Ամենատարբեր արշավախմբերի կողմից Ամարասի վանքի շրջակայքում պեղումներ կատարելու փորձեր արվել են տարբեր ժամանակներում, սակայն դրանցից եւ ոչ մեկը գիտական որեւէ հետաքրքրություն ներկայացնող նյութ ի հայտ չի բերել, ուստի հետագա «ուսումնասիրությունները» մատնվել են անհաջողության:
Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, ավարտին հասցնելով 2014 թ. համար նախատեսված պեղումների ծրագիրը, ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության ու պատմական միջավայրի պահպանության վարչություն էր դիմել Ամարասի վանքում պեղումներ իրականացնելու խնդրանքով: Ստանալով դրական պատասխան՝ հնագետներին այլ բան չէր մնում, քան արագ ձեռնամուխ լինել նպատակադրված խնդրի իրագործմանը: Ինչպես արշավախմբի ղեկավարն է խոստովանում, տեղանքում պատաս-խանատվության բարձր զգացումով, ուժերի գերլարումով են աշխատել հնագետները, հուզմունքով եւ ներշնչանքով: Չէ՞ որ հոգեւոր, պատմամշակութային անփոխարինելի արժեքներից մեկին են հաղորդակցվել, եւ յուրաքանչյուր սանտիմետր պեղելու ժամանակ բացառիկ զգուշավորություն էր պահանջվում նրանցից:
Հնագետի հավաստմամբ՝ առաջին արդյունքները գերազանցել են խմբի անդամների ակնկալիքները: Վաղ քրիստոնեական եկեղեցու խորանի տակ դամբարանի հայտնաբերումը հուշեց եկեղեցական մեկ այլ խորանի տակ գտնվող դամբարանի՝ Ամարասի Ս. Գրիգորիսի դամբարանի մասին, որն իր ընդգծված խորհրդավորությամբ միշտ էլ գայթակղել է հնագետներին: «Գոցված» դամբարանի վերաբերյալ տեղաբնակների բազմաթիվ ավան-դազրույցներն այսօր էլ ակտիվորեն շրջանառվում են ժողովրդի մեջ՝ փոխանցվելով սերն-դեսերունդ:
Ոգեւորված վանքի տարածքում կատարված պեղումների արդյունքներից՝ հնագի-տական արշավախմբի կողմից եկեղեցու արեւելյան պատի մոտ կատարված աշխատանք-ները պսակվել են հաջողությամբ: Հայ գիտնականների համար վաղուց ակնհայտ է դար-ձել, որ Ս. Գրիգորիսի դամբարանի ճարտարապետական կերպը խիստ խեղաթյուրված է: Նրա խոսքերով՝ Ամարասի վանքում նախկինում էլ պեղումներ արվել են, ընդ որում՝ ադր-բեջանցիների կողմից: Սակայն ազերի գիտնականներն առավել շահագրգռված էին պատ-մական հուշարձանն ադրբեջանականացնելու, քան գիտական որեւէ նորություն հանրու-թյանը ներկայացնելու: Ասել է թե՝ հուշարձանը նրանց համար պարզապես սիրողական մակարդակի առարկա է եղել, ինչի մասին վկայում է Հ. Պետրոսյանը: «1989 թ. ադրբեջա-նական ինչ-որ արշավախմբի կողմից, իբր, պեղումներ են իրականացվել վանքում,- ասում է նա:- Մեզ առնվազն տարօրինակ է թվում, որ նրանց աչքը ոչինչ չի տեսել: Այստեղ աշխա-տելու ժամանակ հողից հանվեց մի շիշ, որի մեջ նույն արշավախմբի կողմից այսպիսի գրություն էր թողնվել. «Պեղեցինք ու այդպես էլ ոչինչ չգտանք»: Ու մտածում ես, մի՞թե կա-րելի է այդքան թերահավատ լինել ու զավեշտական ենթադրություն անել: Ըստ երեւույթին՝ նրանց ձեռնտու չի եղել հայկական որեւէ հետք տեսնել ճարտարապետական այս հզոր կառույցում, եւ, հասկանալի պատճառով, խուսափել են շարունակել որոնումները»:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարի խոսքերով՝ պեղումների արդյունքում հա-ջողվել է հայտնաբերել մատուռի արեւելյան հատվածի համարյա ողջ կառուցվածքը: Հատկանշական է, որ Ս. Գրիգորիսի դամբարանի նորահայտ մասը եկեղեցու ժամանակա-կից բակից ավելի քան 2.5 մետր ցածր մակարդակի վրա է, ինչը, Հ. Պետրոսյանի համոզ-մամբ, նշանակում է, որ դարեր առաջ սրբավայրն ավելի ցածր տեղադրություն է ունեցել, եւ հետագա կառուցապատումները, այդ թվում եւ ներկա եկեղեցին կառուցվել են հենց դրանց վրա: Մատուռն ավելի ընդարձակ է եղել՝ արեւելքից արեւմուտք ձգված, սակայն 9-րդ դարում, երբ կառուցվում էր ժամանակակից եկեղեցին, խորանի տակ առնվեց մատուռի միայն մի մասը: Եվ հնագետը կարծում է, որ «շինարարները ստիպված են եղել կիսել կա-ռույցը, որովհետեւ հնարավոր չէր այն ամբողջապես ներառել բեմի տակ, քանի որ դա կխախտեր եկեղեցու ծավալաճարտարապետական լուծումը»:
Պեղումներից հետո, երբ արդեն բացվել է Ս. Գրիգորիսի մատուռի արեւելյան մասը, բնականաբար, հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Դեռեւս լիովին բացահայտված չեն բոլոր մատուռները, որ արեւելյան մուտք են ունեցել, մինչդեռ Ս. Գրի-գորիսի դամբարան-մատուռն ունի: Հաջորդ առեղծվածը կապված է մատուռի արեւելյան մուտքի առջեւ լայնորեն բացված սալահատակի հետ: Հ. Պետրոսյանը գտնում է, որ «նույ-նիսկ վաղ քրիստոնեական ամենաշքեղ տաճարներն այդպիսի սալահատակ չունեին»: Նման նյութը խորհելու առիթ է տալիս: Հնագետը համոզված է, որ դեպի արեւելք պեղելու դեպքում հնարավոր է ուրիշ կառույցներ էլ գտնել: Ուստի ավելի է հավանական դառնում այն հիմնավորումը, թե Ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը կառուցապատման եւ ծիսա-կան արարողությունների մի բաղկացուցիչ մասն է եղել:
Հատկանշական է, որ Ամարասի եկեղեցու խորանի տակ գտնվող տապանաքարը տե-ղադրվել է 19-րդ դարում, իսկ կմախքի առաջին ուսումնասիրությունները կատարել է Տիգ-րանակերտի արշավախմբի մարդաբան Պոլ Բեյլին: «Ավանդույթի համաձայն՝ խոսքն այս-տեղ 25 տարեկանից բարձր չափահաս մարդու ոսկորների մասին է,- ասում է Համլետ Պետրոսյանը:- Իսկ դրանք թե որքանով կարող են առնչվել 5-րդ դարի իրողությունների հետ, անհրաժեշտ է այդ ուղղությամբ շարունակել ուսումնասիրությունները»: