Ընտրական ռուբիկոնը հաղթահարելու համար Էրդողանը մեծացնում է ճնշումն ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ՝ արտաքին խաղացողների հետ հարաբերություններում։
Թուրքիայում հունիսի 18-ին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, ինչը հուշում է, որ երկրի ներսում ընթացող քաղաքական ու սոցիալ-տնտեսական գործընթացները դեռեւս իշխող ուժի վերահսկողության տակ են։ Այնինչ ընդդիմադիր ուժերի համար վաղաժամկետ ընտրությունները խնդրահարույց են, առաջնային բարդությունն այն է, որ վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը, որը ներառում է հանրապետական, ծայրահեղ ազգայնական, իսլամիստական եւ նեոլիբերալ շրջանակները, այդպես էլ չի որոշել միասնական թեկնածուին։ Ընդդիմադիր ուժերի միջեւ առկա հակասությունները չեն նպաստում ընդդիմադիր կողմի դիրքերի ամրապնդմանը։ Անորոշությանը գումարվում է նաեւ այն, որ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկի առաջնորդը չի կարողանում ակնհայտ առավելություն ապահովել նախագահ Էրդողանի նկատմամբ։ Ընդդիմադիրներին միավորող գործոնը, թերեւս, նախագահ Էրդողանի 20-ամյա իշխանության տապալումն է, ինչպես նաեւ խորհրդարանական համակարգի վերականգնման ցանկությունը։
Ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու մտադրության մասին Էրդողանը հայտարարել էր հունվարի 22-ին։ Ամսաթիվը փոխելու պաշտոնական հայտը Գերագույն ընտրական խորհուրդ պետք է ներկայացվի մարտի 10-ին։ Հաշվի առնելով այն, որ 2018-ից Թուրքիայում գործող նախագահական նոր համակարգի համաձայն՝ արտահերթ ընտրությունների նշանակումը պետության ղեկավարի (նաեւ՝ խորհրդարանի) իրավասության շրջանակներում է, իսկ խորհուրդն էլ Էրդողանի իրավասության ներքո է, ապա ակնհայտ է, որ դեպքերը կզարգանան այնպես, ինչպես հարմար է Թուրքիայի նախագահին։
Լեհական Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծության համաձայն՝ արտահերթ ընտրությունները թույլ կտան իշխող կոալիցիային օգտագործել ժամանակավոր տնտեսական վերականգնման դրական ազդեցությունները, ներառյալ վերջին ամիսներին օտարերկրյա կապիտալի ներհոսքը, գնաճի կարճաժամկետ անկումը եւ զանգվածային սոցիալական ծրագրերի ներդրումը: Հետեւաբար, ընտրությունների ամսաթվի փոփոխությունը կարող է խթանել նաեւ ընտրողների մասնակցությունը իշխող կոալիցիայի օգտին: Ընդդիմությունն էլ, իր հերթին, կփորձի կապիտալիզացնել հանրության հիասթափությունը, ներկայացնել իշխանության սխալներն ու մոբիլիզացնել սեփական ընտրազանգվածը: Սակայն մեկ անգամ եւս պետք է ընդգծել, որ միասնական թեկնածուի բացակայությունը բավականին բարդացնում է ընդդիմադիր դաշինքի գործը։
Էրդողանն անխոչընդոտ վերաձեւում է երկրի քաղաքական խճանկարը՝ ազատվելով իր համար առավել անհարմար ուժերից։ Մասնավորապես, Թուրքիայի Սահմանադրական դատարանը հունվարի 26-ին մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիմումը՝ կուսակցության փակման գործի վերաբերյալ որոշումն ընտրություններից հետո հետաձգելու մասով։ Կուսակցության լուծարման որոշումն ընդունված կհամարվեր, եթե դրան կողմ քվեարկեր Թուրքիայի Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների երկու երրորդը (15-ից), այնինչ որոշումն ընդունվել է միաձայն։ Որոշ փորձագիտական-վերլուծական շրջանակներ կարծում են, որ եթե անգամ ընդդիմադիր ուժերը հաղթանակ տանեն, ապա, միեւնույն է, չեն կարողանալու երկարաժամկետ մնալ իշխանության եւ նոր արտահերթ ընտրությունների առջեւ կկանգնեն։
«MetroPOLL» հետազոտական ընկերության ղեկավար Օզեր Սենջարի խոսքով՝ ընտրություններին ընդառաջ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի ուժեղացումն Էրդողանին թույլ է տալիս ամրապնդել իր ընտրազանգվածը. «Նա Թուրքիայում ստեղծում է ուժեղ առաջնորդի գաղափարը։ Եթե կարողանաս անվտանգության խնդիր առաջ քաշել, ապա մարդիկ կհավաքվեն ուժեղ առաջնորդի շուրջ»: Հնչում են կարծիքներ, որ Թուրքիայի ընտրողների մեծամասնության համար որոշիչ գործոնը այնուամենայնիվ, կմնա տնտեսությունը եւ ոչ թե արտաքին քաղաքականությունը։
Անհարմար քաղաքական կուսակցություններից ու քաղաքական գործիչներից ազատվելու եւ սեփական դիրքերն ամրապնդելու համար Էրդողանն իր պայմաններն է ձգտում պարտադրել այլ պետությունների։ Դրա վառ օրինակը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի ներկայացրած պահանջներն են։ Ցանկանալով հարվածել «անհարմար» կուսակցությունների եւ քաղաքական գործիչների դիրքերին երկրի սահմաններից դուրս՝ Էրդողանը դրանով ամրապնդում է սեփական դիրքերը ներքին լսարանի առջեւ։ Միաժամանակ ազդեցության լծակներ է ստանում ռազմական դաշինքի եւ մասնավորապես Շվեդիայի ու Ֆինլանդիայի օրակարգերի վրա ազդելու համար։ «Ռոյթերսի» տեղեկացմամբ՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պաշտոնյաները խոստովանել են, որ Թուրքիայի արձագանքն իրենց անդամակցության հայտերին եւ անվտանգության խնդիրներին ունեցել է ներքաղաքական հետեւանքներ: Ղուրանի հետ կապված միջադեպն էլ թույլ կտա գրավել իսլամամետ ընտրազանգվածին։ Ի դեպ, այդ հնարավորությունը շտապում են օգտագործել նաեւ ընդդիմադիր դաշինքի առաջնորդները՝ խոստանալով ավելի կոշտ վերաբերմունք։
Այսպիսով՝ արտաքին քաղաքականության հարցերն Էրդողանի կողմից օգտագործվում են ներքին քաղաքական շահերին ծառայեցնելու համար։ Այդ հարցում դերակատարություն ունեն թե՛ դիվանագիտական աճպարարությունները, թե՛ քաղաքական շահարկումները, թե՛ «փափուկ ուժն» ու թուրքական ակտիվ սփյուռքը։