ Անկարան դուրս կգա դաշինքից: Մեկ այլ խնդիր է այն, որ չնայած «Վաթանը» նախորդ ըտրություններում ընտրողների գոնե 1 տոկոսի վստահությունը չի ստացել, այդ կուսակցության ղեկավար Դոգու Փերինչեքը լուրջ կշիռ ունի Թուրքիայի քաղաքական կյանքում: Նաեւ կարծիք կա, որ Էրդողանը Ռուսաստանի ու Չինաստանի հետ ուղիղ կապի մեջ մտնելու համար է համագործակցում «Վաթանի» հետ:
Ստամբուլի Մելթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը կարծում է, որ ՆԱՏՕ-ից դուրս գալը ձեռնտու չէ Թուրքիային: Նրա խոսքով՝ Անկարան, որը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է եւ վետոյի իրավունք ունի, կգերադասի մնալ դաշինքի կազմում՝ սեփական ազգային հետաքրքրությունները պաշտպանելու համար: «Եթե Թուրքիան հեռանա, հունական Կիպրոսը կմիավորվի, եւ Կիպրոսում Թուրքիայի դրությունը կբարդանա»: Չնայած, ըստ Ունալի, Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ հակասությունները խորացել են, հատկապես՝ կապված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը եւ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, որոնք ցանկանում են Մեձավոր Արեւելքում անկախ Քուրդիստան ստեղծել, ԱՄՆ-ի աջակցության հետ: Բարդություններ է ստեղծում նաեւ կիպրոսյան հարցը:
Սակայն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը դժվար թե նպաստի այդ խնդիրներից գոնե մեկի լուծմանը: «Մնալով դաշինքում՝ Անկարան զիջումներ կստանա ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ի այլ անդամներից: Բայց դաշինքին նրա անդամակցությունը չի նշանակում, որ Անկարան պարտավոր է միշտ հետեւել Արեւմուտքի կուրսին»,- շեշտել է Ունալը՝ ավելացնելով, որ Անկարան անկախ քաղաքականություն է վարել նույնիսկ սառը պատերազմի տարիներին՝ ելնելով իր ազգային հետաքրքրություններից, եւ կշարունակի դա անել հիմա, երբ աշխարհը շարժվում է դեպի բազմաբեւեռայնություն:
ՆԱՏՕ-ից դուրս գալու պլանները հերքել է նաեւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:
Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թոգրուլ Իսմայիլը, ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններ միշտ էլ հնչել են, եւ դրա պատճառներից մեկն ԱՄՆ-ի քաղաքականությունն է։ «Եկեք իրերին իրատեսորեն նայենք: Որքանո՞վ է Թուրքիային անհրաժեշտ՝ դուրս գալ ՆԱՏՕ-ից: Անդամակցությունն առաջին հերթին պաշտպանական ծախսերի կրճատում է, ռազմական տեխնոլոգիաների ու հանդերձանքի կատարելագործում: Բացի այդ, դա պաշտպանություն է ոչ միայն արտաքին թշնամիներից, այլեւ այն ուժերից, որոնք ՆԱՏՕ-ի մաս են կազմում»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով՝ դաշինքին պատկանելությունը պաշտպանում է հարձակումներից, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս պահպանել սեփական անկախությունը։ Մեկնաբանելով հարցը, թե մինչեւ ուր կարող են հասնել ՆԱՏՕ-ի ընդլայնման բանակցությունները, Իսմայիլն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է միայն Շվեդիայի գործողություններից։