Կան արվեստագետներ, որոնց հեռանալով կյանքի գույներից մի երանգ է պակասում, պակասում է լուսեղեն մի շող, եւ նրանց տեղը մնում է թափուր: Եվ դա վկայում է հեռացողի սիրված, ընդունված, ժողովրդական ջերմ ու անկաշառ վերաբերմունք վաստակած լինելու մասին: Ասել է, թե նմանների կորուստը կորու՜ստ է հիրավի, թանկ ու անփարատելի կորուստ…
Այդպիսի արժանավորներից էր ընդամենը 44 գարուն վայելած երգիչ, երաժիշտ, հեղինակ-կատարող ու կոմպոզիտոր Հայկոն՝ Հայկ Հակոբյանը, որին բժիշկների գործադրած հնարավոր ու անհնարին թվացող ջանքերը անզոր եղան փրկելու կորոնավիրուս կոչված հրեշի երախից: Երգչի վաղաժամ վախճանը ցավագին ապրումներով լցրեց բազմահազար սրտեր, շատերը չեն էլ ուզում հավատալ կատարվածին: Բայց եղածն արդեն եղել է: Ծանր այս կորստին առավել խոր կսկիծով արձագանքեցին բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ եղել էին նրա կողքին, ովքեր բեմ էին բարձրացել երգչի հետ, ովքեր խորհուրդ առել ու զգացել էին նրա օգնության պատրաստ ձեռքի ջերմությունն ու քաջալերող վերաբերմունքը: Անկեղծ ու սրտառուչ է նրանցից շատերի արցունքոտ խոսքը, մանավանդ՝ արվեստակից ընկերների: Մորմոքի ու նաեւ գնահատանքի խոսքեր, խոսքեր, որոնցով ավելի է լուսավորվում երգչի մտերմիկ կերպարը:
«Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ… Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց,- գրառել է դերասանուհի, հայտնի հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանը:- Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով: Մաքրամաքուր գնաց… Իր խղճի ու տեսակի առաջ մաքուր: Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր հնչյունով: Մենք աղքատացանք, իսկ ինքը ուղղակի գնաց վերեւ: Սիրո ճամփով՝ դեպի վերեւ…»: Հանրաճանաչ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը իր էջում սիրելի ընկերոջ նկարն է հրապարակել՝ գրությամբ. «Հոկտեմբերին պայմանավորվել էինք հանդիպել… Շա՛տ ծանր է հավատալ, Հայկո ջան… »: Մեկ այլ երգչուհի՝ Արծվիկ Հարությունյանը, համոզված էր, որ պիտի ապաքինվի. «Ցավոք, նա մահացավ… Աներեւակայելի տաղանդավոր երգահան: Շնորհակալություն երաժշտության ու ինձ աջակցելու համար…»: «Հավատում էինք, որ… հրաշք կլինի, որ բժիշկները կփրկեն Հայկոյի կյանքը…»,- դառնացած նշել է Նունե Եսայանը: Իսկ երգիչ Արամեն հիշում, վերհիշում է Հայկոյի հետ իր առաջին հանդիպումը. «Հայաստան գալուն պես ծանոթացա քեզ հետ, եւ դու ամեն ինչ արեցիր, որպեսզի ես սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ… Ես դա երբեք չեմ մոռանա…»:
Ուշագրավ գրառում է արել մոսկվաբնակ ճանաչված երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան՝ հրապարակելով Հայկոյի կատարումներից մեկն ու պատմելով նրա մասին. «Նա Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկն է, տաղանդավոր երգահան, շնորհալի երգիչ, հմայիչ, բարի, խարիզմատիկ, լավ մարդ: Հենց նա է առաջին անգամ ինձ ծանոթացրել հայկական էստրադայի հետ: Դա հիանալի լրացում դարձավ Հայաստանի՝ այդ շնորհալի, երաժշտական, բանաստեղծական ժողովրդի հանդեպ իմ անսահման սիրո համար: Այսօր Հայկոն մահացավ: Սա մեծ դժբախտություն է բոլորի համար, ովքեր ճանաչում էին նրան եւ սիրում: Մեծ կորուստ է Հայաստանի համար…»:
Գրառում է կատարել նաեւ երգչի մտերիմ ընկերը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ մահվանից օրեր առաջ էր այցելել հիվանդանոց՝ Հայկին տեսության. «Ընկերս՝ Հայկս գնաց… Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա…»:
Ասենք, որ սիրված երգիչը մասնակցելով հնչեղ ամենատարբեր փառատոների, մշտապես արժանացել է հաղթողի կոչման՝ լինեին այդ փառատոները Մոսկվայում, Նյու Յորքում թե մայր հայրենիքում: Նա նաեւ տիտղոսակիր է «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն տեսասկավառակ», «Տասնամյակի լավագույն երգիչ» մրցանակների: Վաստակած մրցանակներ, որոնք կարող էին ավելանալ, եթե…
2007 թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում 8-րդ տեղ գրաված երգիչ-երաժիշտն առավել քան սիրվեց, գնահատվեց ու հայտնի դարձավ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար՝ արժանանալով «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակի: «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» կինոնկարներում նույնպես հնչում է երիտասարդ կոմպոզիտորի հոգեպարար երաժշտությունը:
Ավաղ, ժամանակից շուտ լռեց տաղանդավոր երգչի ձայնը, եւ որքա՛ն անելիքներ մնացին կիսատ: Նրա երգերն այսուհետ կհնչեն որպես աղոթք: Եվ նրա ձայնը կմնա մեր ժամանակների աղմկոտ տիրույթներում…
Երկնային արքայություն քեզ, սիրելի Հայկո, ՍԻՐՎԱԾ ԵՐԳԻՉ: