Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

«Աշխարհի զարգացման» չինական մոդել՝ արեւմտյան «ժողովրդավարության» փոխարեն

Մայիսի 19, 2023
Միջազգային
Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
214
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մերձավոր Արեւելքում Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին՝ «աշխարհի զարգացման» իր մոդելն առաջարկելով արեւմտյան «ժողովրդավարության» փոխարեն: Այս մասին գրում է լիբանանյան «Raseef22»-ը: Բայց դրա համար Պեկինը պետք է փոխի իր ռազմավարությունը, որը հիմա ավելի շատ միտված է դեպի տնտեսական շահը, քան քաղաքական հարցերին իր մասնակցությանը:

Քանի որ անվտանգությունն ու քաղաքականությունն առավել կարեւոր են, քան տնտեսությունն ու առեւտուրը, Չինաստանը պետք է մշակի ավելի հետեւողական ռազմավարություն եւ մեծ դեր խաղա Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման գործում: Պեկինի համար, իհարկե, դժվար է անվտանգության նոր ճարտարապետություն ձեւավորել, քանի որ այս հարցում նրա տեսլականը հակասում է Պարսից ծոցի երկրների առաջնահերթություններին: ՉԺՀ-ն կողմ է Թեհրանին ընդգրկելու Մերձավոր Արեւելքի անվտանգության ու կայունության ապահովման ցանկացած նախաձեռնության մեջ, ինչը հակասում է ամերիկյան «պաշտպանական հովանոցին», որը նախատեսված է Իրանին դիմակայության համար:

Բազմակարծության, ուժերի հավասարակշռության, չմիջամտելու եւ չեզոքության սկզբունքներին նվիրվածությունը կարող է ե՛ւ հնարավորություն, ե՛ւ մարտահրավեր լինել Չինաստանի համար մերձավորարեւելյան տարածաշրջանում: Եվ դա լուրջ հարց է առաջացնում՝ արդյոք Պեկինը կշարունակի՞ հավատարիմ մնալ չմիջամտելու քաղաքականությանը։ Պրոքսի պատերազմներն սպառնում են Չինաստանի տնտեսական շահերին Մերձավոր Արեւելքում, ինչը ստիպում է նաեւ այլ հարցեր հնչեցնել՝ ի՞նչ քաղաքականություն է վարելու Պեկինը, արդյոք կշարունակի՞ խաղալ անվտանգության երաշխավորի դերը։

Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներն աստիճանաբար ավելի շատ են ներդրումներ կատարում Չինաստանի «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության մեջ: Նրանց մասնաբաժինը 2020 թ. 8 տոկոսից 2021-ին հասել է 38 տոկոսի։ Մասնավորապես՝ արաբական եւ մերձավորարեւելյան երկրները 2020 թ. համեմատ ավելացրել են ներդրումները մոտ 360 տոկոսով, իսկ մասնակցությունը շինարարությանը՝ 116 տոկոսով։ Շինարարության ծավալով առաջին տեղն զբաղեցրել է Իրաքը, որը Չինաստանից ստացել է 10.5 մլրդ դոլար։ Բաղդադը նաեւ դարձել է էներգետիկայի ոլորտում «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության երրորդ կարեւորագույն գործընկերը 2013-2021 թթ. ժամանակահատվածում:

Իրաքը բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքել Չինաստանի հետ նավթի, գազի եւ արեւային էներգետիկայի ոլորտներում: Բաղդադն ու Պեկինը համագործակցում են «Ալ Հայրաթ» ծանր նավթային էլեկտրակայանի շինարարության, «Մանսուրիա» գազային խոշոր հանքավայրի մշակման եւ 2 Գգվտ հզորությամբ արեւային էլեկտրակայանների շինարարության մեջ: 2021 թ. հայտարարվել է չորս շինարարական նախագծերի ստորագրման մասին՝ կապված ավիացիայի հետ՝ մոտ 810 մլն դոլար արժեքով: Դրանցից մեկն Իրաքում «Նասիրիա» միջազգային օդանավակայանի կառուցման մասին է:

Պեկինը պատրաստ է նաեւ մասնակցել Սիրիայի վերականգնմանը: 2022 թ. հունվարի 12-ին Չինաստանի դեսպանը եւ Սիրիայի ազգային խորհրդի ղեկավարը հուշագիր են ստորագրել «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության համատեղ առաջմղման փոխըմբռնման մասին: Իրաքը, Լիբանանը եւ Սիրիան, ինչպես նաեւ տարածաշրջանի շատ այլ երկրներ միացել են չինական հավակնոտ նախագծին՝ ելնելով աշխարհառազմավարական նկատառումներից: Այդ երկրները կապող օղակ են եւ մեկնարկային հարթակներ ցամաքում կամ ծովում՝ այլ պետությունների համար:

«Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը մեկնարկել է 2013 թ. եւ հիմնված է հնագույն «Մետաքսի ճանապարհ» նախագծի վրա: Դրա նպատակն է ուժեղացնել միջազգային հանրության փոխկապվածությունն ու փոխկախվածությունը, չնայած համաշխարհային տնտեսության մեջ ու աշխարհաքաղաքական հաշվեկշռում արմատական փոփոխություններին: Այդ նախաձեռնության շրջանակներում Պեկինը ձգտում է դուրս գալ նոր շուկաներ եւ պաշտպանել առաքումների գլոբալ շղթաները, ինչը, իր հերթին, կօգնի ապահովել Չինաստանի անխափան տնտեսական աճը եւ այդպիսով կնպաստի սոցիալական կայունությանը երկրի ներսում:

Տեղավորված լինելով երեք մայրցամաքների հատման կետում, տիրելով ածխաջրածինների հսկայական պաշարների եւ վերահսկելով միջազգային առեւտրային միջանցքները՝ մերձավորարեւելյան տարածաշրջանը հատուկ նշանակություն ունի չինական նախաձեռնության համար: Այն պոտենցիալ շուկա է ռեսուրսների եւ համաշխարհային այլ շուկաների դարպասների տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Պեկինը մեծացնում է տնտեսական, ռազմավարական ու դիվանագիտական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, որոնք նրան մատակարարում են պահանջվող նավթի 40 տոկոսը եւ հեղուկացված բնական գազի հիմնական մատակարարներն են:

«Խալիֆ» նավահանգիստը՝ ԱՄԷ-ում, «Դուկմը»՝ Օմանում, «Ջիզանը»՝ Սաուդյան Արաբիայում, «Պորտ Սաիդը»՝ Եգիպտոսում եւ «Այն Սոհնան»՝ Ջիբութիում այդ նախագծի մաս են: «Չինաստանի մեծ խաղը Մերձավոր Արեւելքում» անվանմամբ լայնածավալ հետազոտությունը, որն անցկացրել է Եվրոպական խորհուրդը, ենթադրում է, որ չինական ընկերությունները կարեւոր դեր են խաղում Իրաքի, Սիրիայի եւ Եմենի վերակառուցման ծրագրերում:

Դամասկոսի կառավարության հետ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ներառում էր նոր ծովային ու ցամաքային երթուղիների ցանցի զարգացում՝ հարեւան երկրների հետ առեւտրափոխանակությունը հեշտացնելու, ինչպես նաեւ առեւտրային գոտիներ եւ էլեկտրակայաններ ստեղծելու համար, որոնք կնպաստեն Սիրիայի վերականգնման աշխատանքներում չինական ընկերությունների մասնակցությանը եւ կօգնեն նրան հաղթահարելու արեւմտյան պատժամիջոցների հետեւանքները:

Մերձավոր Արեւելքի ու Ամերիկայի գծով մասնագետ Ռավան Ռաջուլան կարծիք է հայտնել, որ 2013 թ., երբ մեկնարկեց «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններն «արաբական գարուն» անվանված հեղափոխության մեջ էին, ինչը Պեկինին ստիպեց դառնալ Ալժիրի, Եգիպտոսի ու Մարոկկոյի տնտեսական գործընկերը: Առեւտրատնտեսական մրցակցությունը հասկացություն է, որն ավելի ճիշտ է բնութագրում Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ հարաբերությունները: Ռաջուլան շեշտել է, որ Չինաստանը չի ձգտում լինել ԱՄՆ-ի քաղաքական մրցակիցը տարածաշրջանում, բայց, անկասկած, ունի մրցակցային առավելություն Վաշինգտոնի նկատմամբ, քանի որ փոխադարձ հետաքրքրություններ կան այն երկրների հետ, որոնց հետ Ամերիկան մրցակցային հարաբերություններ չունի, այդ թվում՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի:

ԱՄՆ-ի անվճռականությունը Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում իր դաշնակիցների եւ ավանդական գործընկերների հետ հարաբերություններում, ըստ Ռաջուլայի, Չինաստանին հնարավորություն տվեց միջնորդ դառնալ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։

Չինաստանը փորձում է համագործակցել Իրաքի հետ, ինչը հեշտ չէ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Նույնը կարելի է ասել Լիբանանի եւ Հորդանանի դեպքերում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ՉԺՀ-ն այն դիտարկում է որպես Միջերկրական ծով մուտք գործելու հնարավորություն, սակայն այս հարցը կապված է տարածաշրջանային խոշոր պետությունների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Իրանը, ունակության հետ՝ վերահսկելու տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը, որպեսզի Չինաստանը կարողանա իրացնել իր տնտեսական եւ ներդրումային հետաքրքրությունները:

Ինչպես հայտնում է «Al Jazeera»-ն, Չինաստանի գլխավոր նպատակը «Մետաքսի ճանապարհն» է: Իրաքի աշխարհագրական դիրքը նվազեցնում է տրանսպորտի արժեքը: Չինական նավերը կարող էին բեռնվել «Ալ Ֆաու» նավահանգստում, իսկ հետո երկաթգծով այն տեղափոխել միջերկրածովյան երկրներ, մասնավորապես՝ Լիբանան, Սիրիա կամ Թուրքիա: Դա դրական կանդրադառնա Եվրոպա առաքվող ապրանքների, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների վրա:

Ինչպես կարծում է արեւմտյան աշխարհը, Չինաստանը պարզապես ռազմավարական, քաղաքական ու տնտեսական հետաքրքրություններ ունի Մերձավոր Արեւելքում: Չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության վերջնանպատակն արեւմտյան ազատական-ժողովրդավարական համակարգի քաղաքական, տնտեսական ու ռազմական ասպեկտների փոփոխությունն է:

Որոշ փորձագետներ վստահ են, որ Պեկինը ձգտում է ամրացնել իր գլոբալ դիրքերը: Նա ջանքեր է գործադրում յուանի ինտերնացիոնալացման համար՝ «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության անդամ երկրների հետ փոխադարձ հաշվարկների կատարման նպատակով: Չինաստանը նաեւ հանդես է գալիս որպես խոշոր խաղացող մերձավորարեւելյան տարածաշրջանում՝ ձգտելով բազմաբեւեռ աշխարհակարգի: Ավելին՝ այս տարածաշրջանն էքզիստենցիալ նշանակություն ունի Չինաստանի համար, որովհետեւ նավթի կեսից ավելին ստանում է Մերձավոր Արեւելքից եւ Իրանից:

Պեկինն արդեն անցել է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման Իրաքի ու Սիրիայի վերականգնման համար՝ այդ երկրները կապելով «Մետաքսի ճանապարհի» հետ:

Պեկինը միջնորդի դեր է ստանձնել Էր-Ռիյադ-Թեհրան հարաբերությունների կարգավորման գործում՝ իր տնտեսական հավակնություններն իրացնելու ու տարածաշրջանում ԱՄՆ-ին այլընտրանք դառնալու համար: Վաշինգտոնն անհանգստանում է, որ Չինաստանը կարող է օգտագործել Իրանի եւ Պարսից ծոցի երկրների նավահանգիստները ռազմաբազաներ ստեղծելու համար:

Տարածաշրջանի պետություններում չինական ներկայությունը, սակայն, առայժմ սահմանափակ է: Չինական շատ փորձագետներ պնդում են, որ իրենց երկիրը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, եթե ցանկանում է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքում ու այլ տարածաշրջաններում: ՉԺՀ-ի անհանգստությունն այժմ ավելի շատ տնտեսական է, քան քաղաքական կամ ռազմական, եւ այդ փաստը սերտորեն կապված է տարածաշրջանում ամերիկյան ներկայության հետ: Վաշինգտոնը Պեկինին ռազմավարական դատարկություն չի թողնում, որպեսզի վերջինս ներխուժի Մերձավոր Արեւելք, բայց չինացիները պատրաստվում են իրենց մուտքն ապահովել տնտեսության միջոցով:

Ավելացնենք, որ չինական Սիանում 2023 թ. մայիսի երկրորդ տասնօրյակի վերջին տեղի ունեցավ «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը: Պետության ղեկավարները քննարկեցին տարբեր ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների ստեղծման հարցը եւ ստորագրեցին կարեւոր քաղաքական ու տնտեսական փաստաթղթեր: Չնայած Չինաստանն իր վերահսկողությունն է սահմանում Կենտրոնական Ասիայում, ՌԴ-ն կարծես այնքան էլ անհանգստացած չէ: Ռուս փորձագետները նշում են, որ այս գագաթնաժողովը պետք է դիտարկել Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին կայացած հանդիպման համատեքստում: Նրանք ենթադրում են, որ ձեւավորվում է նոր առանցք՝ 5+2 (Կենտրոնական Ասիա՝ գումարած Չինաստան եւ Ռուսաստան)…

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանի «փափուկ ուժը»՝ մեծ քաղաքականության մեջ

Հաջորդ Հոդվածը
Հայրենի եզերքի տարեգիրը

Հայրենի եզերքի տարեգիրը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր՝ Ալէլուիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Արարատ լեռան նկարի դիմաց… հենց Արարատ լեռը

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist